Հոդված 6
Հոդված 6
Փոխանցումները
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի համար երաշխավորում է դեպի իր պետության տարածք և իր պետության տարածքից դուրս կատարվող ներդրումների հետ կապված բոլոր վճարումների ազատ փոխանցումը: Նման փոխանցումները ներառում են մասնավորապես, սակայն ոչ բացառապես`
(a) ներդրումների պահպանման կամ ընդլայնման համար սկզբնական կապիտալը և լրացուցիչ գումարները,
(b) ներդրումներից առաջացած գումարները և մասնավորապես, սակայն ոչ բացառապես՝ շահույթը, տոկոսը, կապիտալի աճը, շահաբաժինները, ռոյալթիները և բոլոր տեսակի վճարները,
(c) պայմանագրով, ներառյալ` վարկային համաձայնագրով կատարվող վճարումները,
(d) ներդրումների ամբողջական կամ մասնակի վաճառքից կամ իրացումից ստացվող միջոցները,
(e) 4-րդ (Կորուստների փոխհատուցումը) և 5-րդ (Օտարումը և փոխհատուցումը) հոդվածների համաձայն կատարված վճարումները,
f) սույն Համաձայնագրի շրջանակում վեճի լուծումից առաջացող վճարումները և
g) ներդրումների առնչությամբ արտասահմանից ներգրավված անձնակազմի եկամուտները և վարձատրության այլ տեսակները:
2. Սույն Համաձայնագրի շրջանակում բոլոր փոխանցումները պետք է, առանց անհիմն սահմանափակման կամ հետաձգման, կատարվեն ազատ փոխարկելի արժույթով` փոխանցումը կատարելու օրը արտարժույթի փոխանակման շուկայում գործող փոխարժեքով:
3. Չհակասելով սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին՝ Պայմանավորվող կողմը կարող է հետաձգել կամ կանխել փոխանցումը՝ իր գործողությունների և օրենքների արդարացի, ոչ խտրական և բարեխիղճ կիրառմամբ, որոնք վերաբերում են՝
(a) սնանկությանը, անվճարունակությանը կամ պարտատերերի իրավունքների պաշտպանությանը,
(b) արժեթղթերի թողարկմանը, առուվաճառքին կամ դիլինգային գործառնությանը,
(c) քրեական կամ այլ իրավախախտումներին,
(d) փոխանցումների վերաբերյալ ֆինանսական հաշվետվություններ կամ հաշիվներ վարելուն, երբ անհրաժեշտ է աջակցել իրավապահ կամ ֆինանսական կարգավորող մարմիններին, կամ
(e) դատական կամ վարչական վարույթների շրջանակներում որոշումներին կամ վճիռներին համապատասխանությունն ապահովելուն:
4. Պայմանավորվող կողմը կարող է սահմանել կամ պահպանել սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին չհամապատասխանող գործողություններ.
(a) արտաքին ֆինանսական և վճարային հաշվեկշռի հետ կապված լուրջ դժվարությունների կամ դրանց վտանգի դեպքում, կամ
(b) այն դեպքերում, երբ բացառիկ հանգամանքներում կապիտալի շարժն առաջացնում է կամ սպառնում է առաջացնել լուրջ խնդիրներ մակրոտնտեսական կառավարման համար, մասնավորապես՝ դրամավարկային և արժութային քաղաքականությունների առումով։
5. Սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված գործողությունները պետք է՝
(a) չգերազանցեն մեկ տարի ժամանակահատվածը. սակայն եթե ի հայտ են գալիս ծայրահեղ բացառիկ հանգամանքներ, այնպիսիք, որ Պայմանավորվող կողմը փորձում է երկարաձգել այդպիսի գործողությունները, այդ Պայմանավորվող կողմը պետք է նախապես համաձայնեցնի մյուս Պայմանավորվող կողմի հետ՝ ցանկացած առաջարկվող երկարաձգում կիրառելու վերաբերյալ,
(b) համապատասխանեն Արժույթի միջազգային հիմնադրամի համաձայնագրի հոդվածներին,
(c) լինեն ոչ խտրական,
(d) չսահմանազանցեն այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված պայմաններին առնչվելու համար,
(e) կրեն ժամանակավոր բնույթ և անհապաղ վերացվեն, եթե պայմանները թույլ են տալիս,
(f) բռնագրավման ենթակա չլինեն,
(g) անհապաղ տեղեկացվեն մյուս Պայմանավորվող կողմին,
(h) չհանդիսանան արտարժույթի՝ կրկնակի կամ բազմակի փոխանակման պրակտիկա,
(i) ընթացիկ գործարքների համար չսահմանափակեն վճարումները կամ փոխանցումները, եթե այդպիսի գործողությունների իրականացումը համապատասխանում է Արժույթի միջազգային հիմնադրամի մասին համաձայնագրի հոդվածներով սահմանված ընթացակարգերին, և
(j) չխոչընդոտեն օտարերկրյա ուղղակի ներդրումների հետ կապված վճարումները կամ փոխանցումները: