Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 33. Զենքի կիրառումը (գործադրումը և օգտագործումը)

գործել է մինչև 2026-08-15Բացել ARLIS-ում

Հոդված 33. Զենքի կիրառումը (գործադրումը և օգտագործումը)

(վերնագիրը խմբ. 13.11.25 ՀՕ-370-Ն)

1. Հարկային մարմնի հանրային ծառայողներն իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս հարկային հանցագործությունների կանխման, խափանման, հայտնաբերման, բացահայտման ժամանակ իրավունք ունեն զենք գործադրելու`

1) քաղաքացիներին` նրանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հարձակումից պաշտպանելիս.

2) հարկային մարմնի հանրային ծառայողի վրա կատարվող հարձակումը հետ մղելու համար, երբ նրա կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, ինչպես նաև նրա զենքին տիրանալու փորձը կանխելիս.

3) ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելու պահին կամ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում բռնված և փախուստի փորձ կատարող, ինչպես նաև զինված կամ խմբակային դիմադրություն ցույց տվող անձանց ձերբակալելիս.

4) հարկային մարմնի տնօրինության տակ գտնվող շենքերի, շինությունների և տարածքների վրա, ինչպես նաև հարկային մարմնի հանրային ծառայողի կողմից իրականացվող ուղեկցման և ապրանքների տեղափոխման ժամանակ խմբային կամ զինված հարձակումը հետ մղելիս:

2. Հարկային մարմնի հանրային ծառայողներն իրավունք ունեն զենք օգտագործելու`

1) մարդկանց կյանքին, առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վնասազերծելիս.

2) զենք օգտագործելու կամ գործադրելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապ հայտարարելիս կամ օգնություն կանչելիս:

3. Արգելվում է զենքի գործադրումը հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից քաղաքացիների կյանքի համար վտանգավոր զինված կամ խմբակային հարձակման և զինված դիմադրության դեպքերի), ինչպես նաև երբ զենքի գործադրումից կարող են տուժել այլ անձինք:

4. Հարկային մարմնի սպառազինության մեջ կարող են ընդգրկվել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով նախատեսված զենքի համապատասխան տեսակներ: Հարկային մարմնի սպառազինության մեջ ընդգրկվող զենքի տեսակները՝ ըստ հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների, պաշտոնների և ծառայողական պարտականությունների, սահմանվում են հարկային մարմնի ղեկավարի հրամանով:

5. Հարկային մարմնի ստորաբաժանումներում գտնվող զենքի հաշվառումը, հարկային մարմնի հանրային ծառայողներին՝ ըստ գործառույթների, զենք տալու, նրանց կողմից զենքը հանձնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են հարկային մարմնի ղեկավարի հրամանով:

(33-րդ հոդվածը լրաց. 21.01.20 ՀՕ-17-Ն, խմբ. 13.11.25 ՀՕ-370-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։