Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-12-30-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 19 · ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 112. Դրամական պահանջի ապահովման վարույթով արգելադրված գույքի փոխարինումը և գույքն արգելանքից հանելը պարտապանի միջնորդությամբ

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 112. Դրամական պահանջի ապահովման վարույթով արգելադրված գույքի փոխարինումը և գույքն արգելանքից հանելը պարտապանի միջնորդությամբ

1. Եթե կատարման ենթակա ակտով չի արգելադրվել կոնկրետ գույք, ապա դրամական պահանջի ապահովման վարույթով պարտապանը կարող է հարկադիր կատարողին միջնորդություն ներկայացնել արգելանքն այլ անձանց իրավունքներով չծանրաբեռնված և իրեն միանձնյա սեփականության իրավունքով պատկանող այլ գույքի վրա դնելու կամ կատարման ենթակա ակտով ապահովված պահանջի (այսուհետ սույն հոդվածում՝ ապահովված պահանջ) չափը գերազանցող գույքն արգելանքից հանելու մասին` կցելով այլ գույքի կամ արգելադրված գույքի լիկվիդացիոն արժեքի` ապահովված պահանջի չափը գերազանցելու վերաբերյալ գնահատման եզրակացությունը՝ տրված սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխանող անձի կողմից, և միջնորդության ու գույքի գնահատման եզրակացության պատճենները պահանջատիրոջ կողմից ստանալը հավաստող ապացույց:

2. Գույքի գնահատման եզրակացության մեջ նշված գույքի արժեքի հետ համաձայն չլինելու դեպքում պահանջատերը միջնորդությունն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, կարող է եզրակացության արժանահավատության վերաբերյալ առարկություն ներկայացնել հարկադիր կատարողին:

3. Հարկադիր կատարողն առարկությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, գնահատման եզրակացության արժանահավատությունն ստուգելու նպատակով նշանակում է փորձաքննություն:

4. Եթե փորձաքննության արդյունքներով հաստատվում է առաջարկվող կամ արգելադրված գույքի՝ ապահովված պահանջի չափից պակաս լիկվիդացիոն արժեքը, ապա պարտապանի միջնորդությունը մերժվում է:

5. Եթե պարտապանի միջնորդության մեջ նշված գույքի լիկվիդացիոն արժեքը համապատասխանում կամ գերազանցում է ապահովված պահանջի չափին, ապա հարկադիր կատարողն արգելանք է դնում միջնորդությամբ նշված գույքի վրա և արգելանքից հանում է նախկինում արգելադրված կամ ապահովված պահանջի չափը գերազանցող գույքը:

6. Հարկադիր կատարողն արգելանքից հանում է պարտապանի գույքը և արգելանք է դնում Հայաստանի Հանրապետությունում գործող բանկում պարտապանի բանկային (ներառյալ ավանդային) հաշվին առկա կամ պարտապանի կողմից Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին վճարված՝ ապահովված պահանջին համարժեք դրամական միջոցների վրա, եթե այդ մասին միջնորդել է պարտապանը։

7. Հարկադիր կատարողը պարտապանի միջնորդությամբ արգելանքից հանում է պարտապանի գույքը, եթե ներկայացվել է ապահովված պահանջի չափին համարժեք բանկային երաշխիք՝ տրված Հայաստանի Հանրապետությունում գործող բանկից։

8. Սույն հոդվածով սահմանված կանոնները և սույն օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը դրամական պահանջի ապահովման վարույթով կիրառվում են միմյանցից անկախ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։