Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

Հոդված 22. Հարկային ծառայության դասային աստիճանները

գործել է մինչև 2026-08-15Բացել ARLIS-ում

Հոդված 22. Հարկային ծառայության դասային աստիճանները

(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն)

1. Աշխատանքում ցուցաբերած առանձնահատուկ ծառայությունների, մարդկային և մասնագիտական բարձր հատկանիշների համար հարկային ծառայողներին շնորհվում են դասային աստիճաններ:

2. Հարկային ծառայողների համար սահմանվում են հետևյալ դասային աստիճանները.

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդական,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդական,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդական,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդական,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի խորհրդական,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդական,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի խորհրդական:

3. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդականի և Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանը օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Հանրապետության նախագահը:

4. Սույն հոդվածի երրորդ մասում չնշված դասային աստիճանները շնորհում է հարկային մարմնի ղեկավարը` կոչման ներկայացվողի վերադասի ներկայացմամբ:

Դասային աստիճանի ներկայացնելիս նշվում են ծառայողի կենսագրական տվյալները, աշխատանքի գնահատականը, նրա գործնական և անձնական հատկանիշների բնութագիրը:

Սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված կարգով հարկային ծառայողին դասային աստիճանի ներկայացնելը չի կարող հետաձգվել հարկային ծառայության անցնելուց կամ հերթական (արտահերթ) դասային աստիճանն ստանալուց հետո`

1) հարկային ծառայության գլխավոր դասային աստիճանների համար՝ ավելի քան 3 տարի.

2) հարկային ծառայության ավագ դասային աստիճանների համար՝ ավելի քան 2 տարի:

5. Հարկային ծառայողի վարքագծի կանոնները կոպիտ խախտելու կամ ծառայողական պարտականությունները պարբերաբար չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հարկային ծառայողը կարող է զրկվել դասային աստիճանից, հարկային ծառայողի դասային աստիճանը կարող է իջեցվել, ինչպես նաև հարկային ծառայողին հերթական կոչման ներկայացումը կարող է պատճառաբանված մերժվել:

6. Դասային աստիճանի իջեցումը կամ դասային աստիճանից զրկումը կատարում է տվյալ դասային աստիճանը շնորհող պաշտոնատար անձը` ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովի ներկայացմամբ:

7. Հարկային ծառայության ժամանակավոր թափուր և թափուր պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնող անձանց դասային աստիճաններ չեն շնորհվում:

(22-րդ հոդվածը փոփ., լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն, խմբ. 10.06.13 ՀՕ-68-Ն, լրաց., փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն, լրաց. 29.02.24 ՀՕ-100-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։