Հոդված 28. Պետական ծառայողի ատեստավորումը
Հոդված 28. Պետական ծառայողի ատեստավորումը
1. Յուրաքանչյուր տարի պետական ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման։
2. Պետական ծառայողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ։
3. Պետական ծառայողի արտահերթ ատեստավորումը կարող է անցկացվել հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո։
4. Պետական ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված գրավոր որոշման հիման վրա։
5. Ատեստավորումն անցկացվում է պետական ծառայողի անմիջական մասնակցությամբ։
6. Ատեստավորման ենթակա չեն`
1) տվյալ պաշտոնը երեք տարուց պակաս ժամկետով զբաղեցնող պետական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.
2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող պետական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.
3) պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած պետական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:
7. Հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող պետական ծառայողները, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած պետական ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի վերադառնալուց հետո` ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար։
8. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ պետական ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամսյա ժամկետում։
9. Սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կետը չի տարածվում սույն օրենքի 19-րդ հոդվածով և սույն օրենքի 38-րդ հոդվածով սահմանված կարգով պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերի վրա։
10. Ատեստավորման ենթակա պետական ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին։
11. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է պետական ծառայողի ծառայողական բնութագիրը, որը պետք է բովանդակի տվյալներ պետական ծառայողի մասին, նրա գործնական, անձը բնութագրող հատկանիշների մասին և ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ կատարողականի գնահատականը։ Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում պետական ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին յուրաքանչյուր կիսամյակ անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների վրա։
12. Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակահատվածում պետական ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է պաշտոնից` ատեստավորման արդյունքում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով (քաղաքական, հայեցողական և քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող ղեկավարների դեպքում` հեռացման կամ պաշտոնանկության հիմքով), ապա վերջինիս տված եզրակացություններն իրավական ուժ չունեն։ Եթե նման ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են ատեստավորումների միջև ընկած ժամանակահատվածի երկու երրորդից ավելին, ապա պետական ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում։ Եթե ծառայողը տարվա ընթացքում տեղափոխվել է պետական ծառայության այլ պաշտոնի, ապա նրա գործունեության ծառայողական բնութագիր ներկայացնում է այն անմիջական ղեկավարը, որի ենթակայությամբ ավելի երկար ժամանակահատված է աշխատել այդ ծառայողը։
13. Պետական ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին։
14. Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել պետական ծառայողի ատեստավորման արդյունքների վրա։
15. Ծառայողական բնութագրի ձևը և բնութագրման չափանիշները, ինչպես նաև կատարողականի գնահատման ձևը և կարգը սահմանում է Կոմիտեի նախագահը։
16. Պետական ծառայողի ատեստավորումն անցկացնում է ատեստավորման հանձնաժողովը։
17. Ատեստավորումն անցկացվում է հետևյալ եղանակներով.
1) փաստաթղթային.
2) թեստավորման և հարցազրույցի։
18. Այն պետական ծառայողները, որոնք ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար սույն օրենքով նախատեսված առավելագույն պետական ծառայության դասային աստիճան, ինչպես նաև պետական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողները ենթակա են փաստաթղթային ատեստավորման։
19. Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` հարցազրույցի միջոցով։ Հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով` պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ու հմտությունները ստուգելու նպատակով։
20. Փաստաթղթային ատեստավորման արդյունքում ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
2) ենթակա է ատեստավորման թեստավորման և հարցազրույցի միջոցով։
21. Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր պետական ծառայողի համար քվեարկության է դնում սույն հոդվածի 20-րդ մասի 1-ին կետի որոշումը, որը հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն հոդվածի 20-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշումը։
22. Թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա են այն պետական ծառայողները`
1) որոնք փաստաթղթային ատեստավորման ենթակա չեն.
2) որոնց վերաբերյալ ատեստավորման հանձնաժողովն ընդունել է սույն հոդվածի 20-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշումը։
23. Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր։ Թեստերը կազմում, հարցազրույցն անցկացնում և արդյունքները գնահատում է ատեստավորման հանձնաժողովը` սույն օրենքի 22-րդ և 23-րդ հոդվածներով սահմանված կարգով։
24. Ատեստավորման հանձնաժողովը թեստավորման և հարցազրույցի արդյունքներով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին։
25. Քվեարկության արդյունքում ընդունված է համարվում այն որոշումը, որը ստացել է ատեստավորման հանձնաժողովի՝ քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները։
26. Ատեստավորման հանձնաժողովի որոշումները, իսկ ատեստավորման արդյունքների բողոքարկման դեպքում Կոմիտեի նախագահի որոշումները պարտադիր են պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի համար։
27. Ատեստավորման արդյունքները, սույն օրենքի 23-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով, եռօրյա ժամկետում ներկայացվում են պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, որը պետական ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու որոշման դեպքում ընդունում է նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշում։
28. Պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը սույն հոդվածի 27-րդ մասով նախատեսված որոշումն ընդունում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքները ստանալու օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ պետական ծառայողի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու ժամանակ` նրա` աշխատանքի ներկայանալու օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում։
29. Պետական ծառայողը ատեստավորման արդյունքների վերաբերյալ կարող է բողոք ներկայացնել Կոմիտեի նախագահին կամ հայց ներկայացնել դատարան՝ օրենքով սահմանված կարգով:
30. Սույն օրենքի հիման վրա պետական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը, ատեստավորման հանձնաժողովների կազմը և աշխատակարգը հաստատում է Կոմիտեի նախագահը։