Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

1. Փոխադարձ հավատ ու վստահություն ձևավորելու և արդյունավետ իրականացումը խթանելու նպատակով սույնով սահմանվում է գործողության և աջակցության թափանցիկության ընդլայնված շրջանակ` ներքին ճկունությամբ, որը հաշվի է առնում Կողմերի տարբեր կարողությունները և հենվում է հավաքական փորձի վրա:

2. Թափանցիկության շրջանակը սույն հոդվածի դրույթների իրականացման ճկունություն կապահովի զարգացող երկիր հանդիսացող այն Կողմերի համար, որոնք դրա կարիքն ունեն` ելնելով իրենց կարողություններից: Սույն հոդվածի 13-րդ պարբերության մեջ նշված մեթոդները, ընթացակարգերն ու ուղեցույցները կարտացոլեն այդ ճկունությունը:

3. Թափանցիկության շրջանակը հիմնված կլինի Կոնվենցիայի ներքո թափանցիկության վերաբերյալ կարգավորումների վրա և կընդլայնի դրանք` հաշվի առնելով առավել թույլ զարգացած երկրների և զարգացող փոքր կղզի-պետությունների առանձնահատուկ պայմանները, և կիրականացվի օժանդակող, չմիջամտող և ոչ պատժիչ եղանակով` հարգելով ազգային ինքնիշխանությունը և խուսափելով Կողմերի վրա անհարկի բեռ դնելուց:

4. Կոնվենցիայի ներքո թափանցիկության վերաբերյալ կարգավորումները, ներառյալ ազգային տեղեկատվությունները, երկամյա զեկույցները և երկամյա թարմացվող զեկույցները, միջազգային գնահատումն ու ուսումնասիրությունը և միջազգային խորհրդատվությունն ու վերլուծությունը, կկազմեն սույն հոդվածի 13-րդ պարբերության մեջ նշված մեթոդների, ընթացակարգերի և ուղեցույցների մշակման համար ձեռք բերված փորձի մի մասը:

5. Գործողությունների թափանցիկության շրջանակի նպատակն է հստակ պատկերացում տալ կլիմայի փոփոխությանն արձագանքման գործողությունների վերաբերյալ` Կոնվենցիայի 2-րդ հոդվածում սահմանված Կոնվենցիայի նպատակի լույսի ներքո, ներառյալ 4-րդ հոդվածի շրջանակում Կողմերի` ազգային մակարդակում սահմանված անհատական գործողությունների հստակությունը և դրանց իրականացման առաջընթացին հետևելը, և 7-րդ հոդվածի շրջանակում Կողմերի` հարմարվողականության գործողությունները, ներառյալ լավագույն գործելակերպը, առաջնահերթությունները, կարիքներն ու բացերը, 14-րդ հոդվածի համաձայն գլոբալ ուսումնասիրության համար տեղեկություններ տրամադրելու նպատակով:

6. Աջակցության թափանցիկության շրջանակի նպատակն է հստակություն ապահովել համապատասխան առանձին Կողմերի տրամադրած և նրանց կողմից ստացված աջակցության վերաբերյալ 4-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածների ներքո կլիմայի փոփոխությանն արձագանքման գործողությունների համատեքստում և, հնարավորության սահմաններում, ներկայացնել տրամադրված ընդհանուր ֆինանսական աջակցության ամբողջական նկարագրությունը` 14-րդ հոդվածի համաձայն գլոբալ ուսումնասիրության համար տեղեկություններ տրամադրելու նպատակով:

7. Յուրաքանչյուր Կողմ կանոնավոր կերպով կտրամադրի հետևյալ տեղեկությունները.

ա) ջերմոցային գազերի աղբյուրներից մարդածին արտանետումների և կլանիչների միջոցով դրանց հեռացման մասին ազգային կադաստրի զեկույց, որը պետք է կազմվի` օգտագործելով Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի կողմից ընդունված լավագույն գործելակերպերի մեթոդաբանությունը, որը համաձայնեցվել է որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի համաժողովին, և

բ) տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են 4-րդ հոդվածի ներքո ազգային մակարդակում սահմանված իր գործողությունների կատարման և դրանց իրագործման ուղղությամբ գրանցված առաջընթացին հետևելու համար:

8. Յուրաքանչյուր Կողմ, ըստ անհրաժեշտության, տեղեկություններ կտրամադրի նաև 7-րդ հոդվածի ներքո կլիմայի փոփոխության ազդեցությունների և հարմարվողականության վերաբերյալ:

9. Զարգացած երկիր հանդիսացող Կողմերը տեղեկություններ կտրամադրեն 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածների ներքո զարգացող երկիր հանդիսացող Կողմերին ցուցաբերած ֆինանսական, տեխնոլոգիաների փոխանցման և կարողությունների զարգացման աջակցության վերաբերյալ, իսկ աջակցություն ցուցաբերող մյուս Կողմերի պարագայում նման տեղեկատվության տրամադրումը ցանկալի է:

10. Զարգացող երկիր հանդիսացող Կողմերը տեղեկություններ կտրամադրեն 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածների ներքո պահանջվող և ստացված ֆինանսական, տեխնոլոգիաների փոխանցման և կարողությունների զարգացման աջակցության վերաբերյալ:

11. Սույն հոդվածի 7-րդ և 9-րդ պարբերությունների ներքո յուրաքանչյուր Կողմի ներկայացրած տեղեկությունները կուսումնասիրվեն տեխնիկական փորձագետների կողմից` 1/CP.21 որոշմանը համապատասխան: Զարգացող երկիր հանդիսացող Կողմերի դեպքում, որոնց համար նման ուսումնասիրությունն անհրաժեշտ է` ելնելով վերջիններիս կարողություններից, այս գործընթացը կներառի օժանդակություն` կարողությունների զարգացման անհրաժեշտությունը բացահայտելու համար: Ի հավելումն` յուրաքանչյուր Կողմ կմասնակցի առաջընթացի օժանդակ, բազմակողմ քննարկման` 9-րդ հոդվածի ներքո ձեռնարկվող ջանքերի և ազգային մակարդակում սահմանված իր գործողությունների իրականացման և դրանց ձեռքբերումների վերաբերյալ:

12. Սույն պարբերության ներքո տեխնիկական փորձագիտական ուսումնասիրությունը բաղկացած կլինի տվյալ Կողմի տրամադրած աջակցության և, ըստ անհրաժեշտության, ազգային մակարդակում սահմանված իր գործողությունների իրականացման և ձեռքբերումների ուսումնասիրությունից: Ուսումնասիրության մեջ տվյալ Կողմի համար կնշվեն նաև բարելավման ենթակա ոլորտները և կներառի սույն հոդվածի 13-րդ պարբերության մեջ նշված մեթոդների, ընթացակարգերի և ուղեցույցների հետ տեղեկությունների համապատասխանության ուսումնասիրությունը` հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ պարբերության ներքո տվյալ Կողմին թույլատրվող ճկունությունը: Ուսումնասիրության ընթացքում հատուկ ուշադրություն կդարձվի զարգացող երկիր հանդիսացող Կողմերի ազգային համապատասխան կարողություններին և պայմաններին:

13. Որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովը, հենվելով Կոնվենցիայի ներքո թափանցիկությանն առնչվող կարգավորումներից ստացված փորձի վրա և մանրամասնելով սույն հոդվածի դրույթները, իր առաջին նիստում, ըստ նպատակահարմարության, կընդունի ընդհանուր մեթոդներ, ընթացակարգեր և ուղեցույցներ` գործողությունների և աջակցության թափանցիկության համար:

14. Սույն հոդվածն իրականացնելու համար զարգացող երկրներին կտրամադրվի աջակցություն:

15. Շարունակականության հիմունքներով աջակցություն կտրամադրվի նաև զարգացող երկիր հանդիսացող Կողմերին` թափանցիկությանն առնչվող կարողությունների զարգացման համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։