Հոդված 27. Ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելը
Հոդված 27. Ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելը
1. Պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու` հղիության և ծննդաբերության արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, մինչև պետական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքով հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը, պետական ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով պետական ծառայողի գործուղման, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում այդ պաշտոնը զբաղեցվում է`
1) պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ` տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող պետական ծառայողի կողմից մինչև վեց ամիս ժամկետով կամ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով, բացառությամբ հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, ինչպես նաև վեց ամիսը գերազանցող ժամկետով սույն օրենքով նախատեսված գործուղման դեպքերի։ Այդ ժամկետի ավարտից հետո կամ փոխարինողի բացակայության կամ սույն կետով նախատեսված մյուս դեպքերում մեկշաբաթյա ժամկետում`
2) պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ` պետական ծառայության կադրերի ռեզերվում գտնվող` տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող պետական ծառայողի կամ հաշվի առնելով սույն օրենքի 14-րդ, 15-րդ հոդվածների, 33-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով։
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր չի կնքվում, եթե պետական ծառայության ժամանակավոր թափուր տվյալ պաշտոնն առաջացել է նրա՝ տվյալ պաշտոնից սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 15-րդ և 17-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով ազատվելու հետևանքով, ինչպես նաև սույն օրենքի 29-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետով սահմանված պետական ծառայողի վարձատրության պահպանման դեպքում:
3. Ժամկետային աշխատանքային պայմանագիրը վաղաժամկետ լուծվում է պետական ծառայողի ծառայության ներկայանալու օրը։
4. Սույն օրենքի հիման վրա ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը հաստատում է Կոմիտեի նախագահը։