Հոդված 14
Հոդված 14
1. Բոլոր անձինք հավասար են դատարանների և տրիբունալների առջև: Յուրաքանչյուր ոք իրեն ներկայացված ցանկացած քրեական մեղադրանք քննելու կամ որևէ քաղաքացիական դատավարությունում իր իրավունքներն ու պարտականությունները որոշելու ընթացքում ունի օրենքի հիման վրա ստեղծված իրավասու, անկախ ու անկողմնակալ դատարանի կողմից գործի արդարացի ու հրապարակավ քննության իրավունք: Մամուլին ու հասարակությանը կարող է թույլ չտրվել մասնակցել ողջ դատաքննությանը կամ նրա որևէ փուլին` ժողովրդավարական հասարակության մեջ բարոյականության, հասարակական կարգի կամ պետական անվտանգության նկատառումներով, կամ երբ այդ պահանջում են կողմերի մասնավոր կյանքի շահերը կամ էլ հատուկ հանգամանքների դեպքում, երբ հրապարակայնությունը կխախտի արդարադատության շահերը` այն չափով, որչափ դատարանի կարծիքով, դա խիստ անհրաժեշտ է, սակայն քրեական կամ քաղաքացիական գործի վերաբերյալ ցանկացած դատական որոշում պետք է հրապարակային լինի, բացառությամբ այն դեպքերի, երբ անչափահասների շահերը պահանջում են այլ բան կամ գործը վերաբերվում է ամուսնական վեճերին կամ երեխաների խնամակալությանը:
2. Քրեական հանցագործության մեջ յուրաքանչյուր մեղադրվող իրավունք ունի համարվելու անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով:
3. Յուրաքանչյուր ոք իրեն ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի քննության ժամանակ ունի առնվազն հետևյալ երաշխիքների իրավունքը` լիակատար հավասարության հիման վրա.
ա/ շտապ կարգով և մանրակրկիտ, այն լեզվով, որը նա հասկանում է, տեղեկացվի իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին.
բ/ բավարար չափով ժամանակ ու հնարավորություններ ունենա իր պաշտպանությունը նախապատրաստելու և իր իսկ ընտրած պաշտպանի հետ հարաբերությունների մեջ մտնելու համար.
գ/ դատվի առանց չարդարացված հապաղման.
դ/ դատվի իր ներկայությամբ և պաշտպանի իրեն անձամբ կամ իր իսկ ընտրած պաշտպանի միջոցով. եթե նա չունի պաշտպան` տեղեկացված լինի այդ իրավունքի մասին և ունենա իր համար նշանակված պաշտպան ցանկացած դեպքում, երբ դա պահանջում են արդարադատության շահերը, նրա համար անհատույց բոլոր այն դեպքերում, եթե նա բավականաչափ միջոցներ չունի այդ պաշտպանին վճարելու համար.
ե/ հարցաքննել նրան հակացուցող վկաներին կամ իրավունք ունենալ, որ այդ վկաները հարցաքննվեն, և ունենալ իր վկաներին կանչելու և հարցաքննելու իրավունք` այն նույն պայմաններով, որ գոյություն ունեն նրան հակացուցող վկաների համար.
զ/ օգտվել թարգմանի անվճար օգնությունից, եթե նա չի հասկանում դատարանում օգտագործվող լեզուն, կամ չի խոսում այդ լեզվով.
է/ չպարտադրվի իր դեմ ցուցմունքներ տալու կամ իրեն մեղավոր ճանաչելու:
4. Անչափահասների վերաբերմամբ դատավարությունը պետք է այնպիսին լինի, որպեսզի հաշվի առնվեն նրանց տարիքը և նրանց վերադաստիարակությանն աջակցելու ցանկալիությունը:
5. Որևէ հանցագործության համար դատապարտված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի իր դատապարտումը և դատավճիռը վերանայվեն վերադաս դատական ատյանի կողմից, օրենքի համաձայն:
6. Եթե որևէ անձ վերջնական որոշմամբ դատապարտվել է քրեական հանցագործության համար և եթե նրա նկատմամբ կայացված դատավճիռը հետագայում բեկանվել է կամ նրան ներում է շնորհվել այն հիմունքով, որ ինչ-որ նոր հանգամանք կամ նոր բացահայտված հանգամանք անվիճելիորեն ապացուցում է դատական սխալի առկայությունը, ապա այդպիսի դատապարտման հետևանքով պատիժ կրած անձը փոխհատուցում է ստանում օրենքի համաձայն, եթե չապացուցվի, որ հիշյալ անհայտ հանգամանքը ժամանակին չի բացահայտվել բացառապես կամ մասամբ նրա մեղքով:
7. Ոչ ոք չպետք է կրկին անգամ դատվի կամ պատժվի այն հանցագործության համար, որի համար նա արդեն վերջնականապես դատապարտվել է կամ արդարացվել յուրաքանչյուր երկրի օրենքին և քրեական դատավարության իրավունքին համապատասխան: