Հոդված 11
Հոդված 11
ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈԻՆ
1. Միջազգային իրավունքից բխող իրենց իրավունքներին ու պարտավորություններին համապատասխան, Պայմանավորվող կողմերը հաստատում են, որ անօրինական միջամտության ձեռնարկումներից քաղաքացիական ավիացիայի անվտանգությունը պաշտպանելու միմյանց հանդեպ ստանձնած պարտավորությունները սույն Համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում: Չսահմանափակելով ըստ միջազգային իրավունքի իրենց ունեցած ընդհանուր իրավունքները ու պարտավորությունները, Պայմանավորվող կողմերը, մասնավորապես, գործում են Օդանավերում կատարվող հանցագործությունների ու որոշ այլ ձեռնարկումների վերաբերյալ Կոնվենցիայի (ստորագրվել է Տոկիոյում 1963թ. սեպտեմբերի 14-ին), Օդանավերի անօրինական գրավման դեմ պայքարելու մասին Կոնվենցիայի (ստորագրվել է Հաագայում 1970 թ. դեկտեմբերի 16-ին), Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված անօրինական ձեռնարկումների դեմ պայքարելու մասին Կոնվենցիայի (ստորագրվել է Մոնրեալում 1971թ. սեպտեմբերի 23-ին)։
2. Պայմանավորվող կողմերը, պահանջի դեպքում, պետք է միմյանց անհրաժեշտ օժանդակություն ցույց տան՝ կանխելու օդանավերի ապօրինի գրավման գործողությունները և նման օդանավերի, դրանց ուղևորների, անձնակազմերի, օդանավակայանների և օդագնացային միջոցների անվտանգության դեմ ուղղված անօրինական այլ ձեռնարկումները, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ցանկացած այլ սպառնալիք:
3. Պայմանավորվող կողմերը իրենց փոխադարձ հարաբերություններում գործում են Քաղաքացիական ավիացիայի Միջազգային կազմակերպության կողմից հաստատված, և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի հավելվածներ նախատեսված ավիացիոն անվտանգության դրույթներին համապատասխան՝ այնքանով, որքանով որ այդ անվտանգության դրույթները կիրառելի են Պայմանավորվող կողմերի նկատմամբ, նրանք պետք է պահանջեն, որ օդանավերի շահագործողները, որոնց գործունեության հիմնական վայրը կամ մշտապես գտնվելու վայրը իրենց պետական տարածքում է, և իրենց պետական տարածքի օդանավակայանների շահագործողները գործեն ավիացիոն անվտանգության այդ դրույթներին համապատասխան։
4. Պայմանավորվող յուրաքանչյուր կողմ, համաձայնվում է, որ օդանավերի նման շահագործողներից կարող է պահանջվել կիրառել վերը նշված 3-րդ կետի ավիացիոն անվտանգության դրույթներն ու պահանջները, որոնք այդ մյուս Պայմանավորվող կողմի կողմից պահանջվում են իր պետական տարածք մուտք գործելիս, այնտեղից մեկնելիս և նրա սահմաններում գտնվելիս: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ապահովելու է պատշաճ միջոցառումների արդյունավետ կիրառումը իր պետական տարածքում՝ ուղղված օդանավի պաշտպանությանը և ուղևորների, անձնակազմի, ձեռնածանրոցների, բեռների, ուղեբեռների և օդանավի պաշարների տեսչական ստուգմանը, մինչ դրանց ընդունումը օդանավ կամ ընդունման/բեռնման ընթացքում։ Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ բարյացակամաբար է քննելու կոնկրետ սպառնալիքի առնչությամբ անվտանգության ընդունված հատուկ միջոցներ ձեռնարկելուն ուղղված Պայմանավորվող մյուս կողմի ամեն մի խնդրանք։
5. Երբ միջադեպ է տեղի ունենում կամ միջադեպի սպառնալիք է առկա՝ կապված օդանավի ապօրինի գրավման կամ այլ անօրինական ձեռնարկումների հետ՝ ուղղված օդանավի, ուղևորների ու անձնակազմի, օդանավակայանների կամ օդագնացային միջոցների անվտանգության դեմ, Պայմանավորվող կողմերը միմյանց օգնություն են ցույց տալիս՝ դյուրացնելով կապը և նման միջադեպի կամ դրա սպառնալիքի արագ ու անվտանգ կասեցման նպատակով միջոցներ ձեռնարկելով։
6. Եթե Պայմանավորվող կողմերից մեկը խնդիրներ ունենա սույն հոդվածով նախատեսված ավիացիոն անվտանգության դրույթների վերաբերյալ, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները կարող են շուտափույթ խորհրդակցություններ պահանջել մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հետ: