Հոդված 8
Հոդված 8
1. Կողմերը գիտակցում են կլիմայի փոփոխության անբարենպաստ հետևանքների, ներառյալ եղանակային էքստրեմալ պայմանների և դանդաղ ընթացող երևույթների հետ կապված կորուստներն ու վնասները կանխելու, նվազեցնելու և դրանք հաղթահարելու կարևորությունը և կայուն զարգացման դերը կորուստների ու վնասների ռիսկը նվազեցնելու գործում:
2. Կլիմայի փոփոխության հետևանքների հետ կապված կորուստների ու վնասների` Վարշավայի միջազգային մեխանիզմը ենթակա է որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովի իրավասությանն ու ղեկավարությանը և կարող է ընդլայնվել ու ամրապնդվել որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովի սահմանած կարգով:
3. Կողմերը համագործակցության և օժանդակության սկզբունքների հիման վրա կամրապնդեն կլիմայի փոփոխության անբարենպաստ հետևանքների հետ կապված կորուստների ու վնասների վերաբերյալ փոխըմբռնումը, գործողություններն ու աջակցությունը, այդ թվում, ըստ նպատակահարմարության, օգտագործելով Վարշավայի միջազգային մեխանիզմը:
4. Համապատասխանաբար, փոխըմբռնման, գործողությունների ու աջակցության ամրապնդմանն ուղղված համագործակցության և օժանդակության ոլորտները կարող են ներառել.
ա) վաղ նախազգուշացման համակարգերը,
բ) արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունը,
գ) դանդաղ ընթացող իրադարձությունները,
դ) այն իրադարձությունները, որոնք կարող են անդառնալի և մշտական կորուստներ ու վնասներ պարունակել,
ե) ռիսկերի համապարփակ գնահատումն ու կառավարումը,
զ) ռիսկերից ապահովագրման գործիքները, կլիմայական ռիսկերից ապահովագրման համատեղ ֆոնդերը և ապահովագրական այլ լուծումները,
է) ոչ տնտեսական կորուստները և
ը) համայնքների, կենսամիջոցների և էկոհամակարգերի դիմակայունությունը:
5. Վարշավայի միջազգային մեխանիզմը կհամագործակցի Համաձայնագրի ներքո գործող մարմինների և փորձագիտական խմբերի, ինչպես նաև Համաձայնագրի շրջանակից դուրս գործող համապատասխան կազմակերպությունների ու փորձագիտական մարմինների հետ: