Հոդված 34. ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ և ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ
Հոդված 34. ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ և ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ
1. Օրենսդրության խախտումների համար լիազորված պետական կառավարման մարմնի կողմից ապահովագրական գործունեություն իրականացնողին նախազգուշացում տրվում է գրավոր` լիազորված պետական կառավարման մարմնի որոշմամբ (հրամանով):
2. Լիազորված պետական կառավարման մարմինն ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով արձանագրում է թույլ տրված խախտումը` համապատասխան օրենսդրական ակտերի դրույթների վկայակոչմամբ: Նախազգուշացումը նախատեսում է նաև թույլ տրված խախտումը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետում վերացնելու և խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու կամ հետագայում բացառելու հանձնարարական:
3. Խախտումը վերացնելու հանձնարարականի կատարումը պարտադիր է նախազգուշացում ստացած ապահովագրական գործունեություն իրականացնողի համար` լիազորված պետական կառավարման մարմնի համապատասխան նախազգուշացման մասին որոշումը (հրամանը) պատշաճ կերպով նրան հանձնելու օրվանից 15-օրյա ժամկետում, եթե լիազորված պետական կառավարման մարմնի որոշմամբ ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:
4. Նախազգուշացումը որպես պատասխանատվության միջոց կիրառվում է, եթե ապահովագրական գործունեություն իրականացնողը`
ա) սույն օրենքով նախատեսված փաստաթուղթը կամ տեղեկատվությունը սահմանված ժամկետներում ու կարգով չի ներկայացրել լիազորված պետական կառավարման մարմին.
բ) սույն օրենքով սահմանված հաշվետվություններում ներկայացված տվյալներում առկա են ոչ էական թերություններ (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և նման բացթողումներ).
գ) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով սահմանված պահանջները.
դ) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջը.
ե) խախտել է սույն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը.
զ) խախտել է ապահովագրության յուրաքանչյուր տեսակի գծով սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը.
է) խախտել է սույն օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջը.
ը) խախտել է սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով սահմանված պահանջները.
թ) ապահովագրական հատուցում է տվել` առանց սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով պահանջվող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի առկայության (անհիմն հատուցում).
ժ) խախտել է սույն օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ կամ 7-րդ մասերով սահմանված պահանջները.
ժա) խախտել է 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սահմանված կարգի պահանջները:
5. Նախազգուշացումն ապահովագրական գործունեություն իրականացնողների նկատմամբ կարող է տրվել ապահովագրության մասին օրենսդրության ցանկացած խախտումների հայտնաբերման դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ խախտման համար պետք է կիրառվեն սույն օրենքով նախատեսված այլ պատասխանատվության միջոցներ: