Հոդված 5
Հոդված 5
1. Կողմ պետությունները հնարավորության և իրագործելիության առավելագույն սահմաններում պետք է տեղեկացնեն Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, ինչպես նաև հանրային ու միջազգային գիտական համայնքին Լուսնի հետազոտմանը և օգտագործմանը վերաբերող իրենց գործունեության մասին։ Դեպի Լուսին կատարվող յուրաքանչյուր առաքելության դեպքում ժամանակի, վայրի, ուղեծրային պարամետրերի և տևողության մասին տեղեկատվությունը տրամադրվում է արձակումից հետո որքան հնարավոր է շուտ` առաջին իսկ հնարավորության դեպքում, մինչդեռ յուրաքանչյուր առաքելության արդյունքների, ներառյալ գիտական արդյունքների մասին տեղեկատվությունը, տրամադրվում է առաքելության ավարտին։ Ավելի քան վաթսուն օր տևողությամբ առաքելության դեպքում առաքելության իրականացման մասին տեղեկատվությունը, ներառյալ գիտական արդյունքների մասին տեղեկատվությունը, տրամադրվում է երեսուն օրը մեկ պարբերականությամբ։ Վեց ամսից ավել տևողությամբ առաքելությունների դեպքում հետագայում անհրաժեշտ է հրապարակել այդպիսի տեղեկատվության միայն կարևոր լրացումները։
2. Եթե Կողմ պետությունը տեղեկանում է, որ մեկ այլ Կողմ պետություն ծրագրում է գործունեություն ծավալել միաժամանակ Լուսնի միևնույն տարածքում կամ ուղեծրի վրա կամ դեպի Լուսին կամ Լուսնի շուրջ թռիչքի հետագծի վրա, ապա նա պետք է անմիջապես տեղեկացնի այդ Կողմ պետությանն իր սեփական գործունեության ծրագրերի և ժամկետների մասին։
3. Կողմ պետությունները սույն Համաձայնագրին համապատասխան գործունեություն ծավալելիս պետք է անմիջապես տեղեկացնեն գլխավոր քարտուղարին, ինչպես նաև հանրությանն ու միջազգային գիտական համայնքին տիեզերական տարածության մեջ, այդ թվում՝ Լուսնի վրա իրենց կողմից հայտնաբերված ցանկացած երևույթի մասին, որը կարող է վտանգ ներկայացնել մարդու կյանքի կամ առողջության համար, ինչպես նաև պետք է տեղեկացնեն իրենց հայտնաբերած օրգանական կյանքի առկայության ցանկացած նշանի մասին։