Հոդված 15
Հոդված 15.
Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 60.1-րդ հոդվածով.
«Հոդված 60.1. Ընդերքօգտագործման կանոնները խախտելը
Օգտակար հանածոների արդյունահանման հաստատված նախագծերից շեղումները, որոնք առաջացնում են ընդերքի մասին հավաստի տեղեկատվության և օգտակար հանածոների արդյունավետ օգտագործման էական խախտումներ՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակով շահագործելու դեպքում հաստատված նախագծից շեղումները, որոնք առաջացնում են արտածին երկրաբանական պրոցեսներ՝ փլուզումներ, սողանքներ, սելավներ և այլ վնասակար երևույթներ՝
առաջացնում են տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Երկրաբանական և մարկշեյդերական պարբերաբար սպասարկումներ չկատարելը, անհրաժեշտ փաստաթղթեր չվարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։
Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքն առանց համապատասխան թույլտվության օգտագործելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրհիսնապատիկի չափով:
Ընդերքի օգտագործման ընթացքում սառեցման (կոնսերվացման) դեպքում կամ ավարտից հետո շահագործման նախագծով նախատեսված ընդերքի պահպանության, այդ թվում՝ հողատեսքերի վերականգնման (ռեկուլտիվացիայի) միջոցառումները թերի կատարելը կամ չկատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրհիսնապատիկի չափով:»։