Հոդված 12. Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունք ունեցող անձինք
Հոդված 12. Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունք ունեցող անձինք
1. Օրենքով սահմանված կարգով հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն հարկային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով (նկարագրով) ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, բարձրագույն կրթություն ունեցող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք՝
1) հաջողությամբ ավարտել են սույն գլխով նախատեսված՝ հարկային ծառայողի պատրաստման դասընթացը, հարկային մարմնի ուսումնական կենտրոնի (այսուհետ՝ ուսումնական կենտրոն) կողմից ստացել են հավաստագիր (այսուհետ՝ պատրաստման հավաստագիր) և ընդգրկվել են հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում կամ
2) հարկային ծառայողներ են և անցել են սույն գլխով նախատեսված՝ հարկային ծառայողի պատրաստման դասընթացը, ուսումնական կենտրոնի կողմից ստացել են պատրաստման հավաստագիր կամ
3) հարկային ծառայողներ են և սույն օրենքի 19.1-ին հոդվածի 7.1-ին մասով սահմանված կարգով կատարողականի տարեկան գնահատման արդյունքով ունեն ծառայողական առաջխաղացման իրավունք։
2. (մասն ուժը կորցրել է 16.04.26 ՀՕ-145-Ն)
3. Հարկային ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ առաջանալու դեպքում այդ պաշտոնները զբաղեցվում են պատրաստման հավաստագիր ունեցող՝ հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում ներառված անձանցից կամ հարկային ծառայողներից կամ ծառայողական առաջխաղացման իրավունք ունեցող հարկային ծառայողներից՝ հարցազրույցի միջոցով:
3.1. Հարկային ծառայության թափուր պաշտոններ առաջանալու դեպքում մինչև սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով պաշտոններն զբաղեցվելը, հաշվի առնելով սույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 17-րդ հոդվածով սահմանված պահանջները և «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերը, այդ պաշտոնները կարող են զբաղեցվել տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող` հարկային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով: Ժամկետային աշխատանքային պայմանագիրը կնքվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
3.2. Հարկային ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում մինչև սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով պաշտոններն զբաղեցվելը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է այդ պաշտոնում նշանակել հարկային ծառայության կադրերի ռեզերվից սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնող այն հարկային ծառայողին, որը հարկային ծառայության կադրերի ռեզերվում գրանցվել է՝ ազատվելով հարկային ծառայության պաշտոնից:
3.3. Հարկային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնելու դեպքերը և այդ պաշտոնների զբաղեցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:
4. (մասն ուժը կորցրել է 16.04.26 ՀՕ-145-Ն)
(12-րդ հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-24-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-17-Ն, 16.12.21 ՀՕ-423-Ն, 16.11.22 ՀՕ-413-Ն, փոփ., լրաց. 29.02.24 ՀՕ-100-Ն, լրաց., փոփ., խմբ. 16.04.26 ՀՕ-145-Ն)
(16.12.21 ՀՕ-423-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(16.11.22 ՀՕ-413-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(16.04.26 ՀՕ-145-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 07.05.26 ՀՕ-185-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո)
(07.05.26 ՀՕ-185-Ն օրենքն ունի անցումային դրույթ)