Հոդված 24. Նոր և կրկնակի մրցույթը
Հոդված 24. Նոր և կրկնակի մրցույթը
1. Նոր մրցույթն անցկացվում է`
1) երբ մրցույթի արդյունքում մասնակիցներից ոչ մեկը թեստավորման փուլում չի հավաքում անհրաժեշտ միավորների նվազագույն քանակը, կամ
2) երբ հարցազրույցի փուլում մասնակիցներից ոչ մեկը մրցույթում հաղթող չի ճանաչվել կամ
3) սույն հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասով նախատեսված դեպքերում։
2. Եթե մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է կրկնակի մրցույթ։ Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում։ Այն անցկացվում է 10-օրյա ժամկետում՝ ընդհանուր հիմունքներով։
3. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է նոր մրցույթ։
4. Սույն օրենքով սահմանված կարգի կամ Կոմիտեի նախագահի սահմանած կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով։ Մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում անցկացվում է նոր մրցույթ: Իսկ եթե անձը նշանակվել է պետական ծառայության տվյալ թափուր պաշտոնում, ապա ազատվում է զբաղեցրած պաշտոնից սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով:
5. Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով։
6. Եթե նոր կամ կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), ինչպես նաև նոր կամ կրկնակի մրցույթի արդյունքով հաղթող չի ճանաչվում, ապա պետական ծառայության տվյալ թափուր պաշտոնը համալրվում է կադրերի ռեզերվում գտնվող և տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող անձանցից` հարցազրույցով։