Հոդված 322. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթի առանձնահատկությունները
Հոդված 322. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթի առանձնահատկությունները
1. Մաքսային ոլորտում սույն օրենքի 58-րդ գլխով նախատեսված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթը կարգավորվում է սույն գլխով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի սույն գլխին չհակասող մասով:
2. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթը կարգավորվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով այնքանով, որքանով չի կարգավորվում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական ակտերով:
3. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթն իրականացնում են մաքսային մարմինների ղեկավարների որոշած պաշտոնատար անձինք:
4. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերը քննում և որոշում կայացնում են մաքսային մարմինները: Մաքսային մարմինների անունից այդ գործերը քննելու և որոշում կայացնելու իրավունք ունեն մաքսային մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, վերադաս մաքսային մարմնի համապատասխան իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
5. Մաքսային մարմնի ղեկավարը կարող է վարույթի իրականացումը մեկ կառուցվածքային ստորաբաժանումից վերցնել և հանձնարարել մեկ այլ կառուցվածքային ստորաբաժանման:
6. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի իրավասու պաշտոնատար անձը կարող է իրավախախտումների վերաբերյալ վարույթի առանձին գործողությունների կատարումը հանձնարարել այլ մաքսային մարմնի պաշտոնատար անձի` տարածքային կարգով կատարելու համար:
Սույն մասով սահմանված հանձնարարությունը պետք է կատարվի այն ստանալու օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում: