Հոդված 10
Հոդված 10
Պայմանավորվող կողմերի միջև վեճերի լուծումը
1. Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ Պայմանավորվող կողմերի միջև վեճերը հնարավորության սահմաններում լուծվում են խորհրդակցությունների միջոցով կամ դիվանագիտական ուղիներով:
2. Եթե որևէ վեճ լուծման մասին պահանջ ներկայացնելու օրվանից հարյուր ութսուն (180) օրվա ընթացքում չի լուծվում, Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի պահանջով, այն հանձնվում է ժամանակավոր (ad hoc) արբիտրաժային տրիբունալին` սույն հոդվածի դրույթներին համապատասխան:
3. Այդպիսի ժամանակավոր (ad hoc) արբիտրաժային տրիբունալը կազմավորվում է յուրաքանչյուր առանձին դեպքի համար` հետևյալ եղանակով. արբիտրաժային քննություն իրականացնելու պահանջը ստանալու օրվանից վաթսուն (60) օրվա ընթացքում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ նշանակում է ժամանակավոր (ad hoc) արբիտրաժային տրիբունալի մեկ անդամի: Այս երկու անդամներն այնուհետև ընտրում են երրորդ պետության քաղաքացու, որը, երկու Պայմանավորվող կողմերի հաստատմամբ, նշանակվում է որպես ժամանակավոր (ad hoc) արբիտրաժային տրիբունալի նախագահ: Նախագահը նշանակվում է մյուս երկու անդամների նշանակման օրվանից վաթսուն (60) օրվա ընթացքում:
4. Անհրաժեշտ նշանակումները սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետներում չկատարվելու դեպքում ցանկացած Պայմանավորվող կողմ Արդարադատության միջազգային դատարանի նախագահին կարող է նման նշանակումներ կատարելու պահանջ ներկայացնել: Եթե այդ նախագահը որևէ Պայմանավորվող կողմի քաղաքացի է, կամ նշված գործառույթն իրականացնելն այլ պատճառով չի թույլատրվում, նշանակումները կատարելու համար հրավիրվում է այդ նախագահի տեղակալը: Եթե նախագահի այդ տեղակալը նույնպես որևէ Պայմանավորվող կողմի քաղաքացի է, կամ նշված գործառույթն իրականացնելն այլ պատճառով չի թույլատրվում, նշանակումները կատարելու համար հրավիրվում է Արդարադատության միջազգային դատարանի՝ ավագության կարգով հաջորդ այն անդամը, որը որևէ Պայմանավորվող կողմի քաղաքացի չէ, կամ նշված գործառույթի իրականացումն այլ պատճառով անթույլատրելի չէ:
5. Ժամանակավոր (ad hoc) արբիտրաժային տրիբունալն իր որոշումը կայացնում է ձայների մեծամասնությամբ: Նման որոշումը Պայմանավորվող կողմերի կատարման համար պարտադիր է:
6. Ժամանակավոր (ad hoc) արբիտրաժային տրիբունալը սահմանում է իր գործունեության կարգը:
7. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ արբիտրաժային վարույթի շրջանակներում կրում է իր արբիտրի և նրա ներկայացուցչության հետ կապված ծախսերը: Նախագահի և մնացած ծախսերը կրում են Պայմանավորվող կողմերը՝ հավասար չափով: Ժամանակավոր (ad hoc) արբիտրաժային տրիբունալը, այնուամենայնիվ, կարող է իր որոշման մեջ նշել, որ ծախսերի ավելի մեծ մասը կրի Պայմանավորվող կողմերից որևէ մեկը: