Հոդված 25. Պետական ծառայողի ռոտացիան
Հոդված 25. Պետական ծառայողի ռոտացիան
1. Պետական ծառայողի ռոտացիան իրականացվում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձի որոշմամբ` պետական ծառայության արդյունավետության բարձրացման նպատակով։
2. Պետական ծառայողի ռոտացիան իրականացվում է պետական ծառայության պաշտոնի միևնույն խմբի և ենթախմբի սահմաններում և չի կարող հանգեցնել աշխատավարձի չափի նվազեցման։
3. Պետական ծառայողի ռոտացիան պետական ծառայության պաշտոնի ավելի ցածր խմբի կամ նույն խմբի ավելի ցածր ենթախմբի սահմաններում կարող է իրականացվել միայն տվյալ պետական ծառայողի գրավոր համաձայնությամբ` պահպանելով իր զբաղեցրած պաշտոնում տրվող աշխատավարձի չափը։
4. Պետական ծառայողի ռոտացիան պետական ծառայության պաշտոնի ավելի բարձր խմբի կամ նույն խմբի ավելի բարձր ենթախմբի սահմաններում կարող է իրականացվել, եթե պետական ծառայողը բավարարում է տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պահանջները:
5. Ռոտացիոն կարգով պետական ծառայության պաշտոնը կարող է զբաղեցվել 6 ամսից մինչև երեք տարի ժամկետով։ Տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ այն կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ՝ մեկ տարի ժամկետով։
6. Ռոտացիայի դեպքում պետական ծառայողի համար չի կարող սահմանվել փորձաշրջան։
7. Մշտական բնակության վայրից դուրս պետական ծառայողի ռոտացիա իրականացնելիս օրենսդրությամբ սահմանված չափերով և կարգով պետական ծառայողին տրվում է ծախսերի փոխհատուցում (կացարան, տրանսպորտային միջոցներ և այլն)։