Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) անհատական կամ ընտանեկան սոցիալական միջամտության ծրագիր (այսուհետ` միջամտության ծրագիր)` սոցիալական աշխատանքի գործունեության շրջանակներում կազմված ծրագիր, որում ներկայացվում են անձի կամ ընտանիքի գնահատված սոցիալական կարիքները, կարիքների բավարարմանն ուղղված անհրաժեշտ գործողությունները, դրանց իրականացման համար նախատեսված ժամկետները, պատասխանատուների կամ հիմնական դերակատարների տվյալները, ակնկալվող արդյունքները կամ նպատակները, ինչպես նաև շարունակական կապի պահպանման (մշտադիտարկման) ժամանակացույցը․

2) անօթևան` սեփականության կամ անհատույց օգտագործման իրավունքով բնակելի տարածություն չունեցող և կացարանով ապահովելու համար դիմելու ու այն տրամադրելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տարածությունը չօտարած անձ կամ ընտանիք, որն իր կացարանի խնդիրն ինքնուրույն լուծելու հնարավորություն չունի.

3) աջակցող ցանց` սոցիալական դեպքի վարման շրջանակներում ռեսուրսների արդյունավետ ներգրավման և օգտագործման նպատակով միջամտության ծրագրերի մշակմանը և դրանց իրականացմանն ուղղված պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ներկայացուցիչների և ֆիզիկական անձանց համատեղ գործունեության ցանց.

4) աջակցության քարտ՝ քարտ, որի միջոցով անձին կամ ընտանիքին մատուցվում է օրենսդրությամբ սահմանված սոցիալական ծառայություն հատկացված դրամական միջոցների շրջանակում.

5) բռնություն՝ այլ անձի նկատմամբ դիտավորյալ ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնությունը, ֆիզիկական, սեռական կամ տնտեսական բռնություն գործադրելու սպառնալիքը, ինչպես նաև անտեսումը, որն արտահայտվում է տվյալ անձի հիմնական պահանջմունքների անտեսմամբ, անհրաժեշտ խնամքի ու հոգածության բացակայությամբ, եթե անձն ուներ դրանք տրամադրելու կամ ապահովելու պարտականություն և հնարավորություն.

6) ընտանիք` միևնույն բնակության վայրում փաստացի բնակվող անձանց ամուսնական, ազգակցական կամ խնամիական կապերի վրա հիմնված փոքր սոցիալական խումբ, որի անդամները վարում են ընդհանուր տնտեսություն և կենցաղ, իրենց ծախսերը հոգում են համատեղ, կապված են փոխօգնության կամ փոխադարձ պատասխանատվության հարաբերություններով։ Սոցիալական աջակցության ոլորտում ընտանիքին վերաբերող դրույթները (իրավունքը, պարտականությունը, պատասխանատվությունը և այլն) օրենսդրությամբ սահմանված դեպքերում տարածվում են նաև տնային տնտեսությունների վրա.

7) ընտանիքի սոցիալական գնահատումը` ընտանիքի կամ նրա առանձին անդամների տնտեսական, հոգեբանական, կրթական, առողջական, աշխատանքային, իրավական և սոցիալական այլ հարաբերություններում առկա հիմնախնդիրների, գույքային և ոչ գույքային ռեսուրսների բազմակողմանի հետազոտման գործընթաց, որն ուղղված է հայտնաբերելու, գնահատելու ընտանիքում ստեղծված իրավիճակը, ընտանիքի հիմնախնդիրները և կարիքները, դրանց միջև առկա պատճառահետևանքային կապերը կամ ընտանիքի կամ նրա առանձին անդամների հիմնախնդիրների կարգավորման և կարիքների բավարարման համար առկա, հնարավոր և անհրաժեշտ ռեսուրսները.

8) կյանքի դժվարին իրավիճակ` անձի կամ ընտանիքի բնականոն կենսագործունեությունը խոչընդոտող օբյեկտիվ իրավիճակ, որն անձը կամ ընտանիքն ինքնուրույն հաղթահարել չի կարող կամ հաղթահարում է մասնակի, և որը կարող է պայմանավորված լինել՝

ա. հաշմանդամության, տարիքի, ֆիզիկական կամ հոգեկան առողջության, ինքնասպասարկման ունակությունների կորստով, սեփական վարքագիծը կառավարելու կարողության, տեղաշարժվելու կարողության կամ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության հետ կապված խնդիրներով կամ

բ. անօգնականության կամ սոցիալական մեկուսացման կամ վնասակար սովորույթների կամ ճնշող հոգեվիճակների պատճառով առօրյա կյանքի կազմակերպման դժվարություններով կամ

գ. փաստացի առանց ծնողական խնամքի մնալու, պարտադիր կրթությունից դուրս մնալու հանգամանքով, երեխայի վարքային խնդիրների դրսևորմամբ կամ դրա առաջացման վտանգով կամ կերակրողին կորցնելու հանգամանքով կամ

դ. անօթևանության կամ որոշակի բնակության վայր չունենալու պատճառով կամ

ե. աղքատությամբ, անապահովությամբ կամ

զ. գործազրկությամբ կամ

է. բռնության կամ ընտանեկան և կենցաղային բռնության կամ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկվելու կամ հանցագործությունից տուժելու հանգամանքով կամ

ը. անձի կամ ընտանիքի հարկադիր վերադարձով, տեղահանմամբ, ապաստան հայցելով կամ նրան փախստական ճանաչելով կամ

թ. պրոբացիայի շահառու հանդիսանալու կամ ազատազրկման վայրերում գտնվելու կամ այդ վայրերից վերադառնալու փաստով կամ

ժ. երկարաժամկետ միգրանտ հանդիսանալու փաստով կամ

ժա. հրատապ արձագանք պահանջող իրավիճակով կամ

ժբ. «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նկարագրված իրավիճակների կամ արտակարգ դրության հետևանքով ընտանիքի անդամի անհայտ կորելու, ռազմական կամ արտակարգ դրության հետևանքով ընտանիքի անդամի գերեվարված լինելու կամ զոհվելու (մահանալու) հանգամանքով.

9) կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկ՝ սոցիալական, տնտեսական կամ այլ գործոնների ազդեցությամբ պայմանավորված օբյեկտիվ իրավիճակ, որի հետևանքով անձը կամ ընտանիքը կարող է հայտնվել կյանքի դժվարին իրավիճակում․

10) համայնքային սոցիալական ծրագիր՝ համայնքի կամ համայնքի մեկ կամ մի քանի բնակավայրերի տարածքային առանձնահատկությունների և առկա հիմնախնդիրների հաշվառմամբ համայնքի սոցիալական զարգացմանն ուղղված ծրագիր, որը հաշվի է առնում բնակչության գնահատված սոցիալական կարիքներն ու համայնքի ռեսուրսները և ներառում է նաև այդ կարիքների բավարարմանն ուղղված միջոցառումների ու հաջորդական քայլերի ամբողջությունը, համապատասխանում է համայնքի հնգամյա զարգացման ծրագրին, չի հակասում Կառավարության ծրագրին.

11) համագործակցության ցանց՝ սոցիալական աջակցության ծրագրերի, սոցիալական ծառայությունների տրամադրման արդյունավետության բարձրացմանը և հասցեականության մեծացմանը, դրանց ընդլայնմանը և նորերի ներդրմանն օժանդակելուն ուղղված պետական կառավարման մարմինների և համայնքների ղեկավարների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց համատեղ գործունեության ցանց.

12) հիմնական պահանջմունքներ` անձի կամ ընտանիքի բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ նվազագույն պայմանների (սննդի, հագուստի, կոշիկի, հիգիենայի պարագաների, բնակության վայրի, բժշկական օգնության և սպասարկման, միջնակարգ կրթության, բնակարանային կոմունալ ծառայությունների) ամբողջություն.

13) հրատապ արձագանք պահանջող իրավիճակ՝ որոշակի տարածքում կամ օբյեկտում բնական, կլիմայական, տեխնոլոգիական, կենսաբանական (համաճարակ, անասնահամաճարակ, բույսերի վարակիչ հիվանդություններ) վտանգավոր երևույթների, զենքի տեսակների կիրառման հետևանքով, այլ պետության զինված ուժերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժմամբ, նման ներխուժման հետևանքով Հայաստանի Հանրապետության ցանկացած տարածքի բռնազավթմամբ, այլ պետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու անմիջական վտանգի առկայությամբ, այլ պետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի ռմբահարմամբ, այլ պետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կամ այլ զորքերի վրա հարձակմամբ կամ անձի կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող, ինչպես նաև համանման այլ հանգամանքներով պայմանավորված հրատապ իրավիճակ.

14) որոշակի բնակության վայր չունեցող՝ իր կամքից անկախ հանգամանքներում որոշակի բնակության վայր չունեցող անձ կամ ընտանիք, որն իր կացարանի խնդիրն ինքնուրույն լուծելու հնարավորություն չունի՝ անկախ սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու հանգամանքից․

15) վկայագիր՝ անհատույց պետական կամ համայնքային ֆինանսական աջակցություն տրամադրելու համար որոշակի վավերապայմաններով և ձևով անվանական ֆինանսական փաստաթուղթ, որը հիմք է օրենսդրությամբ սահմանված դեպքերում վկայագիրը ստացած անձին որոշակի գույք ձեռք բերելու համար.

16) սոցիալական աշխատանք՝ սոցիալական արդարության, մարդու իրավունքների պաշտպանության, անձի նկատմամբ հարգանքի և սույն օրենքով սահմանված այլ սկզբունքների հիման վրա անձի կամ ընտանիքի կամ համայնքի սոցիալական կարիքների բավարարման, ինչպես նաև անձի կամ ընտանիքի՝ ինքնուրույնաբար խնդիրները հաղթահարելու կարողության զարգացման նպատակով իրականացվող մասնագիտական գործունեություն, որն ուղղված է կյանքի դժվարին իրավիճակի կանխարգելմանը, հաղթահարմանը, ինքնաբավ կենսագործունեության ապահովմանը, սոցիալական զարգացման, սոցիալական փոփոխության կամ սոցիալական համախմբվածության խթանմանը՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով.

17) սոցիալական աշխատանքի սուպերվիզիա՝ համագործակցային գործընթաց, որի ընթացքում սոցիալական աշխատանքի սուպերվիզորը վարչական, կրթական և աջակցային մեթոդների կիրառմամբ նպաստում է սոցիալական աշխատողի մասնագիտական աճին և նրա կողմից մատուցվող սոցիալական ծառայությունների արդյունավետության ու որակի բարձրացմանը.

18) սոցիալապես անապահով ընտանիք` ընտանիք, որի յուրաքանչյուր անդամի եկամտի, ընտանիքի կազմի և ընտանիքի այլ պայմանների հիման վրա գնահատման արդյունքով օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է սոցիալապես անապահով.

19) սոցիալական աջակցություն՝ կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելու կամ հաղթահարելու նպատակով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ դրա ռիսկում գտնվող անձի կամ ընտանիքի ինքնօգնության, ինքնորոշման ու ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու կարողությունները զարգացնելու միջոցով անձին կամ ընտանիքին գնահատված սոցիալական կարիքների կամ խոցելիության հիման վրա տրամադրվող մեկ կամ մի քանի սոցիալական ծառայություն.

20) սոցիալական աջակցության ծրագիր՝ սույն օրենքի նպատակներին և սկզբունքներին համապատասխան՝ կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելուն կամ դրա վատթարացումը կանխելուն կամ նման իրավիճակում հայտնվելը կանխարգելելուն ուղղված քաղաքականության իրագործման մեկ կամ մի քանի միջոցառումների նկարագրություն.

21) սոցիալական բնակարանային ֆոնդ` պետական, համայնքային բյուջեների կամ օրենքով չարգելված այլ միջոցներով իրականացվող ծրագրերի շրջանակում ձևավորվող բնակարանային ֆոնդի ամբողջություն, որն ուղղված է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին կամ ընտանիքին կացարանով ապահովելուն.

22) սոցիալական դեպքի վարում՝ տարբեր սոցիալական կարիքներ ունեցող անձի կամ ընտանիքի հետ սոցիալական աշխատանքի գործընթաց, որը հիմնված է սոցիալական կարիքների գնահատման վրա և ենթադրում է սոցիալական աշխատողի կողմից անձին կամ ընտանիքին սոցիալական աջակցություն տրամադրելու համակարգում և մշտադիտարկում միջամտության ծրագրի համաձայն՝ ստեղծելով արդյունավետ համագործակցություն աջակցող ցանցի մասնակիցների միջև.

23) սոցիալական ծառայություններ՝ օրենսդրությանը համապատասխան իրականացվող գործողություններ կամ միջոցառումներ, որոնք ուղղված են անձի սոցիալական կարիքների բավարարմանը կամ բնականոն կենսագործունեության ապահովմանը կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու հանգամանքների առաջացման կանխարգելմանը կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին կամ ընտանիքին այդ վիճակից դուրս բերելուն.

24) սոցիալական կարիք` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ այդ իրավիճակում հայտնվելու ռիսկ ունեցող անձի կամ ընտանիքի` իր տնտեսական, բնակարանային, հոգեբանական, կրթական, բժշկական, աշխատանքային, իրավական, խնամքի, սոցիալական հմտությունների կամ սոցիալական հարաբերությունների հետ կապված հիմնախնդիրների լուծման, պահանջմունքների բավարարման համար անհրաժեշտ ռեսուրսների, կարողությունների բացակայություն կամ ապագայում դրանց առաջացման հիմքերի առկայության հավանականություն.

25) սոցիալական հմտություն՝ արդյունավետորեն շփվելու կարողություն կամ հնարավորություն, որն անձն օգտագործում է առօրյա կյանքում այլ անձանց և կազմակերպությունների հետ հաղորդակցվելու, հարաբերություններ կառուցելու և պահպանելու, ինքնուրույն կենսագործունեություն իրականացնելու համար․

26) սոցիալական պաշտպանություն՝ ապահովագրական, աջակցող, ակտիվացնող կամ զբաղվածությունը խթանող քաղաքականությունների և ծրագրերի համախումբ, որի նպատակն է անձանց կյանքի ընթացքում կանխարգելել և պաշտպանել աղքատությունից, գործազրկությունից, խոցելիությունից, սոցիալական մեկուսացվածությունից և կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու այլ ռիսկերից.

27) տարեց` 65 տարին լրացած անձ․

28) տնային տնտեսություն՝ միևնույն բնակության վայրում փաստացի բնակվող անձանց փոքր սոցիալական խումբ, որի անդամները վարում են ընդհանուր տնտեսություն և կենցաղ, իրենց ծախսերը հոգում են համատեղ, կապված են փոխօգնության կամ փոխադարձ պատասխանատվության հարաբերություններով, ինչպես նաև միայնակ բնակվող անձ։

(3-րդ հոդվածը խմբ. 04.03.26 ՀՕ-90-Ն, փոփ., լրաց. 03.07.26 ՀՕ-354-Ն)

(03.07.26 ՀՕ-354-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։