Անցնել բովանդակությանը
Գլուխ 9 · ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 51. Խաղային գործունեության լիցենզավորումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 51. Խաղային գործունեության լիցենզավորումը

1. Խաղային գործունեության կազմակերպման լիցենզիայի հայտ կարող է ներկայացնել այն առևտրային կազմակերպությունը՝

1) որի նշանակալից մասնակցություն ունեցող և պատասխանատու անձինք, իրական շահառուները և նրանց հետ փոխկապակցված անձինք համապատասխանում են սույն օրենքով սահմանված պահանջներին․

2) որի պատասխանատու անձն ունի օպերացիոն վկայագիր․

3) որը հայտը ներկայացնելու օրվան նախորդող վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ․

4) որը Հայաստանի Հանրապետությունում գործող բանկում ունի տարեկան պետական տուրքի գումարի կրկնակի չափով դեպոզիտի առկայություն, բացառությամբ շահումով խաղի գործունեության կազմակերպման լիցենզիա ստանալու հայտ ներկայացնողի․

5) որի խաղային արտադրանքներն ստացել են համապատասխանության սերտիֆիկատ։

2. Խաղային գործունեության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» օրենքով, սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգերով, որոնցով կարող են սահմանվել, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներից բացի, այլ պահանջներ։

3. Լիցենզիան տրամադրվում է հայտը Լիազոր մարմին պատշաճ կերպով ներկայացնելուց հետո՝ 23 աշխատանքային օրվա ընթացքում:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետը Լիազոր մարմնի որոշմամբ կարող է երկարաձգվել ևս 23 աշխատանքային օրով, եթե հայտին կից ներկայացված փաստաթղթերը պարունակում են այնպիսի տեղեկություններ, որոնք կարիք ունեն լրացուցիչ ուսումնասիրության: Երկարաձգման որոշման մասին պատշաճ ձևով տեղեկացվում է հայտատուն:

5. Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե՝

1) հայտին կից փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքների և իրավական այլ ակտերի պահանջներին, կամ դրանցում ներկայացված են կեղծ տեղեկություններ.

2) հայտատուն չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին.

3) կանոնակարգը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ իրավական այլ ակտերին, կամ դրանցում ներառված են պայմաններ, որոնք կարող են վտանգել խաղացողների շահերը, կամ հակասում են սույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին.

4) նշանակալից մասնակցություն ունեցող անձը հանդիսանում է սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված անձ, կամ 7-րդ հոդվածով սահմանված ուսումնասիրություններից պարզվում է, որ հիմնավոր կասկածներ կան ներդրվող դրամական միջոցների՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված լինելու վերաբերյալ.

5) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։