Հոդված 19.1. Հարկային ծառայության կադրերի ռեզերվը, կատարողականի գնահատումը, վերապատրաստումը
Հոդված 19.1. Հարկային ծառայության կադրերի ռեզերվը, կատարողականի գնահատումը, վերապատրաստումը
(վերնագիրը խմբ. 21.01.20 ՀՕ-17-Ն)
1. Հարկային ծառայության կադրերի ռեզերվի, կատարողականի գնահատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, իսկ հարկային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված կատարողականի գնահատման հարաբերությունները կարգավորվում են սույն հոդվածի 7.1-ին մասով սահմանված կարգով:
2. Հարկային բոլոր ծառայողները հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով ենթակա են պարտադիր վերապատրաստման ոչ ուշ, քան տարին մեկ անգամ։
3․ (մասն ուժը կորցրել է 16.04.26 ՀՕ-145-Ն)
4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վերապատրաստման ծրագրերի բովանդակությանը ներկայացվող պահանջները կարող են տարանջատվել ըստ հարկային ծառայության պաշտոնների խմբերի և կառուցվածքային ստորաբաժանումների։
5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վերապատրաստման ծրագրերը պետք է պարունակեն բարեվարքության համակարգին վերաբերող կրթական բաղադրիչ՝ ըստ հարկային ծառայության պաշտոնների խմբերի։
6. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վերապատրաստման ծրագրերի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանում է հարկային մարմնի ղեկավարը։
7. (մասն ուժը կորցրել է 16.04.26 ՀՕ-145-Ն)
7.1. Հարկային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված կատարողականի գնահատումն իրականացվում է առնվազն տարին երկու անգամ: Սույն մասով նախատեսված՝ հարկային ծառայողի կատարողականի գնահատականը հարկային ծառայողի կատարողականի հիմնական ցուցանիշների վրա հիմնված, ինչպես նաև հարկային մարմնի ղեկավար կազմի որակական գնահատականի համակցված վերլուծությունն է, որի հիման վրա հարկային ծառայողին տրվում է գնահատական: Հարկային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված կատարողականի գնահատման կարգը, գնահատականները, գնահատականների ազդեցությունը հավելավճարի հատկացման, հարկային ծառայողի իրավական կարգավիճակի, այդ թվում՝ աշխատանքից ազատման, առաջխաղացման վրա սահմանում է հարկային մարմնի ղեկավարը: Սույն մասով սահմանված կարգով կատարողականի տարեկան գնահատման արդյունքով հարկային մարմնի ղեկավարի սահմանած միջինից բարձր միավոր ստանալու դեպքում հարկային ծառայողն իրավունք ունի ծառայողական առաջխաղացման: Կատարողականի գնահատման արդյունքով երկու անգամ անընդմեջ հարկային մարմնի ղեկավարի սահմանած նվազագույնից ցածր միավոր ստանալը հիմք է հարկային ծառայողին ծառայությունից ազատելու համար:
(19.1-ին հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-24-Ն, փոփ. 23.10.08 ՀՕ-176-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-17-Ն, 16.12.21 ՀՕ-423-Ն, լրաց., փոփ. 16.04.26 ՀՕ-145-Ն)
(16.12.21 ՀՕ-423-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(16.04.26 ՀՕ-145-Ն օրենքն ունի անցումային դրույթ)