Հոդված 52
Հոդված 52
Միության տեխնիկական կանոնակարգերն ու ստանդարտները
1. Մարդու կյանքի և (կամ) առողջության, գույքի, շրջակա միջավայրի, կենդանիների ու բույսերի կյանքի և (կամ) առողջության պաշտպանության, սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունների կանխարգելման, ինչպես նաև էներգետիկ արդյունավետության ու ռեսուրսախնայողության ապահովման նպատակներով Միության շրջանակներում ընդունվում են Միության տեխնիկական կանոնակարգերը։
Այլ նպատակներով Միության տեխնիկական կանոնակարգերի ընդունում չի թույլատրվում։
Միության տեխնիկական կանոնակարգեր մշակելու և ընդունելու կարգը, ինչպես նաև դրանց մեջ փոփոխություններ կատարելու և դրանք չեղարկելու կարգը սահմանում է Հանձնաժողովը։
Միության տեխնիկական կանոնակարգերը կամ պարտադիր ազգային պահանջները գործում են միայն այն ապրանքների նկատմամբ, որոնք ընդգրկված են Հանձնաժողովի կողմից հաստատված միասնական ցանկում։
Միասնական ցանկի ստեղծման և վարման կարգը հաստատվում է Հանձնաժողովի կողմից։
Անդամ պետությունները թույլ չեն տալիս իրենց օրենսդրությամբ սահմանել միասնական ցանկում չընդգրկված արտադրանքին առնչվող պարտադիր պահանջներ։
2. Միության տեխնիկական կանոնակարգերը Միության տարածքում ունեն ուղղակի գործողություն։
Միության կողմից ընդունված տեխնիկական կանոնակարգը գործողության մեջ դնելու կարգը և անցումային դրույթները սահմանվում են Միության տեխնիկական կանոնակարգով և (կամ) Հանձնաժողովի ակտով։
3. Միության տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարման և Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման համար կամավոր հիմունքներով կարող են կիրառվել միջազգային, տարածաշրջանային (միջպետական) ստանդարտները, իսկ դրանց բացակայության դեպքում՝ (մինչև տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների ընդունումը) անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտները։