Հոդված 31
Հոդված 31
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմնա մինչև Պայմանավորվող պետություններից մեկի կողմից դրա գործողության դադարեցումը: Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Կոնվենցիայի գործողությունը՝ դիվանագիտական ուղիներով դադարեցման մասին ծանուցում ներկայացնելով սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու տարվանից հինգ տարի հետո սկսվող ցանկացած օրացուցային տարվա ավարտից առնվազն վեց ամիս առաջ: Այդ դեպքում Կոնվենցիան դադարեցնում է իր գործողությունը.
i) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ` ծանուցում տալու տարվան հաջորդող օրացուցային առաջին տարվա հունվարի առաջին օրը կամ դրանից հետո վճարվելիք գումարների համար, և
ii) այլ հարկերի առնչությամբ` ծանուցում տալու տարվան հաջորդող օրացուցային առաջին տարվա հունվարի առաջին օրը կամ դրանից հետո սկսվող եկամտային տարվա համար:
Ի վկայություն որի՝ ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Կատարված է Կոպենհագեն քաղաքում, 2018 թվականին մարտի 14-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, դանիերեն և անգլերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերը հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ առաջացած տարաձայնության դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՂՄԻՑ՝ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ
ԿՈՂՄԻՑ՝
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև` եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին Կոնվենցիայի
Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին Կոնվենցիայի ստորագրման պահին ներքոստորագրյալները համաձայնության եկան հետևյալ դրույթների շուրջ, որոնք կազմում են սույն Կոնվենցիայի անբաժանելի մասը.
1. Կոնվենցիայի մեկնաբանումը
Համաձայնեցված է, որ սույն Կոնվենցիայի դրույթները, որոնք մշակվել են եկամտի և գույքի մասին ՏՀԶԿ հարկային համաձայնագրի մոդելի համապատասխան դրույթների հիման վրա, ընդհանուր առմամբ ունեն այն նույն նշանակությունը, որ տրված է ՏՀԶԿ Մեկնաբանություններում: Նշված համաձայնեցումը չի վերաբերում.
a) ցանկացած Պայմանավորվող պետության կողմից՝ ՏՀԶԿ մոդելում կամ նրա Մեկնաբանություններում առկա վերապահումներին կամ դիտողություններին.
b) սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո իրավասու մարմինների կողմից համաձայնեցված ցանկացած հակասական մեկնաբանության:
ՏՀԶԿ Մեկնաբանությունները, որոնք կարող են ժամանակ առ ժամանակ վերանայվել, հանդիսանում են մեկնաբանման միջոց 1969 թվականի մայիսի 23-ի՝ «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի իմաստով:
2. Հարկման նպատակով թափանցիկ միավորներ
Այն դեպքում, երբ եկամտի որևէ տեսակի ստացումն անձից կամ անձի միջոցով, որը Պայմանավորվող պետություններից որևէ մեկի օրենքների շրջանակներում համարվում է հարկման նպատակով թափանցիկ, այդ տեսակը կհամարվի ստացված Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից այնքանով, որքանով այդ տեսակը համարվում է ռեզիդենտի եկամուտ այդ Պետության հարկային օրենսդրության նպատակներով:
3. 5-րդ հոդվածի 5-րդ կետի առնչությամբ
Համաձայնեցված է, որ «առաքում» հասկացությունն իր մեջ չի ներառում որևէ խանութ, որն զբաղվում է առևտրով ապրանքի առաքման համար նախատեսված վայրում:
4. 7-րդ հոդվածի 3-րդ կետի առնչությամբ
Համաձայնեցված է, որ Պայմանավորվող պետության կողմից նվազեցման համար թույլատրելի ծախսերը ներառում են միայն այն ծախսերը, որոնք ենթակա են նվազեցման այդ Պետության ներպետական օրենսդրության համաձայն:
Ի ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՈՐԻ` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Կատարված է Կոպենհագեն քաղաքում, 2018 թվականի մարտի 14-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, դանիերեն և անգլերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերը հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ առաջացած տարաձայնության դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին: