Հոդված 2
Հոդված 2
Ներդրումների խրախուսումը և պաշտպանությունը
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ խրախուսում և բարենպաստ պայմաններ է ստեղծում իր պետության տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից ներդրումներ կատարելու համար և ընդունում է այդ ներդրումները` իր պետության օրենքներին և կանոնակարգերին համապատասխան:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի ներդրումներին տրամադրում է միջազգային սովորութային իրավունքին համապատասխան ռեժիմ, ներառյալ՝ արդարացի ու հավասար ռեժիմ և լիարժեք պաշտպանություն ու անվտանգություն:
3. Առավել հստակության համար սույն հոդվածի 2-րդ կետը սահմանում է օտարերկրացիների նկատմամբ միջազգային սովորութային իրավունքի նվազագույն չափորոշիչը որպես մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի ներդրումների նկատմամբ կիրառվող ռեժիմի նվազագույն չափորոշիչ: «Արդարացի ու հավասար ռեժիմ» և «լիարժեք պաշտպանություն ու անվտանգություն» հասկացությունների շրջանակներում չի պահանջվում կիրառել այդ չափորոշիչով սահմանված ռեժիմին հավելյալ կամ դրա շրջանակներից դուրս ռեժիմ, և դրանք չեն առաջացնում լրացուցիչ նյութական իրավունքներ: 2-րդ կետով սահմանված պարտավորությունները նախատեսում են.
(a) «արդարացի և հավասար ռեժիմը», որը ներառում է քրեական, քաղաքացիական կամ վարչական վարույթի շրջանակներում արդարադատության իրականացումից չհրաժարվելու պարտավորությունը՝ աշխարհի հիմնական իրավական համակարգերում տեղ գտած պատշաճ իրավական ընթացակարգի կիրարկման սկզբունքին համապատասխան, և
(b) «լիարժեք պաշտպանություն ու անվտանգություն», որը յուրաքանչյուր Պայմանավորվող կողմից պահանջում է ապահովել ոստիկանության կողմից տրամադրվող պաշտպանության՝ միջազգային սովորութային իրավունքով պահանջվող մակարդակ:
4. Պնդումը, որ տեղի է ունեցել սույն Համաձայնագրի մի դրույթի կամ առանձին միջազգային համաձայնագրի դրույթների խախտում, չի ենթադրում, որ տեղի է ունեցել սույն հոդվածի խախտում:
5. Ոչ մի Պայմանավորվող կողմ չպետք է ձեռնարկի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից իրականացվող ներդրումների կառավարման, պահպանման, օգտագործման, տիրապետման և տնօրինման դեմ ուղղված որևէ անհիմն կամ խտրական գործողություններ, ոչ էլ պետք է մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից իրականացվող ներդրումների նկատմամբ սահմանի անհիմն կամ խտրական գործողություններ՝ կապված տեղական բաղադրիչի, տեխնոլոգիայի փոխանցման կամ արտահանում իրականացնելու պահանջների հետ: