Հոդված 25
Հոդված 25
Մաքսային միության գործունեության սկզբունքները
1. Անդամ պետությունների Մաքսային միության շրջանակներում`
1) գործում է ապրանքների ներքին շուկա,
2) կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագինը և երրորդ կողմերի հետ ապրանքների արտաքին առևտրի կարգավորման այլ միասնական միջոցներ,
3) գործում է ապրանքների առևտրի միասնական ռեժիմ երրորդ կողմերի հետ հարաբերություններում,
4) իրականացվում է միասնական մաքսային կարգավորում,
5) իրականացվում է ապրանքների ազատ տեղափոխում անդամ պետությունների տարածքներով՝ առանց մաքսային հայտարարագրման ու պետական հսկողության (տրանսպորտային, սանիտարական, անասնաբուժասանիտարական, կարանտինային բուսասանիտարական) կիրառման՝ բացառությամբ սույն Պայմանագրով նախատեսված դեպքերի։
2. Սույն Պայմանագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը`
ներմուծման մաքսատուրք՝ պարտադիր վճար, որը գանձվում է անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից Միության մաքսային տարածք ապրանքներ ներմուծելու դեպքում,
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկ (ԵԱՏՄ ԱՏԳ ՄԱԱ)՝ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ, որը հիմնված է Համաշխարհային մաքսային կազմակերպության՝ ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգի ու Անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի վրա,
Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագին (ԵԱՏՄ ՄՄՍ)՝ երրորդ երկրներից Միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսատուրքերի դրույքաչափերի ամբողջություն, որը համակարգված է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան,
սակագնային առանձնաշնորհում (պրեֆերենցիա)՝ ներմուծման մաքսատուրքերի վճարումից ազատում կամ Միության հետ ազատ առևտրի գոտի ձևավորող երկրների ծագման ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի նվազեցում կամ Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ զարգացող երկրների և (կամ) Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ առավել թույլ զարգացած երկրների ծագման ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի նվազեցում: