Հոդված 41
Հոդված 41
1. Սույն հոդվածին համապատասխան սույն դաշնագրի մասնակից պետությունը կարող է ցանկացած ժամանակ հայտարարել, թե ինքը ճանաչում է Կոմիտեի իրավասությունը` ստանալու և քննարկելու հաղորդումներ այն մասին, որ որևէ մասնակից պետություն հաստատում է, թե մյուս մասնակից պետությունը չի կատարում սույն դաշնագրով նախատեսված իր պարտականությունները: Սույն հոդվածով նախատեսվող հաղորդումները կարող են ընդունվել և քվեարկվել միայն այն դեպքում, եթե դրանք ներկայացվել են այն մասնակից պետության կողմից, որը հայտարարություն է արել, թե ինքը ճանաչում է այդ Կոմիտեի իրավասությունը: Կոմիտեն չի ընդունում ոչ մի հաղորդում, եթե այն վերաբերում է նման հայտարարություն չարած մասնակից պետությանը: Սույն հոդվածին համապատասխան ստացված հաղորդումները քննության են առնվում հետևյալ ընթացակարգի համապատասխան.
ա/ եթե դաշնագրի մասնակից որևէ պետություն գտնում է, որ մյուս մասնակից պետությունը չի կենսագործում սույն դաշնագրի որոշումները, ապա նա կարող է գրավոր հաղորդմամբ այդ հարցի մասին տեղեկացնել հիշյալ մասնակից պետությանը: Այդ հաղորդումն ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում հաղորդումն ստացած պետությունը այդպիսի հաղորդում հղած պետությանը ներկայացնում է այդ հարցի պարզաբանմամբ գրավոր բացատրություն կամ ցանկացած այլ հայտարարություն, որտեղ պետք է բովանդակվեն, որքանով դա հնարավոր ու նպատակահարմար է, այն ներքին ընթացակարգն ու միջոցառումները, որոնք ընդունվել են, կընդունվեն կամ կարող են ընդունվել տվյալ հարցի առնչությամբ.
բ/ եթե ստացող պետության կողմից նախնական հաղորդումն ստանալուց հետո վեց ամսվա ընթացքում հարցը չի լուծված ի բավարարություն երկու շահագրգիռ մասնակից պետությունների, այդ պետություններից յուրաքանչյուրը իրավունք ունի հարցը հանձնել Կոմիտեին, այդ մասին տեղեկացնելով Կոմիտեին և մյուս պետությանը.
գ/ Կոմիտեն իրեն հանձնված հարցը քննության է առնում միայն այն բանից հետո, երբ հավաստիանում է, որ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներին համապատասխան բոլոր մատչելի ներքին միջոցները տվյալ դեպքում փորձվել և սպառվել են: Այդ կանոնը չի գործում, երբ այդ միջոցների կիրառումը չարդարացված կերպով ձգձգվում է.
դ/ սույն հոդվածում նախատեսվող հաղորդումները քննության առնելիս Կոմիտեն անց է կացնում դռնփակ նիստեր.
ե/ Կոմիտեն գ/ ենթակետի դրույթները պահպանելով, իր բարի ծառայություններն է մատուցում շահագրգիռ մասնակից պետություններին` սույն դաշնագրում ճանաչվող մարդու իրավունքների հիմնական ազատությունների հիման վրա հարցը բարեկամաբար լուծելու նպատակով.
զ/ իր քննարկմանը հանձնված ցանկացած հարցով Կոմիտեն կարող է դիմել բ/ ենթակետում հիշատակված շահագրգիռ մասնակից պետություններին` գործին վերաբերող ցանկացած ինֆորմացիա տալու խնդրանքով.
է/ այն շահագրգիռ մասնակից պետությունները, որոնք հիշատակված են բ/ ենթակետում, իրավունք ունեն ներկայացվել Կոմիտեում հարցի քննարկման ժամանակ ու առաջարկություններ անել բանավոր և կամ գրավոր.
ը/ ծանուցում ստանալու օրվանից հետո տասներկու ամսվա ընթացքում Կոմիտեն բ/ ենթակետին համապատասխան զեկույց է ներկայացնում.
- եթե ե/ ենթակետի դրույթների շրջանակներում լուծում է ձեռք բերվում, ապա Կոմիտեն իր զեկույցում սահմանափակվում է փաստերը և ձեռք բերված լուծումը հակիրճ շարադրելով.
- եթե ե/ ենթակետի դրույթների շրջանակներում լուծում ձեռք բերված չէ, ապա Կոմիտեն իր զեկույցում սահմանափակվում է փաստերի հակիրճ շարադրանքով. շահագրգիռ մասնակից պետությունների գրավոր միջնորդությունները և բանավոր միջնորդությունների գրառումը կցվում են զեկույցին:
Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ զեկույցն ուղարկվում է շահագրգիռ մասնակից պետություններին:
2. Սույն հոդվածի դրույթներն ուժի մեջ են մտնում, երբ սույն դաշնագրի մասնակից պետությունները հանդես են գալիս հայտարարությամբ սույն հոդվածի առաջին կետին համապատասխան: Այդպիսի հայտարարությունները մասնակից պետությունները որպես ավագ հանձնում են Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը դրանց պատճեններն ուղարկում է մնացած մասնակից պետություններին: Հայտարարությունը ցանկացած ժամանակ կարող է ետ վերցվել Գլխավոր քարտուղարի ծանուցմամբ: Նման գործողությունը չի խոչընդոտում ցանկացած հարցի քննարկմանը, որը սույն հոդվածին համապատասխան արդեն ուղարկված հաղորդման առարկա է հանդիսանում: Ցանկացած մասնակից պետության ոչ մի հետագա հաղորդում չի ընդունվում այն բանից հետո, երբ գլխավոր քարտուղարն ստացել է ծանուցում հայտարարությունը ետ վերցնելու մասին, եթե շահագրգիռ մասնակից պետությունը հանդես չի եկել նոր հայտարարությամբ: