Հոդված 14
Հոդված 14
ԵԿԱՄՈՒՏ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
1. Հաշվի առնելով 15-րդ, 17-րդ և 18-րդ հոդվածների դրույթները` Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից վարձու աշխատանքի դիմաց ստացված աշխատավարձը, ռոճիկը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում, եթե միայն վարձու աշխատանքը չի կատարվում մյուս Պայմանավորվող պետությունում: Եթե վարձու աշխատանքը կատարվում է այդ կերպով, դրանից ստացված վարձատրությունը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Անկախ 1-ին կետի դրույթներից` Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում կատարվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը ենթակա է հարկման միայն առաջինը նշված Պետությունում, եթե.
a) ստացողը դիտարկվող ֆինանսական տարվա ընթացքում սկսվող կամ ավարտվող ցանկացած տասներկուամսյա ժամանակահատվածում գտնվում է մյուս Պետությունում ընդհանուր առմամբ 183 օրը չգերազանցող ժամանակահատվածով կամ ժամանակահատվածներով, և
b) վարձատրությունը վճարվում է մյուս Պետության ռեզիդենտ չհանդիսացող գործատուի կողմից կամ նրա անունից, և
c) վարձատրության ծախսերը չի կրում գործատուի՝ մյուս Պետությունում ունեցած մշտական հաստատությունը:
3. Անկախ սույն հոդվածի նախորդ դրույթներից՝ միջազգային փոխադրումներում շահագործվող նավի տախտակամածի վրա կամ օդանավում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը, որը վճարվել է Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից, կարող է հարկվել այդ Պետությունում:
4. Անկախ 3-րդ կետի դրույթներից՝ Դանիայում գտնվող՝ դանիական, նորվեգական և շվեդական օդային տրանսպորտի կոնսորցիում Սկանդինավյան ավիաուղիների համակարգ (ՍԱՀ)-ի մշտական հաստատությունից ստացված եկամուտները՝ միջազգային փոխադրումներում շահագործվող նավի տախտակամածի վրա կամ օդանավում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց, կարող են հարկվել Դանիայում: