Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

Հոդված 17.3. Հարկային ծառայության պաշտոնի նշանակումը

գործել է մինչև 2026-08-15Բացել ARLIS-ում

Հոդված 17.3. Հարկային ծառայության պաշտոնի նշանակումը

1. Հարկային ծառայության պաշտոնի նշանակումն իրականացվում է հարկային ծառայողների թեկնածուների ցուցակներում ներառված անձանցից և պատրաստման հավաստագիր ունեցող հարկային ծառայողներից, ինչպես նաև ծառայողական առաջխաղացման իրավունք ունեցող հարկային ծառայողներից՝ սույն հոդվածով նախատեսված հարցազրույցի միջոցով՝ ըստ համապատասխան պաշտոնների ցանկի:

2. Հարցազրույցի հրավիրվում են`

1) հարկային ծառայողների՝ համապատասխան պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված, հարկային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող 5 ամենաբարձր միավորներ ունեցող անձինք: Եթե սույն կետի պահանջները բավարարող անձինք հրաժարվում են մասնակցել հարցազրույցին, ապա հարցազրույցի հրավիրվում են հաջորդաբար ավելի բարձր միավորներ ունեցող անձինք.

2) պաշտոնին համապատասխան գործող պատրաստման հավաստագիր ունեցող և տվյալ պաշտոնին նշանակվելու համար դիմում ներկայացրած հարկային ծառայողները.

3) սույն օրենքի 19.1-ին հոդվածի 7.1-ին մասով սահմանված կարգով կատարողականի տարեկան գնահատման արդյունքով ծառայողական առաջխաղացման իրավունք ունեցող և տվյալ պաշտոնին նշանակվելու համար դիմում ներկայացրած հարկային ծառայողները։

2.1. Հարցազրույցն անցկացվում է, եթե հարցազրույցին մասնակցում է առնվազն մեկ անձ:

3. Հարցազրույցի անցկացման նպատակով ձևավորվում է հանձնաժողով: Հարցազրույցին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել նաև հոգեբան:

4. Հարցազրույցի նպատակն է հարկային ծառայողի պաշտոնում արդյունավետ գործելու համար հարկային ծառայողի թեկնածուի անհրաժեշտ հմտություններն ու որակները բացահայտելը: Անհրաժեշտ հմտություններն ու որակները բացահայտվում են թեկնածուի մասնագիտական աշխատանքի փորձառությունը, հարկային ծառայող դառնալու շարժառիթն ու ակնկալիքը, հարկային ծառայությանը վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջներին տեղեկացվածությունը, նրա անձնական հատկանիշները (մասնավորապես ինքնատիրապետում, բարեվարքություն, վարվեցողություն, պատասխանատվության զգացում, հաղորդակցման հմտություններ, վերլուծական կարողություններ և հարկային ծառայողի համար անհրաժեշտ ոչ մասնագիտական այլ հատկանիշներ) գնահատելու միջոցով:

5. Հարցազրույցից առաջ հարցազրույցի հանձնաժողովի որոշմամբ հարցազրույցի հրավիրված թեկնածուները կարող են անցնել հոգեբանական թեստավորում: Հոգեբանական թեստը կազմվում է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հատկանիշները գնահատելու նպատակով, և դրա արդյունքն ստացվում է ըստ նախապես մշակված էլեկտրոնային համակարգի: Հարկային մարմնի ղեկավարը հաստատում է հոգեբանական թեստավորման չափանիշները և անցկացման կարգը և ապահովում է թեստավորման անցկացման համար անհրաժեշտ պայմանները: Թեստի արդյունքներն ունեն խորհրդատվական նշանակություն, տրամադրվում են թեկնածուին և հանձնաժողովին:

6. Հարցազրույցի փուլը հաղթահարում է մեկ մասնակից: Հարցազրույցի արդյունքով հանձնաժողովը հարկային մարմնի ղեկավարին է ներկայացնում եզրակացություն հարցազրույցի մասնակիցների վերաբերյալ՝ նշելով հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցին:

7. Հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմնի ղեկավարը հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցին նշանակում է համապատասխան պաշտոնի:

7.1. Հարցազրույցի փուլը հաղթահարելուց և պաշտոնի նշանակվելուց հետո բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկով ներկայացված՝ հարկային մարմնի ղեկավարի սահմանած տվյալների մասով փոփոխության վերաբերյալ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված տեղեկատվությունը կամ այլ տեղեկատվություն ստանալու դեպքում հարկային մարմնի ղեկավարի պատճառաբանված հրամանով կարող է անցկացվել նոր հարցազրույց: Հարցազրույցն անցկացնում է հարկային մարմնի ղեկավարի ձևավորած հանձնաժողովը, որի կազմում ներառվում են նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ: Սույն մասով նախատեսված հարցազրույցի անցկացման նպատակով պաշտոնի նշանակված հարկային ծառայողը սույն մասով նախատեսված հրամանով սահմանված ժամկետում ներկայացնում է սույն օրենքի 17.1-ին հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված ձևանմուշի բարեվարքության վերաբերյալ նոր հարցաթերթիկ, որի ուսումնասիրությունը կատարվում է սույն օրենքի 17.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով: Հարցազրույցի արդյունքով ծառայողն ստանում է դրական կամ բացասական գնահատական: Դրական գնահատական ստանալու դեպքում հարկային ծառայողը շարունակում է պաշտոնավարումը, իսկ բացասական գնահատական ստանալը հիմք է ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար:

8. Հարցազրույցի կազմակերպման և անցկացման կարգը, հարցազրույցի անցկացման մեթոդաբանությունը, ինչպես նաև հարցազրույցի հանձնաժողովի կազմը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը:

9. Հարկային ծառայության պաշտոններում պաշտոնի նշանակում և պաշտոններից ազատում է հարկային մարմնի ղեկավարը:

10. Հարկային ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձը պաշտոնի նշանակվում է մինչև ինն ամիս փորձաշրջանով: Հարկային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված՝ փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ փորձաշրջանի արդյունքով գնահատման, փորձաշրջանը չանցած համարվելու դեպքում լիազորությունների դադարեցման կարգը սահմանում Է հարկային մարմնի ղեկավարը:

(17.3-րդ հոդվածը լրաց. 16.12.21 ՀՕ-423-Ն, խմբ., լրաց. 16.04.26 ՀՕ-145-Ն)

(16.12.21 ՀՕ-423-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(16.04.26 ՀՕ-145-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։