Հոդված 17
Հոդված 17
ԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՐԿԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
1. Պայմանավորվող մի կողմի օրենքներն ու կարգավորումները, որոնք վերաբերում են միջազգային օդագնացությունում ընդգրկված օդանավերի մուտքին իր տարածք, տարածքում գտնվելուն, տարածքով տարանցիկ անցմանը կամ այնտեղից մեկնելուն, կամ նման օդանավի շահագործմանը կամ օդագնացությանը իր տարածքում, կիրառվելու են մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության օդանավերի նկատմամբ և պահպանվելու են այդ օդանավերի կողմից՝ առաջին Պայմանավորվող կողմի տարածք ժամանելիս, տարածքում գտնվելիս, կամ այնտեղից մեկնելիս։
2. Պայմանավորվող մի կողմի օրենքներն ու կարգավորումները, որոնք վերաբերում են ուղևորների, անձնակազմերի, ուղեբեռների, բեռների և փոստի մուտքին իր տարածք, տարածքում գտնվելուն, տարածքով տարանցիկ անցմանը և այնտեղից մեկնելուն, ներառյալ երկիր մուտք գործելուն, մաքսային ստուգմանը, արտագաղթին, ներգաղթին, անձնագրային, մաքսային, արժութային ու սանիտարական կանոնակարգումներին, կիրառվելու են մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության օդանավերի, ուղևորների, անձնակազմերի, բեռների ու փոստի նկատմամբ և նրանց կողմից՝ առաջին Պայմանավորվող կողմի տարածք ժամանելու, այնտեղ գտնվելիս և մեկնելիս։
3. Պայմանավորվող կողմի տարածքում սույն համաձայնագրի հավելվածում սահմանված երթուղիների չվագծերը և սահմանային անցման կետերը պետք է յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի կողմից ինքնուրույնաբար հաստատվեն իր տարածքում։
4. Պայմանավորվող կողմի համապատասխան իշխանությունները պետք է իրավունք ունենան առանց անտեղի ուշացում առաջացնելու, հետազոտելու մյուս Պայմանավորվող կողմի օդանավը նրա ժամանելիս կամ մեկնելիս և ստուգելու Կոնվենցիայով նախատեսվող վկայականները և այլ փաստաթղթերը /կառամատուցային ստուգում/։