Հոդված 168. Ապրանքների ոչնչացումը
Հոդված 168. Ապրանքների ոչնչացումը
1. «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների ոչնչացումը կատարվում է մաքսային մարմինների սահմանած ժամկետում, որը որոշվում է՝ հաշվի առնելով հայտարարագրված ապրանքների փաստացի ոչնչացման ժամկետները, ոչնչացման եղանակը և վայրը, ինչպես նաև պետական լիազոր մարմնի տրամադրած՝ սույն օրենքի 167-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված եզրակացությունը:
2. Ապրանքների ոչնչացումը կատարվում է հայտարարատուի միջոցների հաշվին:
3. Ապրանքների ոչնչացումը կատարվում է Կառավարության սահմանած մարմնի (հանձնաժողովի, անձի կամ պետական կառավարման համակարգի մարմնի) հսկողության ներքո: Անհրաժեշտության դեպքում ապրանքների ոչնչացման գործընթացում կարող են ներգրավվել պետական կառավարման համակարգի այլ մարմինների մասնագետներ և անկախ փորձագետներ:
4. Ոչնչացումը կատարվում է՝
1) ջերմային, քիմիական, մեխանիկական կամ այլ ազդեցության միջոցներով (այրում, քայքայում, կոտրում, տեղադրում և այլն), որոնց հետևանքով ապրանքներն անդառնալիորեն ոչնչացվում են: Ոչնչացման եղանակը ապահովում է ապրանքների օգտագործման անհնարինությունը կամ դրանց՝ ըստ նշանակության օգտագործման համար նախնական վիճակի վերականգնման անհնարինությունը.
2) ապամոնտաժման, քանդման, մեխանիկական վնասման (ներառյալ անցքեր առաջացնելը, պատռելը) և այլ եղանակներով վնասելով` պայմանով, որ այդպիսի վնասվածքներ հասցնելը կբացառի ապրանքների հետագա վերականգնումը և օգտագործումը:
5. Ապրանքների փաստացի ոչնչացումից հետո կազմվում է ապրանքների ոչնչացման վերաբերյալ ակտ՝ Կառավարության սահմանած ձևով, որում նշվում են՝
1) ապրանքների ոչնչացման վայրը և ամսաթիվը.
2) մաքսային ընթացակարգի հայտարարատու հանդիսացող անձի մասին տեղեկություններ.
3) ոչնչացման ժամանակ ներկա անձանց մասին տեղեկություններ.
4) ոչնչացվող ապրանքների անվանումը, դրանց քանակը և չափման միավորը.
5) ապրանքների ոչնչացման եղանակը.
6) ոչնչացումից հետո թափոնների առկայությունը և դրանց քանակը, ինչպես նաև հետագա օգտագործման հնարավորությունը.
7) ոչնչացման ակտում ընդգրկված այլ տեղեկություններ:
6. Ոչնչացման ակտն ստորագրում են մաքսային մարմնի պաշտոնատար անձը (անձինք) և հայտարարատուն: Այն կազմվում է Կառավարության սահմանած քանակով և բաշխվում Կառավարության սահմանած բաշխման կարգով:
7. Ապրանքների ոչնչացման փաստը կարող է պահպանվել նաև տեսանկարահանումով կամ ֆոտոնկարահանումով, որը կցվում է ոչնչացման ակտին:
8. «Ոչնչացում» մաքսային ընթացակարգն ավարտվում է սույն հոդվածով սահմանված ակտի հիման վրա:
9. «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների ոչնչացման կարգը սահմանում է Կառավարությունը: