Հոդված 3
Հոդված 3
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
1. Սույն Կոնվենցիայի նպատակներով, եթե համատեքստն այլ բան չի պահանջում.
ա) «Իսրայել» տերմինը նշանակում է Իսրայելի Պետություն և երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով, նշանակում է՝ տարածք, որտեղ Իսրայելի Պետության Կառավարությունն ունի հարկման իրավունքներ, ներառյալ նրա տարածքային ծովը, ինչպես նաև տարածքային ծովի արտաքին սահմանին հարող ծովային տարածքները, այդ թվում՝ դրանց հատակն ու ընդերքը, որոնց նկատմամբ Իսրայելի Պետությունն իրականացնում է իր ինքնիշխան կամ այլ իրավունքները և իրավազորությունը` համաձայն միջազգային իրավունքի և Իսրայելի պետության օրենքների.
բ) «Հայաստան» տերմինը նշանակում է Հայաստանի Հանրապետություն և երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով, նշանակում է՝ տարածք, ներառյալ ցամաքը, ջրերը, ընդերքը և օդային տարածքները, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է իր ինքնիշխան իրավունքները և իրավա-զորությունը` համաձայն ազգային օրենսդրության և միջազգային իրավունքի.
գ) «Պայմանավորվող Պետություն» և «մյուս Պայմանավորվող Պետություն» տերմինները, համատեքստից կախված, նշանակում են Հայաստան կամ Իսրայել.
դ) «անձ» տերմինը ներառում է՝ ֆիզիկական անձ, ընկերություն և անձանց ցանկացած այլ միավորում.
ե) «ընկերություն» տերմինը նշանակում է՝ ցանկացած իրավաբանական անձ կամ ցանկացած այլ միավոր, որը հարկման նպատակներով դիտարկվում է որպես իրավաբանական անձ.
զ) «ձեռնարկություն» տերմինը կիրառվում է ցանկացած ձեռնարկատիրական գործունեության իրականացման նկատմամբ.
է) «Պայմանավորվող Պետության ձեռնարկություն» և «մյուս Պայմանավորվող Պետության ձեռնարկություն» տերմինները նշանակում են, համապատասխանաբար, Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն և մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն.
ը) «միջազգային փոխադրում» տերմինը նշանակում է՝ ցանկացած փոխադրում Պայմանավորվող Պետության ձեռնարկության կողմից շահագործվող նավով կամ օդանավով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ նավը կամ օդանավը շահագործվում է բացառապես մյուս Պայմանավորվող Պետությունում գտնվող վայրերի միջև.
թ) «իրավասու մարմին» տերմինը նշանակում է.
i) Իսրայելի դեպքում` ֆինանսների նախարար կամ նրա լիազորած ներկայացուցիչ,
ii) Հայաստանի դեպքում` ֆինանսների նախարարություն և պետական եկամուտների կոմիտե կամ նրանց լիազորած ներկայացուցիչներ,
ժ) «ազգային անձ» տերմինը Պայմանավորվող Պետության առնչությամբ նշանակում է.
i) Պայմանավորվող Պետության քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձ, և
ii) Պայմանավորվող Պետության գործող օրենքների հիման վրա իր, որպես այդպիսին, կարգավիճակն ստացած ցանկացած իրավաբանական անձ, ընկերակցություն կամ ասոցիացիա,
ժա) «ձեռնարկատիրական գործունեություն» տերմինը նշանակում է՝ մասնագիտական ծառայությունների և անկախ բնույթի այլ գործունեությունների իրականացում,
ժբ) «կենսաթոշակային պլան» տերմինը նշանակում է՝ որևէ ծրագիր, սխեմա, հիմնադրամ, տրաստ կամ այլ մեխանիզմ` ստեղծված Պայմանավորվող Պետությունում, որը.
i) ընդհանուր առմամբ ազատված է այդ Պետությունում եկամտի հարկումից, և
ii) հիմնականում գործում է կենսաթոշակը կամ կենսաթոշակային նպաստները, աշխատողների կամ անհատ ձեռնարկատերերի նպաստները տնօրինելու կամ տրամադրելու համար, կամ մեկ կամ ավելի նման կարգավորումների օգտին եկամուտ ստանալու համար:
2. Ինչ վերաբերում է Պայմանավորվող Պետության կողմից Կոնվենցիան ցանկացած պահի կիրառելուն, ապա դրանում չսահմանված ցանկացած տերմին, եթե համատեքստից այլ բան չի բխում, ունի այն նշանակությունը, որն այն ունի այդ պահին, տվյալ Պետության օրենսդրության համաձայն, այն հարկերի նկատմամբ, որոնց վրա տարածվում է Կոնվենցիան, այդ Պետության կիրառելի հարկային օրենքներով տրված ցանկացած նշանակություն, որը գերակայում է այդ Պետության այլ օրենքներով տերմինին տրված նշանակության նկատմամբ: