Հոդված 30. Ընտանիքի կենսաապահովման կայունացման օգնությունը
Հոդված 30. Ընտանիքի կենսաապահովման կայունացման օգնությունը
1. Ընտանիքի կենսաապահովման կայունացման օգնությունը սոցիալապես անապահով ընտանիքի մեկ կամ մի քանի անդամներին տնտեսական կարողությունների հզորացման համար համապատասխան հմտություններ ձևավորելու, եկամտի կայուն աղբյուր ստեղծելու կամ ընտանիքի կենսապայմանները բարելավելու նպատակով տրամադրվող օգնությունն է։
2. Ընտանիքի կենսաապահովման կայունացման օգնությունը տրամադրվում է սոցիալական ծառայությունների փաթեթի ձևով, որում ներառվում են՝
1) խորհրդատվական՝ մասնագիտական կամ բիզնեսի ուղղվածության կողմնորոշման ծառայությունները.
2) ֆինանսատնտեսական գրագիտության, ծնողավարման, կենցաղավարման և այլ սոցիալական հմտությունների զարգացման դասընթացների կազմակերպումը.
3) դրամական միջոցները՝ աշխատանքային գործիքներ կամ սարքավորումներ կամ Կառավարության սահմանած այլ անհրաժեշտ գույք ձեռք բերելու կամ աշխատանքային գործունեություն (ձեռնարկատիրական գործունեություն, ինքնազբաղվածություն, վարձու աշխատանք) ծավալելու համար տարածքի նորոգման կամ վերանորոգման համար կամ աշխատանքային գործիքների կամ սարքավորումների կամ Կառավարության սահմանած այլ անհրաժեշտ գույքի տրամադրումը կամ աշխատանքային գործունեություն (ձեռնարկատիրական գործունեություն, ինքնազբաղվածություն, վարձու աշխատանք) ծավալելու համար տարածքի նորոգումը կամ վերանորոգումը.
4) ձեռնարկատիրական գործունեության ծավալման հետ կապված ծախսերի մասնակի հատուցումը.
5) ընտանիքի սոցիալական կարիքներին համարժեք օրենսդրությամբ սահմանված այլ ծառայություններ։
3. Ընտանիքի կենսաապահովման կայունացման օգնության տրամադրման համար կնքվում է պայմանագիր։
4. Ընտանիքի կենսաապահովման կայունացման օգնության տրամադրման պայմանագրում պարտադիր նշվում են՝
1) ընտանիքի կենսաապահովման կայունացման օգնության դրամական միջոցների ծախսման հնարավոր ուղղությունները, վճարման կարգը, փուլերը և դրանց ժամկետները.
2) սույն հոդվածով սահմանված հիմնական սոցիալական ծառայությունների փաթեթի կազմը, անձի կամ ընտանիքի սոցիալ-տնտեսական, աշխատանքային կարիքների բավարարմանն ուղղված համապատասխան միջոցառումները.
3) սույն մասի 2-րդ կետով նախատեսված միջոցառումների իրականացման ժամկետները, դրանց չմասնակցելու իրավական հետևանքները, անհրաժեշտ ֆինանսական միջոցները, ինչպես նաև յուրաքանչյուր միջոցառման համար վճարվող գումարի չափը, դրանց ոչ նպատակային օգտագործման իրավական հետևանքները.
4) պայմանագրի իրականացման նկատմամբ մշտադիտարկման և հսկողության կարգը.
5) Կառավարության սահմանած այլ պայմաններ։
5. Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում ընտանիքի կենսաապահովման կայունացման օգնության տրամադրման կարգը, պայմանները, շահառուների խմբերը և պայմանագրի օրինակելի ձևը հաստատում է Կառավարությունը:
(30-րդ հոդվածը խմբ. 03.07.26 ՀՕ-354-Ն)
(03.07.26 ՀՕ-354-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)