Անցնել բովանդակությանը

Հոդված 19

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19

Ուժի մեջ մտնելը, գործողության ժամկետը և դադարեցումը

1. Պայմանավորվող կողմերը միմյանց գրավոր կծանուցեն սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ իրենց ներպետական իրավական ընթացակարգերի կատարման ավարտի մասին: Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի վերջին ծանուցումն ստանալու օրվանից երեսուն (30) օր հետո:

2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմնա տասը (10) տարի: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ծանուցել սույն Համաձայնագրի դադարեցման մասին ոչ պակաս, քան մեկ (1) տարի առաջ մինչև Համաձայնագրի գործողության ժամկետը լրանալը: Այդպիսի ծանուցում չկատարելու դեպքում սույն Համաձայնագիրը կշարունակի ուժի մեջ մնալ անորոշ ժամկետով մինչև Պայմանավորվող կողմերից մեկը մյուս Պայմանավորվող կողմին մեկ (1) տարի առաջ գրավոր տեղեկացնի սույն Համաձայնագիրը դադարեցնելու իր մտադրության մասին:

3. Նախքան սույն Համաձայնագրի դադարեցումը կատարված ներդրումների մասով սույն Համաձայնագրի 1-18-րդ հոդվածների դրույթները գործում են դադարեցման օրվան հաջորդող տասը (10) տարի ժամկետով:

4. Սույն Համաձայնագիրը կարող փոփոխվել Պայմանավորվող կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ։ Սույն Համաձայնագրի ցանկացած փոփոխությունը կամ դադարեցումը իրականացվում է առանց սահմանափակելու սույն Համաձայնագրի շրջանակներում ծագող կամ առաջացած ցանկացած իրավունքը կամ պարտավորությունը ՝ մինչև այդպիսի փոփոխության կամ դադարեցման ուժի մեջ մտնելու օրը:

Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՎԵՐՈԳՐՅԱԼԻ՝ ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով լիազորված իրենց համապատասխան կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

Կատարված է Երևան քաղաքում, 2018 թվականի հոկտեմբերի 19-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, կորեերեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են: Մեկնաբանման հետ կապված ցանկացած տարաձայնության դեպքում գերակայում է անգլերեն տեքստը։

ՀԱՎԵԼՎԱԾ I

ՕՏԱՐՈՒՄԸ

Պայմանավորվող կողմերը հաստատում են իրենց համաձայնությունը, որ.

1. Պայմանավորվող կողմի գործողությունը կամ գործողությունների շարքը չի համարվում օտարում, եթե այն չի խոչընդոտում ներդրման հետ կապված նյութական կամ ոչ նյութական գույքային իրավունքներին:

2. 5-րդ հոդվածը (Օտարումը և փոխհատուցումը) հասցեագրում է երկու իրավիճակ: Առաջինը ուղղակի օտարումն է, երբ ներդրումը ազգայնացվում է կամ այլ կերպով ուղղակիորեն օտարվում է՝ բացահայտ առգրավմամբ կամ սեփականության իրավունքի պաշտոնական փոխանցմամբ:

3. 5-րդ հոդվածը (Օտարումը և փոխհատուցումը) հասցեագրող երկրորդ իրավիճակը անուղղակի օտարումն է, երբ Պայմանավորվող կողմի գործողությունը կամ գործողությունների շարքն առաջացնում է ուղղակի օտարմանը համարժեք հետևանքներ՝ առանց բացահայտ առգրավման կամ սեփականության իրավունքի պաշտոնական փոխանցման:

(a) Պայմանավորվող կողմի գործողությունը կամ գործողությունների շարքը որոշակի փաստացի իրավիճակում անուղղակի օտարում համարելու կամ չհամարելու հարցը պահանջում է յուրաքանչյուր դեպքի համար առանձին, փաստերի վրա հիմնված հարցում, որով դիտարկվում են ներդրումներին վերաբերող բոլոր համապատասխան գործոնները, ներառյալ՝

(i) կառավարության գործողության տնտեսական ազդեցությունը՝ չնայած այն փաստին, որ Պայմանավորվող կողմի գործողության կամ գործողությունների շարքի՝ ներդրումների տնտեսական արժեքի վրա բացասական ազդեցություն ունենալու հանգամանքը, առանձին վերցրած, չի հաստատում, որ տեղի է ունեցել անուղղակի օտարում,

(ii) ներդրումների՝ որոշակի, ողջամիտ սպասումներին կառավարության գործողության խոչընդոտելու սահմանները.9, և

(iii) կառավարության գործողության բնույթը, ներառյալ դրա նպատակները և համատեքստը: Համապատասխան նկատառումները կարող են ներառել. արդյոք կառավարության` հանրային շահերի պահպանման համար իրականացված գործողությունը առանձին ներդրողին կամ ներդրմանը հատուկ վնաս է պատճառում, որը գերազանցում է այն, ինչ ներդրողի կողմից կամ ներդրումներով ակնկալվում էր:

(b) Բացառությամբ հազվադեպ հանգամանքների, ինչպես, օրինակ, երբ գործողությունը կամ գործողությունների շարքը չափազանց խիստ կամ անհամաչափ է իր նպատակի կամ ազդեցության տեսանկյունից, Պայմանավորվող կողմի ոչ խտրական կարգավորիչ գործողությունները, որոնք նախատեսված են և կիրառվում են հասարակության բարեկեցության իրավաչափ նպատակների պաշտպանության համար, ինչպիսիք են՝ հասարակության առողջությունը, անվտանգությունը, շրջակա միջավայրը և անշարժ գույքի գնային կայունացումը (օրինակ՝ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված գործողություններ), չեն համարվում անուղղակի օտարում:.10

4. Անուղղակի օտարումը նախատեսված չէ կասեցնելու Պայմանավորվող կողմի օրինական կարգավորող մարմնի կողմից ընդունված կառավարական գործողությունը, որը համապատասխանում է սույն Համաձայնագրի այլ դրույթներին:

ՀԱՎԵԼՎԱԾ II

ՀԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՕՏԱՐՈՒՄԸ

Հարկային գործողությունը որոշակի փաստացի իրավիճակում օտարում համարելու կամ չհամարելու հարցը պահանջում է յուրաքանչյուր դեպքի համար առանձին, փաստերի վրա հիմնված հարցում, որով դիտարկվում են ներդրումներին վերաբերող բոլոր համապատասխան գործոնները, ներառյալ հավելված I-ում թվարկված գործոնները և հետևյալ նկատառումները.

(a) հարկեր սահմանելն ընդհանուր առմամբ չի համարվում օտարում: Ներդրումների մասով զուտ նոր հարկային գործողության ներդրումը կամ հարկային գործողություն սահմանելը մեկից ավելի իրավազորության դեպքում ընդհանուր առմամբ որպես այդպիսին չի համարվում օտարում,

(b) միջազգայնորեն ճանաչված հարկային քաղաքականություններին, սկզբունքներին և փորձին համապատասխանող հարկային գործողությունը չպետք է ենթադրի օտարում: Մասնավորապես` հարկային գործողություններից խուսափելը կամ դրանք շրջանցելը կանխարգելմանն ուղղված հարկային գործողությունն ընդհանուր առմամբ չի համարվում օտարում,

(c) ոչ խտրական հիմքով կիրառվող հարկային գործողությունը՝ ի հակադրություն կոնկրետ քաղաքացիություն ունեցող ներդրողներին կամ որոշակի հարկատուներին թիրախավորող հարկային գործողության, ավելի քիչ հավանական է, որ կհամարվի օտարում, և

(d) ընդհանուր առմամբ հարկային գործողությունն օտարում չի համարվում, եթե այն արդեն գործել է ներդրումը կատարելիս, և երբ գործողության մասին տեղեկությունը եղել է հանրամատչելի:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019թ. հոկտեմբերի 3-ին

__________________

.1 Պարտքի որոշ տեսակներ, ինչպիսիք են պարտատոմսերը, պարտքի հանձնառությունները և երկարաժամկետ մուրհակները, ավելի հավանական է, որ ունենան ներդրումներին բնորոշ հատկանիշներ, մինչդեռ պարտքի այլ տեսակներն ավելի քիչ հավանական է, որ ունենան նման հատկանիշներ:

.2 Առանձին տեսակի լիցենզիայի, արտոնագրի, թույլտվության կամ համանման գործիքի (ներառյալ` կոնցեսիան, այնքանով, որքանով այն արտացոլում է այդպիսի գործիքի բնույթը)` ներդրումներին բնորոշ հատկանիշներ ունենալու հանգամանքը կախված է այնպիսի գործոններից, ինչպիսիք են Պայմանավորվող կողմի օրենսդրության ներքո իրավատիրոջ իրավունքների բնույթն ու ծավալը: Lիցենզիաների, արտոնագրերի, թույլտվությունների և համանման գործիքների շարքում, որոնք չունեն ներդրումներին բնորոշ հատկանիշներ, առկա են այնպիսիք, որոնք չեն ստեղծում ներքին օրենսդրությամբ պաշտպանվող որևէ իրավունք: Առավել հստակության համար՝ վերոնշյալը չի սահմանափակում լիցենզիային, արտոնագրին, թույլտվությանը կամ համանման գործիքին առնչվող ցանկացած գույքի՝ ներդրումներին բնորոշ հատկանիշներ ունենալու հանգամանքը:

.3 «Ներդրումներ» հասկացությունը չի ներառում դատական կամ վարչական վարույթի շրջանակներում ընդունված որոշում կամ վճիռ:

.4 Առավել հստակության համար՝ շուկայի մասնաբաժինը, շուկային հասանելիությունը, ակնկալվող օգուտը և շահույթ ստանալու հնարավորությունները, որպես այդպիսիք, ներդրում չեն:

.5 5-րդ հոդվածը (Օտարումը և փոխհատուցումը) մեկնաբանվում է հավելվածներին համապատասխան:

.6 Պայմանավորվող կողմերի կողմից այլ համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային առևտրային իրավունքի հարցերով հանձնաժողովի՝ թափանցիկության վերաբերյալ կանոնները՝ հիմնադիր պայմանագրերի հիման վրա ներդրող-պետություն արբիտրաժային քննության շրջանակներում (ՄԱԿ-ի փաստաթուղթ A/CN.9/783), (ՄԱԿՄԱԻՀՀ թափանցիկության վերաբերյալ կանոններ) չեն կիրառվում 11-րդ հոդվածի 2(b)(iii) կետին համապատասխան նախաձեռնած արբիտրաժային քննության նկատմամբ: Պայմանավորվող կողմերն անցկացնում են խորհրդակցություններ ցանկացած Պայմանավորվող կողմի պահանջով՝ 11-րդ հոդվածի 2(b)(iii) կետին համապատասխան նախաձեռնած արբիտրաժային քննության նկատմամբ ՄԱԿՄԱԻՀՀ թափանցիկության վերաբերյալ կանոնների հետագա կիրառման մասին:

.7 Ժամանակավոր (ad hoc) Համատեղ կոմիտեն կազմավորվում է 16-րդ հոդվածով նախատեսված պաշտպանությունը վկայակոչող պատասխանող Պայմանավորվող կողմի պահանջով և կազմվում է երկու Պայմանավորվող կողմերի կողմից նշանակված կառավարության ներկայացուցիչներից:

.8 Սույն հոդվածի նպատակներով «իրավասու հարկային մարմին» նշանակում է՝ Հայաստանի Հանրապետության համար՝ ֆինանսների նախարարություն և Պետական եկամուտների կոմիտե, իսկ Կորեայի Հանրապետության համար՝ Ռազմավարության և ֆինանսների նախարարություն կամ Ազգային հարկային ծառայություն:

.9 Առավել հստակություն ապահովելու համար. այն հարցը, թե արդյո՞ք ներդրողի ներդրումների սպասումները ողջամիտ են, մասամբ պայմանավորված է համապատասխան ոլորտում կառավարության կողմից իրականացվող կարգավորիչ գործողությունների բնույթով և ծավալով: Օրինակ՝ ներդրողի սպասումը, թե կարգավորումները չեն փոփոխվի խիստ կարգավորվող ոլորտի համար ավելի քիչ հավանական է, որ ողջամիտ են, քան ավելի նվազ խստությամբ կարգավորվող ոլորտի համար:

.10 Առավել հստակություն ապահովելու համար. (b) ենթակետում «հասարակության բարեկեցության իրավաչափ նպատակների» ցանկը սպառիչ չէ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։