Հոդված 41. Պետական ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը
Հոդված 41. Պետական ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը
1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու, ներքին կարգապահական կամ պետական ծառայողի վարքագծի կանոնները խախտելու դեպքերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական ծառայողի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը.
1) դիտողություն.
2) նկատողություն.
3) խիստ նկատողություն.
4) օրենքով սահմանված կարգով պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով.
5) պետական ծառայության ավելի բարձր դասային աստիճանի (բացառությամբ պետական ծառայության բարձրագույն դասային աստիճանի) իջեցում` մեկ աստիճանով.
6) զբաղեցրած պաշտոնից ազատում։
2. Պետական ծառայողի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ և 6-րդ կետերով սահմանված կարգապահական տույժերի տեսակները կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։
3. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը պետական ծառայողի նկատմամբ կիրառում է պետական ծառայության տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։
4. Մինչև կարգապահական տույժ նշանակելը կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված պետական ծառայողից։ Գրավոր բացատրություն տալուց հրաժարվելու փաստը պետք է ամրագրվի արձանագրությամբ, այս դեպքում կարգապահական տույժը նշանակվում է միայն անմիջական ղեկավարի զեկուցագրի հիման վրա։
5. Քննիչի օգնականի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու համար կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացվում է տվյալ քննիչի զեկուցագիրը՝ իր օգնականի թույլ տված կարգապահական խախտումների վերաբերյալ։
6. Սույն հոդվածի 1-ին մասի 4-6-րդ կետերով նախատեսված տույժերը պետական ծառայողների նկատմամբ կիրառվում են միայն էթիկայի հանձնաժողովի համապատասխան եզրակացության հիման վրա։
7. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման օրվանից` չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը։ Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամսից ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու օրվանից։
8. Կարգապահական տույժի մասին պետական ծառայողին հաղորդվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց հետո` եռօրյա ժամկետում։
9. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ։
10. Պետական ծառայողի նկատմամբ պաշտոնից ազատում և պաշտոնից իջեցում կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննություն անցկացնելուց հետո։ Ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում պետական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը մինչև մեկ ամիս ժամկետով կարող է կասեցվել` պետական ծառայողի վարձատրության պահպանմամբ։
11. Սույն օրենքի հիման վրա ծառայողական քննություն անցկացնելու կարգը հաստատում է Կոմիտեի նախագահը։
12. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում էթիկայի հանձնաժողովը կարգապահական խախտման հետ կապված հարցը քննելիս քվեարկությամբ որոշում է կարգապահական խախտման փաստի առկայությունը, կատարված խախտման մեջ պետական ծառայողի մեղավորության հարցը, իսկ ծառայողական քննություն անցկացնելուց հետո Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի ներկայացրած հարցադրման շուրջ` նաև տվյալ իրավիճակում «պաշտոնից ազատում» կամ «պաշտոնի իջեցում» կարգապահական տույժ կիրառելու հնարավորության հարցը։ Էթիկայի հանձնաժողովի համապատասխան եզրակացության հիման վրա եռօրյա ժամկետում կարգապահական տույժ նշանակելու իրավասություն ունեցող անձը նշանակում է կարգապահական տույժը։
13. Եթե պետական ծառայողը կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված։ Կարգապահական տույժը կարող է հանվել մինչև մեկ տարին լրանալը, եթե պետական ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում և դրսևորել է իրեն որպես բարեխիղճ ծառայող, ինչպես նաև սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքում։
14. Էթիկայի հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը հաստատում է Քննչական կոմիտեի նախագահը։