Հոդված 10
Հոդված 10
1. Կողմերը տեխնոլոգիաների զարգացումն ու փոխանցումը լիովին իրականացնելու կարևորության վերաբերյալ ունեն երկարաժամկետ տեսլական` կլիմայի փոփոխության նկատմամբ դիմացկունությունը բարելավելու և ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու նպատակով:
2. Կողմերը, հաշվի առնելով տեխնոլոգիաների կարևորությունը սույն Համաձայնագրի շրջանակում հետևանքների մեղմացման ու հարմարվողականության գործողությունների իրականացման համար և ընդունելով տեխնոլոգիաների ներդրման ու տարածման առկա ջանքերը, կամրապնդեն տեխնոլոգիաների մշակման և փոխանցման շուրջ համագործակցային գործողությունները:
3. Կոնվենցիայի ներքո ստեղծված Տեխնոլոգիաների մեխանիզմը կծառայի սույն Համաձայնագրին:
4. Սույնով սահմանվում է տեխնոլոգիաների շրջանակ` տեխնոլոգիաների մշակման ու փոխանցման խթանիչ գործողություններ առաջ քաշելու և դյուրացնելու գործում Տեխնոլոգիաների մեխանիզմի աշխատանքի համընդգրկուն ուղղորդումն ապահովելու համար, սույն Համաձայնագրի իրականացմանն աջակցելու նպատակով` հետամուտ լինելով սույն հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված երկարաժամկետ տեսլականին:
5. Նորարարությունների խթանումը, խրախուսումն ու հնարավոր դարձնելը վճռորոշ նշանակություն ունեն կլիմայի փոփոխությանն արդյունավետ, երկարաժամկետ գլոբալ արձագանք տալու և տնտեսական աճն ու կայուն զարգացումը խթանելու համար: Այդ ջանքերը, ըստ նպատակահարմարության, օժանդակություն կստանան, ներառյալ` աջակցությունը Տեխնոլոգիաների մեխանիզմից և ֆինանսական աջակցությունը` Կոնվենցիայի Ֆինանսական մեխանիզմից` հետազոտությունների և զարգացման նկատմամբ համագործակցային մոտեցումներ որդեգրելու և զարգացող երկիր հանդիսացող Կողմերի համար տեխնոլոգիաների հասանելիությունը դյուրացնելու համար, մասնավորապես` տեխնոլոգիական ցիկլի վաղ փուլերում:
6. Զարգացող երկիր հանդիսացող Կողմերին սույն հոդվածի դրույթների իրականացման նպատակով կտրամադրվի աջակցություն, ներառյալ` ֆինանսական աջակցությունը, ի թիվս այլնի` տեխնոլոգիական ցիկլի տարբեր փուլերում տեխնոլոգիաների մշակման և փոխանցման համագործակցային գործողություններն ամրապնդելու համար` նպատակ ունենալով հասնելու հավասարակշռության հետևանքների մեղմացման և հարմարվողականության համար ցուցաբերվող աջակցության միջև: 14-րդ հոդվածում նշված գլոբալ ուսումնասիրությունը հաշվի կառնի տեխնոլոգիաների մշակման և փոխանցման առնչությամբ զարգացող երկիր հանդիսացող Կողմերին ցուցաբերվող աջակցության ջանքերի վերաբերյալ առկա տեղեկությունները: