Հոդված 3. Օրենքի հիմնական հասկացությունները
Հոդված 3. Օրենքի հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) պետական ծառայության պաշտոն` սույն օրենքով սահմանված կարգով հաստատված պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն.
2) պետական ծառայության պաշտոնների անվանացանկ` սույն օրենքով սահմանված կարգով հաստատված պետական ծառայության բոլոր պաշտոնների ցանկ.
3) պետական ծառայության պաշտոնի անձնագիր (նկարագիր)` տվյալ պաշտոնն զբաղեցնող պետական ծառայողի համար սույն օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու ներկայացուցչությունը նկարագրող և տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պետական ծառայողին մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող, ինչպես նաև պետական ծառայության դասային համապատասխան աստիճան ունենալու պահանջները սահմանող, սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ.
4) պետական ծառայող` պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որևէ պաշտոն (բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոնի) զբաղեցնող անձ.
5) քննիչի օգնական` քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննիչներին և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներին ամրակցված պետական ծառայող.
6) պետական ծառայության դասային աստիճան` պետական ծառայողի մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխանող որակավորման չափանիշ.
7) պետական ծառայողի ատեստավորում` զբաղեցրած պաշտոնին պետական ծառայողի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշում.
8) պետական ծառայողի վերապատրաստում` պետական ծառայողի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործում.
9) պետական ծառայության կադրերի ռեզերվ` սույն օրենքով սահմանված կարգով պետական ծառայության պաշտոններ չզբաղեցնող անձանց հանրույթ.
10) ծառայողական քննություն` սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով պետական ծառայողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննություն.
11) մասնագիտական աշխատանքային ստաժ` բարձրագույն կրթության, իսկ պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով բարձրագույն մասնագիտական կրթություն նախատեսված լինելու դեպքում այդ կրթության մասին վկայող փաստաթղթում նշված որակավորմանը համապատասխանող աշխատանքային ստաժ` անկախ պետական կամ մասնավոր ոլորտներում կատարած աշխատանքից։ Մասնագիտական աշխատանքային ստաժը ներառում է համապատասխան որակավորում ստանալուց հետո աշխատած ժամանակահատվածը.
12) պետական ծառայողի ռոտացիա` օրենքով սահմանված դեպքում և կարգով պետական ծառայողին նույն մարմնում (այդ թվում` նույն մարմնի այլ կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումում) փոխադրում կամ փոխատեղում։