Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

1. Սույնով Կողմերը սահմանում են հարմարվելու կարողության բարելավմանը, դիմակայունության ամրապնդմանը և կլիմայի փոփոխությունից խոցելիության նվազեցմանը միտված հարմարվողականության գլոբալ նպատակ` նպաստելու համար կայուն զարգացմանը և ապահովելու համար հարմարվողականության համապատասխան մակարդակ 2-րդ հոդվածում նշված ջերմաստիճանային թիրախի համատեքստում:

2. Կողմերը գիտակցում են, որ հարմարվողականությունը գլոբալ մարտահրավեր է, որին բախվում են բոլորը տեղական, ենթազգային, ազգային, տարածաշրջանային և միջազգային հարթություններում, և այն հանդիսանում է կլիմայի փոփոխությանը երկարաժամկետ գլոբալ արձագանքման առանցքային բաղադրիչը և նպաստում է դրան` պաշտպանելով մարդկանց, կենսամիջոցներն ու էկոհամակարգերը և հաշվի առնելով այն զարգացող երկիր հանդիսացող Կողմերի հրատապ և անմիջական կարիքները, որոնք առանձնապես խոցելի են կլիմայի փոփոխության անբարենպաստ հետևանքներից:

3. Զարգացող երկիր հանդիսացող Կողմերի հարմարվողականության ջանքերը կգնահատվեն որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովի առաջին նիստին ընդունվելիք մեթոդներով:

4. Կողմերը գիտակցում են, որ հարմարվողականության մեծ անհրաժեշտություն կա, և մեղմացման ավելի բարձր մակարդակը կարող է նվազեցնել հարմարվողականության հավելյալ ջանքերի անհրաժեշտությունը, իսկ հարմարվողականության ավելի մեծ անհրաժեշտությունը կարող է ենթադրել հարմարվողականության ավելի մեծ ծախսեր:

5. Կողմերն ընդունում են, որ հարմարվողականության միջոցառումները պետք է իրականացվեն պետության նախաձեռնությամբ, գենդերային հավասարության, մասնակցային և լիակատար թափանցիկ մոտեցման հիման վրա` հաշվի առնելով խոցելի խմբերը, համայնքներն ու էկոհամակարգերը, և պետք է հիմնված լինեն առկա առաջադեմ գիտելիքների և, ըստ նպատակահարմարության, ավանդական գիտելիքների, բնիկ ժողովուրդների գիտելիքների ու գիտելիքների տեղական համակարգերի վրա, և առաջնորդվեն դրանցով` նպատակ ունենալով հարմարվողականությունը ներառել համապատասխան սոցիալ-տնտեսական և բնապահպանական քաղաքականության և գործողությունների շրջանակում` ըստ նպատակահարմարության:

6. Կողմերը գիտակցում են հարմարվողականության ջանքերին աջակցության և դրանց շուրջ միջազգային համագործակցության կարևորությունը, ինչպես նաև զարգացող երկիր հանդիսացող Կողմերի կարիքները հաշվի առնելու կարևորությունը հատկապես այն երկրների պարագայում, որոնք հատկապես խոցելի են կլիմայի փոփոխության անբարենպաստ հետևանքներից:

7. Կողմերը կամրապնդեն հարմարվողականության գործողությունների բարելավմանն ուղղված համագործակցությունը` հաշվի առնելով «Կանկունի հարմարվողականության շրջանակը», ներառյալ.

ա) տեղեկությունների, լավագույն գործելակերպի, փորձի և քաղած դասերի փոխանակումը, այդ թվում, ըստ նպատակահարմարության, այնպիսի փոխանակումներ, որոնք առնչվում են հարմարվողականության գործողություններին վերաբերող գիտելիքներին, պլանավորմանը, քաղաքականությանն ու իրականացմանը,

բ) ինստիտուցիոնալ կարգավորումների ամրապնդումը, ներառելով Կոնվենցիայի ներքո այն կարգավորումները, որոնք վերաբերում են սույն Համաձայնագրին, աջակցելու համար համապատասխան տեղեկությունների ու գիտելիքների համակարգմանը և Կողմերին ուղղորդման ու տեխնիկական օժանդակության տրամադրմանը,

գ) կլիմայի վերաբերյալ գիտական գիտելիքների, այդ թվում` կլիմայական համակարգի հետազոտությունների ու պարբերական դիտարկումների և վաղ նախազգուշացման համակարգերի ամրապնդումը` կլիմայի հետ առնչվող ծառայություններին տեղեկություններ տրամադրելու և որոշումների կայացմանն աջակցելու նպատակով,

դ) օժանդակություն զարգացող երկիր հանդիսացող Կողմերին` սահմանելու համար հարմարվողականության արդյունավետ գործելակերպը, հարմարվողականության կարիքները, առաջնահերթությունները, հարմարվողականությանն ուղղված գործողությունների ու ջանքերի համար տրամադրված և ստացված աջակցությունը, ինչպես նաև մարտահրավերներն ու բացերը` լավագույն գործելակերպի խրախուսման եղանակով, և

ե) հարմարվողականությանն ուղղված գործողությունների արդյունավետության և տևականության բարելավումը:

8. Խրախուսվում է, որպեսզի Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված կազմակերպություններն ու գործակալությունները սատարեն Կողմերի ջանքերը` սույն հոդվածի 7-րդ պարբերության մեջ նշված գործողություններն իրականացնելու համար, հաշվի առնելով սույն հոդվածի 5-րդ պարբերության դրույթները:

9. Յուրաքանչյուր Կողմ, ըստ նպատակահարմարության, կներգրավվի հարմարվողականության պլանավորման գործընթացներում և գործողությունների իրականացման գործում, ներառյալ համապատասխան պլանների, քաղաքականության և /կամ գործողությունների մշակումը կամ բարելավումը, որոնք կարող են ներառել.

ա) հարմարվողականության գործողությունների, նախաձեռնությունների և/կամ ջանքերի իրականացումը,

բ) հարմարվողականության ազգային պլանների ձևակերպման և իրականացման գործընթացը,

գ) կլիմայի փոփոխության ազդեցությունների և խոցելիության գնահատումը` նպատակ ունենալով ազգային մակարդակում ձևակերպելու որպես առաջնահերթություն սահմանված գործողությունները` հաշվի առնելով խոցելի մարդկանց, վայրերն ու էկոհամակարգերը,

դ) հարմարվողականության պլանների, քաղաքականության, ծրագրերի ու գործողությունների մշտադիտարկումը, գնահատումը և դրանցից դասեր քաղելը և

ե) սոցիալ-տնտեսական և էկոլոգիական համակարգերի դիմակայունության ամրապնդումը, այդ թվում` տնտեսության դիվերսիֆիկացման և բնական պաշարների կայուն կառավարման միջոցով:

10. Յուրաքանչյուր Կողմ, ըստ նպատակահարմարության, կներկայացնի և պարբերաբար կթարմացնի հարմարվողականության վերաբերյալ տեղեկատվությունը, որը կարող է ներառել Կողմի առաջնահերթությունները, իրականացման և աջակցության կարիքները, պլաններն ու գործողությունները` առանց զարգացող երկիր հանդիսացող Կողմերի համար հավելյալ բեռ ստեղծելու:

11. Սույն հոդվածի 10-րդ պարբերության մեջ նշված հարմարվողականության վերաբերյալ տեղեկատվությունը, ըստ նպատակահարմարության, կներկայացվի և պարբերաբար կթարմացվի` որպես այլ տեղեկատվությունների կամ փաստաթղթերի բաղադրիչ կամ դրանց կցված փաստաթուղթ, ներառյալ հարմարվողականության ազգային պլանը, 4-րդ հոդվածի 2-րդ պարբերության մեջ նշված ազգային մակարդակում սահմանված գործողությունը և/կամ ազգային տեղեկատվությունը:

12. Սույն հոդվածի 10-րդ պարբերության մեջ նշված հարմարվողականության վերաբերյալ տեղեկատվությունները կգրանցվեն քարտուղարության կողմից վարվող հրապարակային գրանցամատյանում:

13. Զարգացող երկիր հանդիսացող Կողմերին կտրամադրվի շարունակական և ընդլայնված միջազգային աջակցություն սույն հոդվածի 7-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ պարբերությունների իրականացման համար` 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածների դրույթներին համապատասխան:

14. 14-րդ հոդվածում նշված գլոբալ ուսումնասիրությունը, ի թիվս այլնի.

ա) կգնահատի զարգացող երկիր հանդիսացող Կողմերի հարմարվողականության ջանքերը,

բ) կխթանի հարմարվողականության գործողությունների իրականացումը` հաշվի առնելով սույն հոդվածի 10-րդ պարբերության մեջ նշված հարմարվողականության վերաբերյալ տեղեկատվությունը,

գ) կուսումնասիրի հարմարվողականության և դրա համար տրամադրվող աջակցության նպատակահարմարությունն ու արդյունավետությունը և

դ) կուսումնասիրի սույն հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված հարմարվողականության գլոբալ նպատակին հասնելու համար գրանցված ընդհանուր առաջընթացը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։