Հոդված 130. Վերամշակման արդյունքների փոխարինումը օտարերկրյա ապրանքներով
Հոդված 130. Վերամշակման արդյունքների փոխարինումը օտարերկրյա ապրանքներով
1. Մաքսային մարմինը կարող է թույլատրել ապրանքների վերամշակման արդյունքի փոխարինումը օտարերկրյա համարժեք ապրանքներով:
2. Եթե ապրանքների վերամշակման նպատակը երաշխիքային (անհատույց) վերանորոգումն է, որը կատարվում է երաշխիքային ժամկետի շրջանակում, ապա մաքսային մարմինները թույլատրում են ապրանքների վերամշակման արդյունքի փոխարինումը օտարերկրյա ապրանքներով, եթե՝
1) ապրանքների անմիջական վերամշակման գործառնություններ կատարող օտարերկրյա անձը հաստատում է այդպիսի փոխարինման անհրաժեշտությունը.
2) ապրանքների վերամշակման արդյունքի փոխարինումը օտարերկրյա համարժեք ապրանքներով նախատեսված է պայմանագրով կամ արտադրողի երաշխիքով:
3. Համարժեք օտարերկրյա ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն իրականացվում է մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվության ժամկետը չգերազանցող ժամկետում:
4. Մաքսային մարմնի կողմից ապրանքների վերամշակման արդյունքների փոխարինումը օտարերկրյա համարժեք ապրանքներով թույլատրելու դեպքում «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու նպատակով Միության մաքսային օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Միության ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվում են մինչև վերամշակման թույլտվության մեջ նշված ժամկետի ավարտը, որը հաշվարկվում է համարժեք ապրանքների ներմուծման օրվանից սկսած:
5. Ապրանքների վերամշակման արդյունքի՝ օտարերկրյա համարժեք ապրանքներով փոխարինելու մասին շահագրգիռ անձը հայտնում է վերամշակման թույլտվություն ստանալու համար մաքսային մարմիններ ներկայացվող դիմումի մեջ, իսկ մաքսային մարմինը դրա վերաբերյալ նշումը կատարում է մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվության մեջ:
6. Եթե ապրանքի փոխարինման անհրաժեշտությունը ծագում է մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվությունն ստանալուց հետո, ապա վերամշակման թույլտվություն ստացած անձը էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով մաքսային մարմիններ ներկայացնում է հիմնավորված դիմում ապրանքների վերամշակումից ստացվող արդյունքի փոխարինումը թույլատրելու վերաբերյալ:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դիմումին կցվում են սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը: Մաքսային մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և որոշում կայացնում ապրանքների վերամշակման արդյունքների՝ համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինումը թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ, որի մասին ծանուցում է դիմումը ներկայացնող անձին:
8. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման արդյունքների՝ համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինումը մերժելու վերաբերյալ որոշումը պետք է պարունակի մերժման պատճառաբանված հիմքերը:
9. Եթե որպես մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվություն օգտագործվում է «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով լրացված մաքսային հայտարարագիրը, ապա մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման արդյունքների՝ օտարերկրյա համարժեք ապրանքներով փոխարինելու թույլտվությունը տրամադրվում է առանձին՝ Կոմիտեի սահմանած ձևով:
10. Օտարերկրյա ապրանքների համարժեք փոխարինման կարգն ու պայմանները սահմանում է Կառավարությունը:
11. «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում և դադարում է Միության մաքսային օրենսգրքի 184-րդ հոդվածին համապատասխան: