Հոդված 22
Հոդված 22
1. Ստեղծվում է Վարչական կոմիտե՝ սույն Կոնվենցիայի կիրարկման հետ կապված հարցերը, դրա մեկնաբանման և կիրառման միասնականության ապահովմանն ուղղված ցանկացած միջոցառումները և Կոնվենցիայում առաջարկվող փոփոխությունները քննարկելու նպատակով: Վարչական կոմիտեն որոշում է կայացնում սույն Կոնվենցիայում նոր հավելվածներ ներառելու վերաբերյալ:
2. Վարչական կոմիտեի անդամները Պայմանավորվող կողմերն են: Կոմիտեն կարող է որոշում կայացնել, որ սույն Կոնվենցիայի 24-րդ հոդվածում նշված Պայմանավորվող կողմ չհանդիսացող որևէ անդամի, պետության կամ մաքսային տարածքի իրավասու վարչակազմերը կամ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել Կոմիտեի նիստերին որպես դիտորդներ, երբ քննարկվում են իրենց հետաքրքրող հարցեր:
3. Խորհուրդը Կոմիտեին տրամադրում է Քարտուղարության ծառայությունները:
4. Յուրաքանչյուր նիստի համար Կոմիտեն ընտրում է նախագահ և փոխնախագահ:
5. Պայմանավորվող կողմերի իրավասու վարչակազմերը Խորհրդին են ներկայացնում սույն Կոնվենցիայում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունները և դրանց հիմնավորումները՝ Կոմիտեի նիստերի օրակարգում դրանք ներառելու խնդրանքի հետ միասին: Խորհուրդը դրանք ներկայացնում է Պայմանավորվող կողմերի և սույն Կոնվենցիայի 24-րդ հոդվածում նշված` Պայմանավորվող կողմեր չհանդիսացող անդամների, պետությունների կամ մաքսային տարածքների իրավասու վարչակազմերի ուշադրությանը:
6. Խորհուրդը Կոմիտեի նիստ է գումարում Կոմիտեի կողմից որոշված օրը, ինչպես նաև առնվազն երկու Պայմանավորվող կողմերի իրավասու վարչակազմերի դիմումի հիման վրա: Խորհուրդը օրակարգի նախագիծը շրջանառության մեջ է դնում՝ այն ուղարկելով Պայմանավորվող կողմերին և սույն Կոնվենցիայի 24-րդ հոդվածում նշված` Պայմանավորվող կողմեր չհանդիսացող անդամների, պետությունների կամ մաքսային տարածքների իրավասու վարչակազմերին՝ Կոմիտեի հանդիպումից առնվազն վեց շաբաթ առաջ:
7. Սույն հոդվածի 2-րդ կետի դրույթների ուժով Կոմիտեի ընդունած որոշման հիման վրա Խորհուրդը սույն Կոնվենցիայի 24-րդ հոդվածում նշված` Պայմանավորվող կողմեր չհանդիսացող անդամների, պետությունների կամ մաքսային տարածքների իրավասու վարչակազմերին և շահագրգիռ միջազգային կազմակերպություններին հրավիրում է իրենց ներկայացուցիչների միջոցով որպես դիտորդ մասնակցելու Կոմիտեի նիստերին:
8. Առաջարկությունները դրվում են քվեարկության: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որը ներկայացված է հանդիպմանը, ունի մեկ քվե: Այն առաջարկությունները, որոնք չեն վերաբերում սույն Կոնվենցիայում փոփոխություններ անելուն, Կոմիտեի կողմից ընդունվում են ներկա գտնվող և քվեարկող անդամների ձայների մեծամասնությամբ: Սույն Կոնվենցիայում փոփոխություններ անելու վերաբերյալ առաջարկություններն ընդունվում են ներկա գտնվող և քվեարկող անդամների ձայների երկու երրորդի մեծամասնությամբ:
9. Սույն Կոնվենցիայի 24-րդ հոդվածի 7-րդ կետի կիրառման դեպքում, սույն Կոնվենցիայի կողմեր հանդիսացող Մաքսային կամ Տնտեսական միությունները քվեարկության դեպքում ունեն քվեների միայն այն քանակը, որը հավասար է սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմեր հանդիսացող իրենց անդամներին հատկացված քվեների ընդհանուր քանակին:
10. Նախքան նիստի ավարտը Կոմիտեն ընդունում է զեկույցը:
11. Սույն հոդվածում համապատասխան դրույթների բացակայության դեպքում կիրառվում են Խորհրդի ընթացակարգային կանոնները, եթե Կոմիտեն այլ որոշում չի կայացնում:
Վեճերի կարգավորումը