Հոդված 48
Հոդված 48
Աորտայի, մագիստրալ, պերիֆերիկ անոթների, ավշային անոթների հիվանդություններ, բնածին արատներ, վնասումների հետևանքներ և հետվիրահատական վիճակներ փորձաքննվում են ըստ արյան, ավշային շրջանառության և օրգանների կամ վերջույթների գործառույթների խանգարման աստիճանների՝ համաձայն սույն հոդվածի կետերի:
«Ա» կետին են վերաբերում անկախ արյան կամ ավշային շրջանառության և օրգանների կամ վերջույթների խանգարման աստիճանների՝
1) կենտրոնական զարկերակային և երակային անևրիզմները (հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կամ «գ» կետը՝ կախված արյան շրջանառությունը և գործառույթի խանգարման աստիճանից).
2) վերջույթների խցանող աթերոսկլերոզ, էնդարտերիտ, թրոմբանգիտ, աորտոարտերիտ (հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կետը՝ կախված արյան շրջանառությունը և գործառույթի խանգարման աստիճանից).
3) աորտայի աթերոսկլերոզ, վիսցերալ ճյուղերի լրիվ կամ մասնակի խցանում (հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կամ «գ» կետը՝ կախված արյան շրջանառությունը և ֆունկցիայի խանգարման աստիճանից).
4) դռներակի կամ սիներակի թրոմբոզ (հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կամ «գ» կետը՝ կախված արյան շրջանառությունը և գործառույթի խանգարման աստիճանից).
5) խոշոր մագիստրալ անոթների (աորտա, զստային, ազդրային, բրախիոցեֆալ, դռներակ կամ սիներակ) և պերիֆերիկ անոթների ռեկոնստրուկտիվ վիրահատությունների հետևանքներ, երբ պահպանվում են արյան շրջանառության զգալի խանգարումը և հիվանդության պրոգրեսիվ ընթացքը.
6) կավա ֆիլտրի առկայություն (հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կամ «գ» կետը՝ կախված արյան շրջանառությունը և գործառույթի խանգարման աստիճանից).
7) խոշոր անոթների հրազենային և այլ վնասվածքներից հետո, նույնիսկ առանց արյան շրջանառության և գործառույթի խանգարման (հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կամ «գ» կետը՝ կախված արյան շրջանառությունը և գործառույթի խանգարման աստիճանից).
8) հաճախակի կրկնվող թրոմբոֆլեբիտ, ֆլեբոտրոմբոզ, երակների խրոնիկ հիվանդություն C5-C6 (CEAP դասակարգում, խոցերի և հետխոցային սպիներ առկայությամբ) (հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար վիրահատական ցուցման դեպքում առաջարկվում է վիրահատական բուժում, հետագա փորձաքննությունը կատարվում է՝ ըստ սույն հոդվածի կետերի).
9) երակների խրոնիկ հիվանդություն C4 (CEAP դասակարգում: հիպերպիգմենտացիա և կամ երակային էկզեմա, մաշկի լիպոդերմատոսկլերոզ և կամ ատրոֆիա (հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար վիրահատական ցուցման դեպքում առաջարկվում է վիրահատական բուժում, հետագա փորձաքննությունը կատարվում է՝ ըստ սույն հոդվածի կետերի): Վիրահատական բուժումից հրաժարվելու դեպքում հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կետը.
10) լիմֆեդեմա երրորդ-չորրորդ փուլի և փղագարություն:
«Բ» կետին են վերաբերում ՝
1) երակների խրոնիկ հիվանդություն C3 (դասակարգում ըստ СЕАР. կայուն այտուց) (հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կամ «գ» կետը՝ կախված արյան շրջանառությունը և գործառույթի խանգարման աստիճանից).
2) պերիֆերիկ զարկերակների ֆունկցիոնալ հիվանդությունը տրոֆոպարալիտիկ փուլ՝ խոցերի առկայությամբ կամ պահպանվող այտուցով.
3) լիմֆեդեմա երկրորդ փուլի.
4) ցողունային երակահատումները, եթե բուժումից հետո պահպանվում է խորանիստ երակային համակարգի փականային անբավարարությունը:
«Գ» կետին են վերաբերում ՝
1) երակների խրոնիկ հիվանդություն С2 (դասակարգում ըստ СЕАР. ենթամաշկային երակների աննշան վարիկոզ փոփոխություններ).
2) երակների խրոնիկ հիվանդություն С0-С1 (դասակարգում ըստ СЕАР. չկան ՔԵԱ օբյեկտիվ նշաններ, կան միայն բնորոշ գանգատներ և ռետիկուլյար վարիկոզ երակներ.
3) պերիֆերիկ զարկերակների ֆունկցիոնալ հիվանդությունները, անգիոսպաստիկ փուլ, դաստակի և կամ ոտնաթաթի մատների անոթների նոպայաձև սպազմ, անգիոպարալիտիկ փուլ՝ դաստակների կամ ոտնաթաթի մատների այտուց, ցիանոզ, որոնք առաջանում են ցրտային գրգռիչի ազդեցությունից: Հակացուցված է ծառայությունը ցուրտ և խոնավ եղանակային պայմաններում անընդմեջ 2 ամիս և ավելի ժամկետով.
4) I աստիճանի լիմֆեդեման, ոտնաթաթի թիկնային մակերեսի աննշան այտուցով, որը անհետանում է հանգստից հետո.
5) ցողունային երակահատումներից հետո վիճակները, եթե չկա երակային համակարգի փականային անբավարարություն:
«Դ» կետին են վերաբերում քրոնիկ զարկերակային անբավարարությամբ 2Ա աստիճանի աթերոսկլերոզը, աորտոարտերիտը, խցանող թրոմբանգիտը, II աստիճանի երակային անբավարարությամբ վարիկոզ հիվանդությունը II աստիճանի լիմֆեդեման։
Անոթների հիվանդությունների և վնասվածքների հետևանքների ախտորոշումը կատարվում է արյան կամ ավշային շրջանառության և կամ գործառույթների խանգարման աստիճանի գնահատմամբ։ Փորձաքննության եզրակացությունը ընդունվում է կլինիկական պատկերի, գործիքային հետազոտությունների արդյունքում՝ զարկերակների, խորանիստ և ենթամաշկային երակների փականային անբավարարության և անցանելիության աստիճանի որոշմամբ:
Մագիստրալ զարկերակների աթերոսկլերոզը՝ առանց հեմոդինամիկ խանգարումների, հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար խոչընդոտում չէ զինվորական ծառայության համար:
Հրազենային կամ ականապայթյունային վիրավորումների դեպքում փորձաքննության ներկայացնելիս պարտադիր կարգով կատարել նաև հոգեբույժի կոնսուլտացիա:
Հետազոտության մեթոդները՝ ըստ ցուցման՝
1) դուպլեքս սկանավորում.
2) կոնտրաստային մուլտիսպիրալ ՀՇ-անգիոգրաֆիա.
3) ուղղակի անգիոգրաֆիա.
4) ՄՌՇ անգիոգրաֆիա:
(48-րդ հոդվածը լրաց., փոփ. 01.06.23 N 899-Ն)