Հոդված 29. Պետական ծառայողի վերապատրաստումը, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղումը
Հոդված 29. Պետական ծառայողի վերապատրաստումը, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղումը
1. Յուրաքանչյուր պետական ծառայող առնվազն երեք տարին մեկ ենթակա է պարտադիր վերապատրաստման, բացառությամբ պետական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողների։ Վերապատրաստում կարող են անցնել նաև պետական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողները:
2. Վերապատրաստումն անցկացվում է պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պետական ծառայողի իրավունքների ու պարտականությունների, գործնական հմտությունների, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում` պետական ծառայողի, քննիչի (քննիչի օգնականի դեպքում) կամ Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի նախաձեռնությամբ։
3. Պետական ծառայողի վերապատրաստումն անցկացվում է Քննչական կոմիտեի դեպարտամենտի հայտի հիման վրա։
4. Պետական ծառայողների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին։
5. Պետական ծառայողների վերապատրաստումն անցկացվում է Կոմիտեի նախագահի սահմանած կարգով և եղանակներով։
6. Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով օրենսդրությամբ սահմանված կարգով պետական ծառայողի գործուղումն իրականացնում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։
7. Վերապատրաստման և գործուղման դեպքում պահպանվում են՝
1) պետական ծառայողի պաշտոնը և ստաժը.
2) վերապատրաստման դեպքում` նաև վարձատրությունը.
3) մինչև մեկ տարի ժամկետով գործուղման դեպքում` պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի թույլտվությամբ՝ նաև վարձատրությունը.
4) մեկ տարուց ավելի ժամկետով գործուղման դեպքում` Կոմիտեի նախագահի թույլտվությամբ՝ նաև վարձատրությունը։
8. Սույն օրենքի հիման վրա պետական ծառայողների վերապատրաստման, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղելու կարգը հաստատում է Կոմիտեի նախագահը։