Հոդված 13
Հոդված 13
Սարքավորումների և փրկարարական միջոցների ներկրումը և արտահանումը արտակարգ իրավիճակների վերացման ժամանակ
1. Արտակարգ իրավիճակների վերացման ժամանակ օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ գույքն ու փրկարարական սարքավորումները, որոնք ներկրվում են Կողմերի պետությունների տարածք կամ արտահանվում են այդ տարածքից, մաքսային ընթացակարգերն անցնում են առաջնահերթության կարգով՝ Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան:
2. Տրամադրող Կողմի օգնության ցուցաբերման խմբի ղեկավարը պարտավոր է ունենալ ներկրվող սարքավորումների և փրկարարական միջոցների ցանկ` տրված տրամադրող Կողմի իրավասու մարմնի կողմից:
3. Տրամադրող Կողմի օգնության ցուցաբերման խմբերին արգելվում է հարցում կատարող Կողմի պետության տարածք ներկրել կամ հարցում կատարող Կողմի պետության տարածքից արտահանել որևէ ապրանք՝ բացի գույքից և փրկարարական սարքավորումներից:
4. Օգնության ցուցաբերման աշխատանքների ավարտից հետո ներկրված գույքը ենթակա է արտահանման հարցում կատարող Կողմի պետության տարածքից: Եթե հատուկ հանգամանքների առկայության դեպքում հնարավոր չէ արտահանել գույքը, ապա այն կարող է որպես օգնություն անհատույց փոխանցվել հարցում կատարող Կողմի իրավասու մարմնին` համաձայնեցված պայմաններով: Այդ դեպքում անհրաժեշտ է տրամադրող Կողմի իրավասու մարմնի կողմից հարցում կատարող Կողմի մաքսային մարմիններին տեղեկացնել այդ մասին` նշելով փոխանցվող գույքի տեսակները, քանակը և գտնվելու վայրը:
5. Բժշկական օգնության ցուցաբերման խմբերը ժամանում են իրենց հաստիքային սարքավորումներով: Տուժածներին շտապ բժշկական օգնության ցուցաբերման անհրաժեշտության դեպքում հարցում կատարող Կողմի պետության տարածք կարող են ներկրվել թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող անհրաժեշտ քանակությամբ բժշկական դեղամիջոցներ` այդ նյութերի անվանացուցակը, քանակները և օգտագործման վայրը (այսուհետ` համաձայնեցված ցուցակ) պարտադիր կերպով համաձայնեցնելով Կողմերից յուրաքանչյուրի՝ թմրանյութերի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմինների հետ: Օգնության ցուցաբերման խմբի ղեկավարը համաձայնեցված ցուցակը ներկայացնում է հարցում կատարող և օգնություն տրամադրող Կողմերի մաքսային մարմիններին:
6. Նշված բժշկական դեղամիջոցներն օգտագործվում են բացառապես որակավորված բժշկական անձնակազմի կողմից` Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան, և ենթակա չեն փոխանցման հարցում կատարող Կողմին: Հարցում կատարող Կողմն իրավունք ունի իրականացնելու բժշկական դեղամիջոցների օգտագործման ստուգումներ դրանց կիրառման վայրերում:
7. Թմրանյութեր և հոգեմետ նյութեր պարունակող չօգտագործված բժշկական դեղամիջոցները ենթակա են արտահանման հարցում կատարող Կողմի մաքսային վերահսկողությամբ: