Հոդված 8
Հոդված 8
Թափանցիկությունը
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է անհապաղ հրապարակի կամ որևէ այլ կերպով հանրամատչելի դարձնի իր՝ ընդհանուր կիրառության օրենքները, կանոնակարգերը, ընթացակարգերը և վարչական ակտերն ու դատական որոշումները, ինչպես նաև սույն Համաձայնագրի գործողության վրա հնարավոր ազդեցություն ունեցող միջազգային պայմանագրերը: Այն դեպքերում, երբ Պայմանավորվող կողմը ընդունում է այնպիսի քաղաքականություն, որը չի սահմանվում օրենքներով կամ կանոնակարգերով կամ սույն կետում նշված ցանկացած այլ ձևով, սակայն կարող է ազդեցություն ունենալ սույն Համաձայնագրի գործողության վրա, ապա այդ Պայմանավորվող կողմը պետք է դա անհապաղ հրապարակի կամ որևէ այլ կերպով հանրամատչելի դարձնի:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է սույն հոդվածի 1-ին կետով սահմանված դեպքերում անհապաղ արձագանքի որոշակի հարցերին և, պահանջի դեպքում, մյուս Պայմանավորվող կողմին տրամադրի տեղեկատվություն:
3. Սույն Համաձայնագրի շրջանակում ոչինչ չի կարող խոչընդոտել մի Պայմանավորվող կողմին մյուս Պայմանավորվող կողմի ներդրողից կամ իր ներդրումներից պահանջելու այդ ներդրումների վերաբերյալ ընթացիկ տեղեկատվություն տրամադրել բացառապես իրազեկման կամ վիճակագրական նպատակներով: Սույն Համաձայնագրի շրջանակում Պայմանավորվող կողմից չի պահանջվում տրամադրել կամ հասանելի դարձնել՝
(a) առանձին ներդրողների կամ ներդրումների կոնկրետ հաճախորդների՝ ֆինանսական հարցերի և հաշիվների վերաբերյալ տեղեկատվություն, կամ
(b) ցանկացած գաղտնի կամ գույքային տեղեկատվություն, ներառյալ՝ առանձին ներդրողների կամ ներդրումների վերաբերյալ տեղեկատվություն, որի հրապարակումը կարող է խոչընդոտել իրավապահ գործունեության իրականացմանը կամ հակասել գաղտնիության պահպանության մասին իր օրենքներին և կանոնակարգերին կամ վնաս հասցնել առանձին ձեռնարկության կամ անհատի օրինական տնտեսական շահերին: