Հոդված 11
Հոդված 11
Մի Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև ներդրումների հետ կապված վեճերի լուծումը
1. Սույն հոդվածը կիրառվում է մի Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև վեճերի նկատմամբ, որոնք առնչվում են սույն Համաձայնագրի ներքո առաջին Պայմանավորվող կողմի պարտավորությունների ենթադրյալ խախտմանը, ինչը ներդրողի կամ նրա ներդրումներին պատճառում է կորուստ կամ վնաս:
2. Նման վեճը հնարավորության սահմաններում պետք է լուծվի բանակցությունների կամ խորհրդակցությունների միջոցով: Եթե այն այդպես չի լուծվում որևէ Կողմի գրավոր պահանջով վեճի լուծման հարց բարձրացվելու օրվանից հարյուր ութսուն (180) օրվա ընթացքում, ներդրողը կարող է, սույն հոդվածի 6-րդ կետին համապատասխան, լուծման համար ներկայացնել այն`
(a) Պայմանավորվող կողմի ցանկացած իրավասու դատարան կամ վարչական տրիբունալ, որը վեճի կողմ է,
(b) սույն հոդվածի համաձայն՝ արբիտրաժային մարմին՝
(i) «Պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումների վերաբերյալ վեճերի կարգավորման մասին» կոնվենցիայի շրջանակներում (այսուհետ` ՆՎՎԿՄԿ կոնվենցիա), եթե ՆՎՎԿՄԿ կոնվենցիան հասանելի է,
(ii) Ներդրումների վերաբերյալ վեճերի կարգավորման կենտրոնի լրացուցիչ օժանդակ կանոնների շրջանակներում (այսուհետ` ՆՎՎԿՄԿ լրացուցիչ օժանդակ կանոններ), եթե ՆՎՎԿՄԿ լրացուցիչ օժանդակ կանոնները հասանելի են,
(iii) Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային առևտրային իրավունքի հարցերով հանձնաժողովի արբիտրաժային կանոնների (այսուհետ՝ ՄԱԿՄԱԻՀՀ արբիտրաժային կանոններ) շրջանակներում,.6 կամ
(iv) արբիտրաժային ցանկացած այլ հաստատության կամ ցանկացած այլ արբիտրաժային կանոնների շրջանակներում, եթե վեճի երկու կողմերը համաձայնում են:
3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ այսուհետ համաձայնում է վեճն արբիտրաժային քննության հանձնել սույն Համաձայնագրով նախատեսված ընթացակարգերին համապատասխան: Սույն հոդվածի ներքո համաձայնություն տալը և հայցն արբիտրաժային քննության ներկայացնելը պետք է բավարարեն հետևյալի պահանջները.
(a) ՆՎՎԿՄԿ կոնվենցիայի II գլխի (Կենտրոնի իրավազորությունը) դրույթները և ՆՎՎԿՄԿ լրացուցիչ օժանդակ կանոնները վեճի կողմերի գրավոր համաձայնության վերաբերյալ, և
(b) «Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին» կոնվենցիայի (Նյու Յորքի կոնվենցիա) II հոդվածի՝ «գրավոր համաձայնության» մասով:
4. Վեճը ներդրողի կողմից վեճի կողմ հանդիսացող Պայմանավորվող կողմի դատարան կամ վարչական տրիբունալներ կամ 2-րդ կետով նախատեսված արբիտրաժային ցանկացած քննության ներկայացնելուց հետո ընթացակարգի ընտրությունը վերջնական է:
5. Սույն հոդվածի ներքո արբիտրաժային քննության ներկայացված վեճի կողմի կողմից` վեճի սպասվող լուծումից իր իրավունքների և շահերի պաշտպանության համար ժամանակավոր հայցի պահանջը, որը չի ներառում վնասների դիմաց վճարում դատական կամ վարչական տրիբունալներից, չի դիտարկվում որպես լուծման համար վեճի ներկայացում Պայմանավորվող կողմի` սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված համաձայնության սահմանափակման նպատակով և թույլատրելի է արբիտրաժային քննության շրջանակներում՝ սույն հոդվածի 2-րդ կետի (b) ենթակետի ցանկացած դրույթի համաձայն:
6. Վեճը կարող է հանձնվել արբիտրաժային քննության՝ վեճի կողմ հանդիսացող Պայմանավորվող կողմի կողմից այդպիսի մտադրության մասին ծանուցումն ստանալու օրվանից իննսուն (90) օրվա ընթացքում: Մտադրության մասին ծանուցման մեջ պետք է նշվի՝
(a) հայց ներկայացնողի անունն ու հասցեն, իսկ հայցը ձեռնարկության անունից ներկայացնելու դեպքում՝ ձեռնարկության անվանումը, հասցեն և հիմնադրման վայրը,
(b) յուրաքանչյուր հայցի համար՝ սույն Համաձայնագրի՝ ենթադրաբար խախտված դրույթները և դրանց առնչվող ցանկացած այլ դրույթ,
(c) յուրաքանչյուր հայցի իրավական ու փաստական հիմքերը, և
(d) հայցվող միջոցը, ներառյալ` հայտարարված ցանկացած վնասի փոխհատուցման մոտավոր գումարը:
7. Վեճն արբիտրաժային քննության կարող է հանձնվել ոչ ուշ, քան երեք (3) տարվա ընթացքում այն օրվանից, երբ ներդրողն առաջին անգամ իմացել է կամ պետք է իմանար վեճի առաջացման համար հիմք հանդիսացած հանգամանքների մասին:
8. Սույն հոդվածի 2-րդ կետի երկրորդ նախադասության դրույթները չեն կիրառվում Պայմանավորվող կողմի՝ 16-րդ հոդվածի (Ֆինանսական ծառայությունների նկատմամբ բացառություններ) գործողության շրջանակներում գտնվող գործողությունների նկատմամբ: Պայմանավորվող կողմի ներդրողի կողմից հայցը սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան արբիտրաժային քննության ներկայացվելու և պատասխանողի կողմից 16-րդ հոդվածը որպես պաշտպանություն վկայակոչվելու դեպքում պետք է կիրառվեն հետևալ դրույթները.
(a) պատասխանողը պետք է հայցը սույն հոդվածին համապատասխան արբիտրաժային քննության ներկայացնելու օրվանից հարյուր քսան (120) օրվա ընթացքում գրավոր դիմի երկու Պայմանավորվող կողմերի կողմից հիմնադրված ժամանակավոր (ad hoc) Համատեղ կոմիտեին՝.7 արդյոք 16-րդ հոդվածը կարող է համարվել հայցի նկատմամբ որպես հիմնավորված պաշտպանություն և ինչ սահմաններում հարցի վերաբերյալ համատեղ որոշում կայացնելու պահանջով: Պատասխանողը պետք է տրիբունալին, կազմավորված լինելու դեպքում, անհապաղ ներկայացնի նման պահանջի պատճենը: Հայցի առնչությամբ արբիտրաժային քննությունը կարող է շարունակվել միայն (d) ենթակետում նախատեսված դեպքում:
(b) Ժամանակավոր (ad hoc) Համատեղ կոմիտեն պետք է փորձի բարեխղճորեն որոշում կայացնել՝ (a) ենթակետով սահմանված կարգով: Ցանկացած նման որոշման մասին պետք է անհապաղ տեղեկացնել վեճի կողմերին և տրիբունալին՝ կազմավորված լինելու դեպքում: Այդ որոշումը տրիբունալի կողմից կատարման համար պարտադիր է:
(c) Եթե Ժամանակավոր (ad hoc) Համատեղ կոմիտեն (a) ենթակետի շրջանակներում որոշում կայացնելու վերաբերյալ պատասխանողի գրավոր պահանջը ստանալու օրվանից իննսուն (90) օրվա ընթացքում որոշում չի կայացնում այդ ենթակետով սահմանված կարգով, տրիբունալն է որոշում կայացնում ժամանակավոր (ad hoc) Համատեղ կոմիտեի կողմից չլուծված հարցի վերաբերյալ:
(d) (a) ենթակետով նախատեսված արբիտրաժային քննությունը դադարեցվում է՝ ժամանակավոր (ad hoc) Համատեղ կոմիտեի կողմից անցկացվող քննարկումների ընթացքում և կարող է շարունակվել տվյալ հայցի առնչությամբ՝
(i) (ad hoc) Համատեղ Կոմիտեի որոշումը վեճի կողմերի և կազմավորված լինելու դեպքում՝ արբիտրաժային տրիբունալի կողմից ստանալու օրվանից տասն (10) օր հետո, կամ
(ii) (c) ենթակետով նախատեսված ժամանակավոր (ad hoc) Համատեղ կոմիտեի վրա տարածվող իննսունօրյա ժամկետը լրանալուց տասն (10) օր հետո:
9. Վեճի կողմերը կարող են համաձայնության գալ սույն հոդվածի 2-րդ (b) ենթակետի շրջանակներում կիրառելի արբիտրաժային կանոններով արբիտրաժային ցանկացած քննության անցկացման վայրի շուրջ: Եթե վեճի կողմերը համաձայնություն ձեռք չեն բերում, տրիբունալն այդ վայրը պետք է որոշի արբիտրաժային քննության կիրառելի կանոններին համապատասխան՝ պայմանով, որ այդ վայրը կլինի այն պետության տարածքում, որը Նյու Յորքի կոնվենցիայի կողմ է։
10. Պայմանավորվող կողմը չպետք է, որպես պաշտպանություն, ներկայացնի հակընդդեմ հայց, փոխհատուցման իրավունք կամ ցանկացած այլ պատճառ, որ համաձայն ծախսերի հատուցման, երաշխիքի կամ ապահովագրական պայմանագրի` ստացել է կամ պետք է ստանա որպես իր կրած վնասների մասնակի կամ ամբողջական հատուցում կամ այլ բնույթի փոխհատուցում:
11. Արբիտրաժային տրիբունալն իր որոշման մեջ պետք է նշի օրենքի և փաստերի վերաբերյալ իր եզրահանգումները՝ որոշման ընդունման հիմքերի հետ միասին, և կարող է, կողմերից մեկի պահանջով, ապահովել դատական պաշտպանության հետևյալ ձևերը.
(a) հայտարարություն այն մասին, որ Պայմանավորվող կողմը չի կատարել սույն Համաձայնագրում նշված իր պարտավորությունները,
(b) նյութական փոխհատուցում, որը պետք է ներառի տոկոսներ՝ հաշված կորուստը կամ վնասը առաջանալու պահից մինչև այն պահը, երբ վճարումը կատարվել է կամ պետք է կատարվի,
(c) համապատասխան դեպքերում՝ բնամթերքով փոխհատուցում՝ պայմանով, որ Պայմանավորվող կողմը դրա փոխարեն հնարավորություն ունենա վճարելու դրամական փոխհատուցում, եթե բնամթերքով փոխհատուցումը կիրառելի չէ պատասխանող Պայմանավորվող կողմի՝ բարեխղճորեն կայացված որոշմամբ, և
(d) վեճի կողմերի համաձայնությամբ` իրավական պաշտպանության ցանկացած այլ ձև:
12. Արբիտրաժի որոշումը վերջնական է և վեճի կողմերի կողմից կատարման համար պարտադիր: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է ապահովի ընդունված որոշման կատարումն իր պետության տարածքում: