Հոդված 2. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 2. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
համապատասխանության գնահատում` սահմանված պահանջներին արտադրանքի, ծառայությունների, որակի և բնապահպանական կառավարման համակարգերի, անձանց համապատասխանության գնահատում ուղղակի կամ անուղղակի ձևով.
համապատասխանության հավաստում` գործունեություն, որի արդյունքում համապատասխանության սերտիֆիկատի կամ համապատասխանության հայտարարագրի միջոցով հավաստվում է արտադրանքի, ծառայությունների, որակի և բնապահպանական կառավարման համակարգերի, անձանց համապատասխանությունը սահմանված պահանջներին.
համապատասխանության պարտադիր հավաստում` տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության հավաստում.
համապատասխանության կամավոր հավաստում` հայտատուի հայեցողությամբ ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով և քաղաքացիաիրավական պայմանագրերով սահմանված պահանջներին արտադրանքի, ծառայությունների որակի և բնապահպանական կառավարման համակարգերի, համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող անձանց համապատասխանության հավաստում.
համապատասխանության նշան` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գրանցված նշան, որը հավաստում է դրանով մակնշված արտադրանքի համապատասխանությունը սահմանված պահանջներին.
համապատասխանության հայտարարագիր` սերտիֆիկացման մարմնի վավերացրած փաստաթուղթ, որով արտադրանք արտադրողը, ներմուծողը հավաստիացնում է իր արտադրած, ներմուծած արտադրանքի համապատասխանությունը սահմանված պահանջներին.
սահմանված պահանջներ` տեխնիկական կանոնակարգերով, ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով և քաղաքացիաիրավական պայմանագրերով արտադրանքին, ծառայություններին, որակի և բնապահպանական կառավարման համակարգերին, անձանց ներկայացվող պահանջներ.
անվտանգություն` անթույլատրելի ռիսկի բացակայություն` կապված արտադրանքով կամ ծառայությամբ մարդու կյանքին, առողջությանը, ֆիզիկական, իրավաբանական անձանց և պետական գույքին, կենդանիներին և բույսերի կյանքին ու առողջությանը, շրջակա միջավայրին, կենդանական և բուսական աշխարհին վնաս հասցնելու հնարավորության հետ.
համապատասխանության սերտիֆիկատ` սերտիֆիկացման մարմնի տված փաստաթուղթ, որը հավաստում է արտադրանքի, ծառայությունների, որակի և բնապահպանական կառավարման համակարգերի, անձանց համապատասխանությունը սահմանված պահանջներին.
արտադրանքի նույնականացում` ընթացակարգ, որի միջոցով հավաստվում է համապատասխանության հավաստման ներկայացված արտադրանքի նույնականությունն իր անվանմանը և էական հատկանիշներին.
սերտիֆիկացման մարմին` համապատասխանության հավաստման աշխատանքների կատարման համար հավատարմագրված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.
փորձարկման լաբորատորիա` որոշակի փորձարկումներ իրականացնելու համար հավատարմագրված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.
համապատասխանության հավաստման սխեմա` գործողությունների որոշակի համախումբ, որոնց դրական արդյունքներն ընդունվում են որպես սահմանված պահանջներին արտադրանքի կամ ծառայության համապատասխանության ապացույց.
հավատարմագրում` ընթացակարգ, որի միջոցով հավատարմագրման խորհուրդը պաշտոնապես ճանաչում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ իրավասությունը` համապատասխանության հավաստման որոշակի ոլորտում աշխատանքներ կատարելու համար.
հավատարմագրման ոլորտ` սերտիֆիկացման մարմնի կամ փորձարկման լաբորատորիայի կողմից իրականացվող համապատասխանության հավաստման աշխատանքների շրջանակ.
պարբերական գնահատում` սույն օրենքին և հավատարմագրման չափանիշներին սերտիֆիկացման մարմնի կամ փորձարկման լաբորատորիայի համապատասխանության գնահատում` ըստ դրա գտնվելու վայրի.
հավատարմագրման խորհուրդ` իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի հավատարմագրման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության ստեղծած խորհուրդ: