Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐ

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված շահաբաժինները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Այնուամենայնիվ, մի Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության կողմից վճարվող շահաբաժինները կարող են նաև հարկվել այդ Պետությունում` այդ Պետության օրենքների համաձայն. սակայն եթե այդ շահաբաժինների փաստացի սեփականատերը հանդիսանում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, այդ ձևով գանձված հարկը չի կարող գերազանցել`

a) շահաբաժինների համախառն գումարի 0 տոկոսը, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը ընկերություն է, որն ուղղակիորեն տնօրինում է շահաբաժինները վճարող ընկերության կապիտալի առնվազն 50 տոկոսը և շահաբաժիններ վճարող ընկերության կապիտալում ներդրել է ավելի քան 2 միլիոն եվրո կամ դրա համարժեքը՝ հայկական կամ դանիական փոխարժեքով` շահաբաժիններ վճարելու ամսաթվի դրությամբ.

b) շահաբաժինների համախառն գումարի 0 տոկոսը, եթե շահաբաժինների փաստացի սեփականատեր է հանդիսանում մյուս Պայմանավորվող պետությունը կամ այդ մյուս Պայմանավորվող պետության կենտրոնական բանկը կամ ցանկացած ազգային գործակալություն կամ ցանկացած այլ գործակալություն (ներառյալ՝ ֆինանսական ինստիտուտ), որոնք պատկանում են այդ մյուս պետության կառավարությանը.

c) շահաբաժինների համախառն գումարի 5 տոկոսը, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը ընկերություն է, որն ուղղակիորեն տնօրինում է շահաբաժինները վճարող ընկերության կապիտալի առնվազն 10 տոկոսը և շահաբաժիններ վճարող ընկերության կապիտալում ներդրել է ավելի քան 100,000 եվրո կամ դրա համարժեքը՝ հայկական կամ դանիական փոխարժեքով՝ շահաբաժիններ վճարելու ամսաթվի դրությամբ.

d) շահաբաժինների համախառն գումարի 15 տոկոսը` մյուս բոլոր դեպքերում:

Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխադարձ համաձայնությամբ կորոշեն այս սահմանափակումների կիրառման եղանակը: Սույն կետը չի ազդում ընկերության հարկման վրա այն շահույթի մասով, որից վճարվում են շահաբաժինները:

3. «Շահաբաժիններ» եզրույթը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է՝ եկամուտ բաժնեմասերից, «jouissance»-ի բաժնեմասերից կամ «jouissance»-ի իրավունքներից, հանքարդյունահանման բաժնեմասերից, հիմնադիրների բաժնեմասերից կամ այլ իրավունքներ, որոնք չեն հանդիսանում պարտապահանջ, շահույթում մասնակցությունից, ինչպես նաև այլ կորպորատիվ իրավունքներից ստացվող եկամուտներ, որոնք ենթակա են հարկման նույն մոտեցմանը, որոնք կիրառելի են բաժնեմասերի եկամտի նկատմամբ՝ այն պետության օրենքների համաձայն, որի ռեզիդենտն է շահաբաժիններ վճարող ընկերությունը:

4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է շահաբաժիններ վճարող ընկերությունը, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և մասնակցությունը, որի համար վճարվում են շահաբաժինները, փաստացի կապված է այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:

5. Այն դեպքում, երբ Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությունը շահույթ կամ եկամուտ է ստանում մյուս Պայմանավորվող պետությունից, այդ մյուս Պետությունը չի կարող հարկել ընկերության կողմից վճարված շահաբաժինները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի շահաբաժինները վճարվում են այդ մյուս Պետության ռեզիդենտին, կամ երբ մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, փաստացի կապված է այդ մյուս Պետությունում գտնվող մշտական հաստատության հետ, ոչ էլ կարող է ընկերության չբաշխված շահույթը ենթարկել հարկման ընկերության չբաշխված շահույթից գանձվող հարկով, եթե անգամ վճարված շահաբաժինները կամ չբաշխված շահույթն ամբողջությամբ կամ մասամբ կազմված են այդ մյուս Պետությունում առաջացող շահույթից կամ եկամտից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։