Հոդված 27
Հոդված 27.
Օրենքի 77-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Կառավարիչը պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող՝ գրավի առարկա չհանդիսացող գույքում պարտապանի բաժինը այդ գույքի շուկայական գնահատված գնի՝ պարտապանի բաժնին համապատասխան արժեքով գնելու վերաբերյալ ծանուցում է ուղարկում այդ գույքի համասեփականատերերին։
Եթե գույքի բոլոր համասեփականատերերը կառավարչին են ներկայացնում պարտապանի բաժինը առաջարկված գնով բոլոր համասեփականատերերի կամ նրանցից մեկի կամ մի քանիսի կողմից գնման վերաբերյալ համաձայնություն և կառավարչի առաջարկած վաճառքի գնի չափով գումարը սնանկության հատուկ հաշվեհամարին մուտքագրված լինելու վերաբերյալ ապացույց, ապա կառավարիչը այդ մասին տեղեկացնում է պարտապանին և պարտատերերին և դատարան է ներկայացնում գույքում պարտապանի բաժինը համասեփականատիրոջը (համասեփականատերերին) ուղղակի վաճառքով վաճառելու թույլտվություն ստանալու մասին միջնորդություն։
Եթե պարտապանի բաժինը առաջարկված գնով գնելու ցանկություն հայտնում են ոչ բոլոր համասեփականատերերը, համաձայնությանը կից ներկայացնելով ապացույց կառավարչի առաջարկած վաճառքի գնի չափով գումարը սնանկության հատուկ հաշվեհամարին մուտքագրված լինելու վերաբերյալ, ապա գույքում պարտապանի բաժինը ուղղակի վաճառքով վաճառելու թույլտվություն ստանալու մասին միջնորդությունը դատարան կարող է ներկայացվել միայն գույքում պարտապանի բաժինը գնելու վերաբերյալ համասեփականատերերի ծանուցվելուց մեկ ամիսը լրանալուց հետո։
Միջնորդությանը կից դատարան են ներկայացվում գույքի գնահատման ակտը (անկախ գնահատողի կողմից գնահատված լինելու դեպքում` եզրակացությունը), կառավարչի կողմից համասեփականատերերին ուղղված ծանուցումը, նրանց ծանուցված լինելու ապացույցները, գնելու ցանկություն հայտնած համասեփականատիրոջ (համասեփականատերերի) անձնագրերի պատճենները, համասեփականատերերի առկա համաձայնությունները, սնանկության հատուկ հաշվեհամարին ծանուցմամբ նշված գումարի վճարված լինելու ապացույցը, միջնորդությունը դատարան ներկայացնելու մասին պարտապանին և պարտատերերին ծանուցելու ապացույցները։
Դատարանը միջնորդությունն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, կայացնում է միջնորդությունը բավարարելու և ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքում պարտապանի բաժինը գույքի համասեփականատիրոջը (համասեփականատերերին) ուղղակի վաճառքով վաճառելու թույլտվություն տալու մասին որոշում, եթե միջնորդությունը ներկայացվել է սույն մասին համապատասխան։
Եթե պարտապանի բաժինը առաջարկված գնով գնելու մասին ծանուցվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, գույքի համասեփականատերերից առնվազն մեկը ցանկություն չի հայտնում պարտապանի բաժինը գնելու վերաբերյալ կամ չի ներկայացնում ապացույց կառավարչի առաջարկած վաճառքի գնի չափով գումարը սնանկության հատուկ հաշվեհամարին մուտքագրված լինելու վերաբերյալ, ապա կառավարիչը հայցադիմում է ներկայացնում սնանկության գործը վարող դատարան՝ գույքում պարտապանի բաժինն առանձնացնելու, առանձնացման անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և վաճառքից ստացված գումարը համասեփականատերերի միջև իրենց բաժիններին համապատասխան բաշխելու պահանջի մասին։
Անբաժանելի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին դատարանի վճիռը հիմք է գույքը կառավարչի կողմից հրապարակային սակարկություններով վաճառման համար:»։