Հոդված 5
Հոդված 5
Օտարումը և փոխհատուցումը.5
1. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չպետք է ուղղակիորեն կամ անուղղակիորեն օտարի կամ ազգայնացնի որևէ ներդրում օտարմանը կամ ազգայնացմանը (այսուհետ՝ «օտարում») համարժեք գործողություններով՝ բացառությամբ.
(a) հանրային շահերից բխող նպատակների համար,
(b) ոչ խտրական հիմքերի վրա,
(c) պատշաճ ժամանակին, համարժեք և արդյունավետ փոխհատուցման վճարմամբ, երբ օտարումը կամ ազգայնացումը կատարվել է Կորեայի Հանրապետության տարածքում, և նախնական, համարժեք և արդյունավետ փոխհատուցման վճարմամբ, երբ օտարումը կամ ազգայնացումը կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքում, և
(d) պատշաճ իրավական ընթացակարգին և 2-րդ հոդվածին (Ներդրումների խրախուսումը և պաշտպանությունը) համապատասխան, ինչպես դրանք մեկնաբանվում են միջազգային սովորութային իրավունքի ներքո:
2. 1-ին կետի (c) ենթակետով սահմանված փոխհատուցումը՝
(a) պետք է վճարվի առանց հետաձգման,
(b) պետք է համարժեք լինի անմիջապես օտարում կատարելուց առաջ (օտարման օրը) օտարված ներդրումների իրական շուկայական արժեքին,
(c) չպետք է արտացոլի որևէ փոփոխություն արժեքում, որը կատարվել է` նախատեսվող օտարման մասին ավելի վաղ հայտնի դառնալու պատճառով, և
(d) պետք է լինի ամբողջովին իրացվելի և ազատ փոխանցելի:
3. Եթե իրական շուկայական արժեքը սահմանվում է ազատ փոխարկելի արժույթով, ապա 1-ին կետի (c) ենթակետում նշված փոխհատուցումը, օտարման օրվա դրությամբ, չպետք է պակաս լինի, քան իրական շուկայական արժեքը, և տվյալ արժույթի համար առևտրային ողջամիտ դրույքաչափի տոկոսը` հաշվարկված օտարման օրվանից մինչև վճարման օրը:
4. Եթե իրական շուկայական արժեքը սահմանվում է այնպիսի արժույթով, որն ազատ փոխարկելի չէ, ապա 1-ին կետի (c) ենթակետում նշված փոխհատուցումը, որը փոխարկվել է վճարման արժույթի` վճարման օրվա դրությամբ արտարժույթի փոխանակման շուկայում գործող փոխարժեքով, չի կարող պակաս լինել`
(a) օտարման օրվա դրությամբ իրական շուկայական արժեքից՝ փոխարկված ազատ փոխարկելի արժույթի այդ օրվա դրությամբ արտարժույթի փոխանակման շուկայում գործող փոխարժեքով, և
(b) տվյալ ազատ փոխարկելի արժույթի համար հաշվարկվող՝ առևտրային ողջամիտ դրույքաչափով տոկոսից` հաշվարկված օտարման օրվանից մինչև վճարման օրը:
5. Մի Պայմանավորվող կողմի ներդրողները, որոնք տուժել են օտարումից, ունեն մյուս Պայմանավորվող կողմի դատական կամ այլ անկախ մարմնի կողմից իրենց գործի անհապաղ քննության և սույն հոդվածով սահմանված սկզբունքներին համապատասխան իրենց ներդրումների գնահատման իրավունք:
6. Սույն հոդվածը չի կիրառվում մտավոր սեփականության իրավունքների առնչությամբ «Մտավոր սեփականության իրավունքների՝ առևտրին առնչվող հայեցակետերի մասին» համաձայնագրին («ՄՍԻԱՀ» համաձայնագիր) համապատասխան պարտադիր լիցենզիաների տրամադրման նկատմամբ: