Հոդված 97
Հոդված 97
Անդամ պետությունների աշխատավորների աշխատանքային գործունեությունը
1. Անդամ պետության գործատուները և (կամ) աշխատանքների (ծառայությունների) պատվիրատուներն իրավունք ունեն անդամ պետությունների աշխատավորներին ներգրավելու աշխատանքային գործունեության մեջ՝ առանց հաշվի առնելու աշխատանքի ազգային շուկայի պաշտպանության մասով առկա սահմանափակումները։ Ընդ որում, անդամ պետությունների աշխատավորները կարող են աշխատանքային գործունեություն իրականացնել աշխատանքի տեղավորման պետությունում առանց աշխատանքի թույլտվության։
2. Անդամ պետությունները չեն սահմանում և չեն կիրառում աշխատանքի ազգային շուկայի պաշտպանության նպատակով իրենց օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները՝ բացառությամբ անդամ պետության աշխատավորների կողմից իրականացվող աշխատանքային գործունեության, գործունեության տեսակի և գտնվելու տարածքի առնչությամբ սույն Պայմանագրով և անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված սահմանափակումների, որոնք ուղղված են ազգային անվտանգության (այդ թվում՝ ռազմավարական նշանակություն ունեցող տնտեսության ճյուղերում) և հասարակական կարգի ապահովմանը։
3. Աշխատանքի տեղավորման պետությունում անդամ պետությունների աշխատավորների կողմից աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով անդամ պետությունների կրթական կազմակերպությունների (կրթական հաստատությունների, կրթության ոլորտում գործող կազմակերպությունների) կողմից տրված՝ կրթության մասին փաստաթղթերը ճանաչվում են՝ առանց աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությամբ սահմանված՝ կրթության մասին փաստաթղթերի ճանաչման ընթացակարգերի անցկացման:
Որևէ անդամ պետության աշխատավորները, որոնք մյուս անդամ պետությունում հավակնում են զբաղվել մանկավարժական, իրավաբանական, բժշկական կամ դեղագործական գործունեությամբ, անցնում են աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությամբ սահմանված կրթության մասին փաստաթղթերի ճանաչման ընթացակարգը, և արդյունքում նրանց կարող է թույլատրվել զբաղվել համապատասխանաբար մանկավարժական, իրավաբանական, բժշկական կամ դեղագործական գործունեությամբ՝ աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան:
Անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից տրված գիտական աստիճանների և գիտական կոչումների մասին փաստաթղթերը ճանաչվում են աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան:
Գործատուները (աշխատանքների (ծառայությունների) պատվիրատուները) իրավունք ունեն պահանջելու կրթության մասին փաստաթղթերի՝ աշխատանքի տեղավորման պետության լեզվով՝ նոտարական կարգով վավերացված թարգմանությունը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, անդամ պետության աշխատավորի կրթության մասին փաստաթղթերի ստուգման նպատակներով հարցումներ ուղարկելու կրթության մասին փաստաթուղթ տրամադրած կրթական կազմակերպություններ (կրթական հաստատություններ, կրթության ոլորտում գործող կազմակերպություններ), այդ թվում՝ տեղեկատվական տվյալների բազայից օգտվելու միջոցով, և ստանալու համապատասխան պատասխաններ:
4. Անդամ պետության աշխատավորի աշխատանքային գործունեությունը կարգավորվում է աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությամբ՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի դրույթները:
5. Աշխատանքի տեղավորման պետության տարածքում անդամ պետության աշխատավորի և ընտանիքի անդամների ժամանակավոր գտնվելու (բնակության) ժամկետը որոշվում է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետով, որն անդամ պետության աշխատավորը կնքել է գործատուի կամ աշխատանքների (ծառայությունների) պատվիրատուի հետ:
6. Որևէ անդամ պետության՝ աշխատանքային գործունեություն իրականացնելու կամ աշխատանքի տեղավորվելու նպատակներով մյուս անդամ պետության տարածք ժամանած քաղաքացիները և նրանց ընտանիքների անդամները մուտք գործելու ամսաթվից հաշվարկված 30 օր ազատվում են գրանցման (հաշվառման կանգնելու) պարտավորությունից:
Եթե անդամ պետության քաղաքացիները մյուս անդամ պետության տարածքում գտնվում են մուտք գործելու ամսաթվից հաշվարկված 30 օրից ավելի ժամկետով, ապա այդ քաղաքացիները պետք է գրանցվեն (հաշվառման կանգնեն) մուտքի պետության օրենսդրությանը համապատասխան, եթե մուտքի պետության օրենսդրությամբ այդպիսի պարտավորություն է սահմանվում:
7. Անդամ պետության քաղաքացիները մուտքի պետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մյուս անդամ պետության տարածք մուտք գործելիս միգրացիոն քարտեր (թերթիկներ) են օգտագործում, եթե այլ բան նախատեսված չէ անդամ պետությունների առանձին միջազգային պայմանագրերով:
8. Եթե անդամ պետության քաղաքացիները մյուս անդամ պետության տարածք մուտք են գործում սահմանային վերահսկողության մարմնի կողմից պետական սահմանը հատելու վերաբերյալ նշում կատարելու իրավունք տվող վավեր փաստաթղթերից որևէ մեկով, ապա նրանք ազատվում են միգրացիոն քարտ (թերթիկ) օգտագործելուց, եթե նման պարտավորություն սահմանված է մուտքի պետության օրենսդրությամբ՝ պայմանով, որ նրանց գտնվելու ժամկետը չի գերազանցում մուտք գործելու ամսաթվից հաշվարկված 30 օրը։
9. Եթե աշխատանքի տեղավորման պետության տարածք մուտք գործելու ամսաթվից հաշվարկված 90 օրը լրանալուց հետո աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիրը վաղաժամկետ լուծվում է, ապա անդամ պետության աշխատավորն իրավունք ունի 15 օրվա ընթացքում կնքելու նոր աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր՝ առանց աշխատանքի տեղավորման պետության տարածքից դուրս գալու։