Հոդված 6
Հոդված 6
1. Կողմերը գիտակցում են, որ ազգային մակարդակում սահմանված իրենց գործողություններն իրականացնելիս որոշ Կողմեր կնախընտրեն կամավոր համագործակցել, որպեսզի ավելի հավակնոտ նպատակներ սահմանեն հետևանքների մեղմացման և հարմարվողականությանն ուղղված իրենց գործողությունների համար և ապահովեն կայուն զարգացումն ու շրջակա միջավայրի ամբողջականությունը:
2. Կողմերը, կամավոր հիմունքներով համագործակցային մոտեցումներ որդեգրելիս, որոնք ներառում են մեղմացման` միջազգային մակարդակում փոխանցված արդյունքների օգտագործումը ազգային մակարդակում սահմանված գործողություններում, կխթանեն կայուն զարգացումը և կապահովեն շրջակա միջավայրի ամբողջականությունը և գործողությունների թափանցիկությունը, այդ թվում` կառավարման ոլորտում, և կկիրառեն հաշվետվությունների ողջամիտ համակարգ` ապահովելու համար, ի թիվս այլնի, կրկնակի հաշվառումից խուսափելը` որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովում ընդունված ցուցումներին համապատասխան:
3. Սույն Համաձայնագրի ներքո ազգային մակարդակում սահմանված գործողությունների նպատակներին հասնելու համար մեղմացման` միջազգային մակարդակում փոխանցված արդյունքների օգտագործումը պետք է լինի կամավոր և լիազորվի մասնակից Կողմերի կողմից:
4. Սույնով ստեղծվում է ջերմոցային գազերի արտանետումների մեղմացմանը նպաստելու և կայուն զարգացմանն աջակցելու մեխանիզմ` կամավոր հիմունքներով Կողմերի օգտագործման համար, որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովի իրավասության և ղեկավարության ներքո: Այն կվերահսկվի որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովի նշանակած մարմնի կողմից` նպատակ ունենալով.
ա) նպաստելու ջերմոցային գազերի արտանետումների մեղմացմանը` միևնույն ժամանակ խթանելով կայուն զարգացումը,
բ) խթանելու և դյուրացնելու ջերմոցային գազերի արտանետումների մեղմացման գործում որևէ Կողմի լիազորած` հանրային և մասնավոր սուբյեկտների մասնակցությունը,
գ) նպաստելու արտանետումների մակարդակի կրճատմանը հյուրընկալող Կողմի երկրում, որը կօգտվի արտանետումների կրճատման հանգեցնող մեղմացման գործողություններից, ինչը կարող է օգտագործել նաև որևէ այլ Կողմ` ազգային մակարդակում սահմանված իր գործողություններն իրականացնելու նպատակով, և
դ) ապահովելու համաշխարհային արտանետումների համընդհանուր մեղմացումը:
5. Սույն հոդվածի 4-րդ պարբերության մեջ նշված մեխանիզմի շնորհիվ գրանցված արտանետումների կրճատումները չպետք է օգտագործվեն որպես հյուրընկալող Կողմի ազգային մակարդակում սահմանված գործողությունների ձեռքբերում, եթե դրանք օգտագործում է մեկ այլ Կողմ` ազգային մակարդակում սահմանված իր գործողության ձեռքբերումները ցույց տալու համար:
6. Կողմերի Համաժողովը, որը ծառայում է որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով, կապահովի, որ սույն հոդվածի 4-րդ պարբերության մեջ նշված մեխանիզմի ներքո իրականացվող գործողություններից ստացված հասույթի մի մասը օգտագործվի վարչական ծախսերը հոգալու համար, ինչպես նաև զարգացող երկրներ հանդիսացող այն Կողմերին օժանդակելու համար, որոնք առանձնապես խոցելի են կլիմայի փոփոխության անբարենպաստ հետևանքներից, հարմարվողականության ծախսերը հոգալու նպատակով:
7. Կողմերի Համաժողովը, որը ծառայում է որպես սույն Համաձայնագրի կողմերի խորհրդաժողով, իր առաջին նիստում կանոններ, մեթոդներ և ընթացակարգեր կընդունի սույն հոդվածի 4-րդ պարբերության մեջ նշված մեխանիզմի համար:
8. Կողմերը գիտակցում են Կողմերին հասանելի` միասնական, ամբողջական և հավասարակշռված ոչ շուկայական մոտեցումների կարևորությունը` ազգային մակարդակում սահմանված իրենց գործողությունների իրականացմանն օժանդակելու համար, որոնք համակարգված և արդյունավետ կերպով կկիրառվեն կայուն զարգացման և աղքատության վերացման համատեքստում` ներառելով, ի թիվս այլնի, ըստ անհրաժեշտության, հետևանքների մեղմացումը, հարմարվողականությունը, ֆինանսավորումը, տեխնոլոգիաների փոխանցումն ու կարողությունների զարգացումը: Այս մոտեցումները նպատակ ունեն.
ա) խթանելու հետևանքների մեղմացման և հարմարվողականության նպատակները,
բ) ավելացնելու հանրային և մասնավոր հատվածների մասնակցությունը ազգային մակարդակում սահմանված գործողությունների իրականացմանը և
գ) ստեղծելու հնարավորություններ փաստաթղթերի և համապատասխան ինստիտուցիոնալ կարգավորումների համակարգման համար:
Սույնով սահմանվում է կայուն զարգացման նկատմամբ ոչ շուկայական մոտեցումների շրջանակ` սույն հոդվածի 8-րդ պարբերության մեջ նշված ոչ շուկայական մոտեցումները խթանելու նպատակով: